HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Անչափահաս մուրացկաններ. մուրալ ստիպողը բողոքարկում է դատավճիռը

«Չէ, Գարիկն ինձ իրենց տան 7-րդ հարկի պատուհանից չի կախել, չի ասել, որ կգցի ներքև, ուղղակի պատուհանը բաց էր, ու ինձ կանգնեցրել էր լուսամուտագոգին… Չգիտեմ` ինչի համար, էդ օրը լավ էր. փողը տվել էի, երևի ջղայնացած էր»,- պատմում է 13-ամյա Աբգարը: Նա սովորում է «Վարդաշենի» թիվ 1 գիշերօթիկ դպրոցում, իսկ 34-ամյա Գարիկ Հովհաննիսյանի մոտ տևական ժամանակ «աշխատել է» իբրև մուրացկան:

Գարիկ Հովհաննիսյանը նախկինում 2 անգամ դատապարտվել է (Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը» և «Խուլիգնաություն» հոդվածների հատկանիշներով): Աբգարից բացի, նրա հովանու ներքո մի խումբ անչափահասներ ևս զբաղվել են մուրացկանությամբ:

Այս պատմության կծիկը բացվել է այն ժամանակ, երբ հիշյալ դպրոցի մեկ այլ սան` 14-ամյա Արամը, իր գործունեության` մուրացկանության «շնորհիվ» անցյալ տարվա ամռանը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նա ներկայացրել է իր եւ Աբգարի վիճակը, ինչի արդյունքում օրեր անց կալանավորվել է Գարիկ Հովհաննիսյանը:

Նախաքննության ժամանակ անչափահասներ Արամը եւ Աբգարը հայտնել են, որ իրենց դասընկերոջ` Վարուժանենց տանը ծանոթացել են վերջինիս խորթ հոր` Գարիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկանալով, որ իրենք երբեմն զբաղվում են մուրացկանությամբ, Գարիկը 2007-2008 թթ.` տարբեր ժամանակահատվածներում, ստիպել է մուրացկանությամբ հավաքած գումարները տալ իրեն, որպեսզի վերանորոգի «տաքսու տակ քշվող» իր «Գազ 31» մակնիշի ավտոմեքենան:

«Ես չէի ուզում դպրոցում մնալ, դաս սովորել, դրա համար փախնում էի դպրոցից: Բայց չէի կարող տուն գնալ, քանի որ մայրս կզայրանար ու նորից կուղարկեր դպրոց… Գնում էի Գարիկենց տուն, որտեղ ինձ լավ են վերաբերվել, չեն պատժել կամ ծեծել. ամեն ինչ նորմալ է եղել: Ուղղակի Գարիկը ինձ և Վարուժանին բերում էր քաղաքի կենտրոն, մենք փող էինք հավաքում ու գումարը տալիս իրեն… Եղել է դեպք, որ ես հավաքել եմ 20-25 հազար դրամ, Գարիկն ուրախացել է. ինձ համար լավ ուտելիք է գնել (խորոված, գրիլ) ու ջերմ է վերաբերվել: Իսկ եթե 10 հազարից քիչ էինք հավաքում, նա զայրանում էր… Ես վախենում էի Գարիկի մարմնի վրայի «կարիճի» դաջվածքից, վախենում էի, որ նա ինձ տնից դուրս կհանի, որ կարող է զայրանա ու ինձ ծեծի, դրա համար էլ մուրացկանություն եմ արել ու գումարները տվել Գարիկին»,- քննիչի հարցերին ի պատասխան` նշել է Արամը:

Աբգարն էլ պատմել է, որ «Գարիկենց տանը մնացել է մոտ 25 օր», ամեն առավոտ վերջինս իրեն ավտոմեքենայով տեղափոխել է «աշխատավայր»` հիմնականում Ամիրյան և Աբովյան փողոցներ, իսկ գիշերը` ժամը 12-ի կամ 1-ի սահմաններում, նորից տարել է տուն: Օրական մուրացկանությամբ հավաքած մոտ 10-15 հազար դրամը տվել է Գարիկին անձամբ կամ Վարուժանի միջոցով:

«Մոտ 10-15 անգամ ես անձամբ Գարիկին փող եմ տվել: Երբ ես չէի ուզում մուրացկանությամբ զբաղվել, Գարիկը զայրանում էր և ասում` փող է պետք, գնա բեր, որ եթե չբերեմ, իմ համար շատ վատ կլինի… Ես մի անգամ ասացի, որ այլեւս նրա համար գումար չեմ հավաքելու, որից հետո Գարիկը 3 անգամ հարվածեց իմ ձեռքին և մեջքին: Ես, դրանից վատ զգալով, փորձեցի փախչել, իսկ Գարիկն իր ավտոմեքենայով եկավ իմ հետևից և թևիցս քաշելով` զոռով մտցրեց ավտոն ու տարավ տուն… Ես մուրալով հավաքած իմ փողից հունիսի 2-ին (2008 թ.) 5000 դրամով գնել եմ սպիտակ գույնի «Nokia» տեսակի հեռախոս, որը հենց այդ օրը Գարիկը վերցրեց իմ ձեռքից, և ես ինչքան էլ որ խնդրեցի, նա ասաց, որ այդ հեռախոսն ինձ հետ տվողը չի…»,- նկարագրել է 13-ամյա տղան:

Նախաքննական մարմինը Գարիկ Հովհաննիսյանին սկզբում մեղադրել է «Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու» համար: Սակայն ավելի ուշ նրան մեղսագրվող արարքը ձեւակերպվել է «Երկու կամ ավելի անչափահաս անձանց հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ պահելը» հոդվածի շրջանակներում: Այլ կերպ ասած` Գարիկի արարքը գնահատվել է իբրեւ աշխատանքային թրաֆիկինգ, որի պարագայում արդեն նրան սպառնում էր ոչ թե մինչեւ 6, այլ 7-ից 12 տարվա ազատազրկում:

«Մի 6 ամիս հետո հոդվածը փոխում, դարձնում են թրաֆիկինգ: Քննիչ Արթուր Ավետիսյանն էլ գլխիս տակ փափուկ բարձ ա դնում, բա` Գարիկ ջան, ուղղակի հիմա թրաֆիկինգ ա ներկայացվում, հետո դատարանում դուրս կգա վրիցդ: Ասում եմ` հո դու բան չե՞ս, որ փող չտվեցիր, էսօր մուֆթա տեղը հոդված հանողն ո՞վ ա»,- «Հետքի» հետ զրույցում ասում էր Գարիկ Հովհաննիսյանը:

Իրականում նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գարիկ Հովհաննիսյանի գործունեությանը զոհ են դարձել այլ դեռահասներ ևս, որի պատճառով էլ վերջինիս առաջադրված մեղադրանքը վերաորակվել է:

«Քննիչը մի հատ թրջված բոմժ վերցրել, եկել էր մեկուսարան, որ առերես հարցաքննություն աներ հետս: Ջղայնացա, քննիչին բշտեցի, ձեռքս էլ պապիրոս կար, էդ էլ տվեցի էդ բոմժի քիթ ու բերնին ու դուրս եկա: Էլի մարդ էր բերել, որ գլխիս բան սարքեն: Ասացի` գնա, ես քեզ ասելու բան չունեմ, ինչ ուզում ես, թող գրեն»,- «Հետքի» հետ զրույցում պատմում էր Գարիկ Հովհաննիսյանը:

Վերջինիս կողմից որպես «թրջված բոմժ» բնորոշվածը «Նուբարաշենի» թիվ 18 հատուկ դպրոցի սան, 16-ամյա Իգորն է: Նրա հետ միասին նախաքննական մարմնին ցուցմունք է տվել նաեւ նույն դպրոցում սովորող 12-ամյա Համլետը:

Իգորի ցուցմունքով` Գարիկն իրենց առաջարկել է մուրացկանությամբ հավաքած գումարները տալ իրեն` փոխարենը խոստանալով հոգալ իրենց մասին և թույլ տալ գիշերել իր տանը: Մոտ 20 օր իրենք այդպես էլ վարվել են:

Գարիկն պահանջել է օրական ամենաքիչը 10 հազար դրամ, իսկ պակասի դեպքում սպառնացել է, զայրացել և մի քանի անգամ ծեծել` բռունցքներով հարվածելով դեմքին և մեջքին: Վախեցրել է` ասելով. «Եթե ինձ համար փող չհավաքես, կմտցնեմ մեքենայի բագաժնիկը, կտանեմ և կգցեմ ձորը»:

«Մի անգամ հավաքել էինք 4 հազար դրամ, և Գարիկն իրենց տան մեջ ինձ ծեծեց»,- ցուցմունքում գրել է Իգորը: Իսկ Համլետը հավելել է, որ Գարիկի պահանջով Մալաթիայի մրգի և բանջարեղենի շուկայից իրենք մուրացել են նաև բնամթերքներ:

Գարիկ Հովհաննիսյանի շահերի պաշտպան (հանրային պաշտպան) Սիրանույշ Հարությունյանը նախաքննության ավարտին քննիչին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառով:

«Թե՛ սկզբում առաջադրված հոդվածով, թե՛ վերաորակվածով Գարիկ Հովհաննիսյանն անմեղ է, որովհետեւ նրա գործողություններում չկա դիտավորություն` ներգրավելու մուրացկանության մեջ, շահույթ ստանալու եւ այլն: Այդ երեխաներին, ըստ էության, ինքը չի ներգրավել մուրացկանության մեջ: Նրանց բոլորին, թափառաշրջիկությամբ և մուրացկանությամբ զբաղվելու համար, տարբեր կազմակերպություններ վերցրել են փողոցներից եւ ուղարկել գիշերօթիկ դպրոց:

Ինչ վերաբերում է գումարներին, Գարիկը չի ժխտում, որ երբ գումար է պետք եղել, ինքը երեխաներին խնդրել է, պարտքով տվել են, որը հետո վերադարձրել է: Երեխաներն իրենց ցուցմունքներում դա չեն էլ ժխտում: Մնում է մի բան` ճնշում գործադրվե՞լ է, ծեծե՞լ է, թե՞ ոչ: Գարիկը հավատացնում է, որ այդպիսի բան չի եղել»,- ասում է հանրային պաշտպան Ս. Հարությունյանը: Նա միջնորդության մեջ հատուկ ընդգծել է, որ մուրացկանությունը հակահասարակական զբաղմունք է և չի կարող դիտվել իբրև հարկադիր աշխատանք:

Փաստաբանի ինչպես այս, այնպես էլ ավելի ուշ դատարանում ներկայացրած նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել է` անհիմն լինելու պատճառով:

Այս քրեական գործում որպես տուժող է ներգրավվել նաև Գարիկի խորթ որդին` Վարուժանը: Վերջինս Գ. Հովհաննիսյանի դեմ մեղադրող ցուցմունք չի տվել: Վարուժանի օրինակին դատարանում հետեւել են նաև մյուս տուժողները` հրաժարվելով նախկինում տված իրենց ցուցմունքներից:

Դատարանը Վարուժանի ցուցմունքներն արժանահավատ չի համարել: Իսկ մյուս անչափահասներին, նրանց ծնողների դիմումների համաձայն, հարցաքննել է երկրորդ անգամ: Այս դեպքում դեռահասները կրկին պնդել են նախաքննական ցուցմունքները:

«Հետքի» հետ զրույցում Արամը դատարանում ցուցմունքից հրաժարվելը պայմանավորեց նրանով, որ դա արել է ընկերոջ` Վարուժանի և նրա մոր` Լիանուշ Միրզոյանի պահանջով: Իսկ Աբգարն էլ նշեց, թե «Գարիկը մեղքս գալիս ա, դրա համար էլ դատարանում ուրիշ բան եմ ասել»:

Ապրիլի 2-ին Կետնրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հովհաննիսյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Վերջինս ներկայացրել է վերաքննիչ բողոք:

«Եթե Վերաքննիչը ճիշտ դատի, ինձ պետք է արդարացնի, որովհետեւ իմ գործողություններում քրեորեն հետապնդելի արարք ես չեմ տենում,- համոզված է Գարիկ Հովհաննիսյանը: – Բոլորն էլ գիտեն, որ էդ երեխեքը ծաղիկ ծախող, փող մուրացող թափառաշրջիկներ են: Իրանք Լիանուշի տղու ընկերներն են, մեր տուն գնացել-եկել են, բայց ես հո մանկական տեսո՞ւչ չեմ, որ ուղարկեի դպրոց, կամ անխի՞ղճ եմ, որ հանեի գցեի փողոց: Վախտ ա եղել, ասել են` Գարիկ ապեր, մեզ մաշնով կիջացնե՞ս քաղաք, տարել եմ, կամ իրիկունը զանգել ասել են` կբերե՞ս տուն, բերել եմ: Եթե էս արածներիս մեջ հանցանք կա, թող դրա համար դատեն, ոչ թե թրաֆիկինգ դնեն վրես ու փակեն»,- ասաց Գարիկը:

Հունիսի 3-ին, դատավոր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, Վերաքննիչ դատարանում սկսվելու է Գարիկ Հովհաննիսյանի բողոքի քննությունը:

Հ. Գ. Հոդվածում բոլոր անչափահասների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter