HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հակոբյանին պետք է պարգեւատրել, ոչ թե դատել»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի քննությունը: Այսօրվա նիստում պաշտպան Մելանյա Առուստամյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել Ավետիս Պետրոսյանին, Գաբրիել Գաբրիելյանին, Հրաչյա Գրիգորյանին եւ Արամ Հակոբյանին: Պաշտպանական կողմի պնդմամբ` հիշյալ անձանց հարցաքննությամբ կապացուցվի, որ Հակոբյանը որեւէ առնչություն չունի իրեն առաջարված մեղադրանքի հետ:

Պաշտպանը հրապարակեց նաեւ իր հարցմանն ի պատասխան Հրաչյա Գրիգորյանի կողմից ուղարկված գրությունը, որում վերջինս նկարագրել է, թե ինչպես է Հ. Հակոբյանի մարտի 1-ին քաղաքապետարանի հարակից տարածքում մի դեպքում պաշտպանել «ԲՄՊ» զրահամեքենայի, մեկ այլ դեպքում` տրոլեյբուսի վարորդներին եւ ոստիկանին:

«Հակոբյանն անհանգստացած էր, մտահոգված: Նա անընդհատ հանգստացնում էր ժողովրդին, կոչ անում ոստիկանների եւ զինվորականների հետ չբախվել, կատարել նրանց պահանջները, հետ քաշվել զորքերի մոտից: Ես որեւէ կոչ, հրաման նրա կողմից զինվորների եւ ոստիկանների վրա հարձակվելու, նրանց դիմադրելու մասին չեմ լսել: Ես համարյա ողջ ժամանակահատվածում գտնվել եմ նրա կողքին եւ բացի ինձնից եւ Մելիքից (Հ. Հակոբյանի վարորդն է) նրա կողքին այլ մարդ չի եղել…

Հակոբ Հակոբյանը կատարել է իր պատգամավորի պարտքը եւ խաղարարար դեր է կատարել: Դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես սպա, որպես հայ: Հակոբյանին պետք է պարգեւատրել, ոչ թե դատել` նրա կատարած խիզախության համար: Քանի որ ամեն մարդ կամ պատգամավոր այդ պահին իրեն վտանգի չէր ենթարկի եւ չէր մտնի ժողովրդի մեջ, ինչպես խուսափել են շատերը»,- նշել է 35-ամյա Հրաչյա Գրիգորյանը, ով Հակոբյանին ճանաչում է պատերազմի տարիներից:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը միջնորդությունը բավարարեց մասնակի` համաձայնելով հարցաքննել միայն Ավետիս Պետրոսյանին:

Պաշտպանական կողմի հավաստմամբ` այս անձի հարցաքննությամբ կհիմնավորվի, որ անցյալ տարվա փետրվարի 4-ին` Հ. Հակոբյանի ղեկավարած «Ոգու փորձություն» հ/կ-ի ժողովի ժամանակ, Սասուն Միքայելյանը կամ Հ. Հակոբյանը ոչ մեկին չեն հորդորել կամ հրահանգել պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Փաստաբան Մ. Առուստամյանը մյուս 3 վկաներին հարցաքննելու համար արված միջնորդության մերժում համարեց դատավորի կողմից կողմերի հավասար, մրցակցային պայմաններում ապացույցներ ներկայացնելու իրավունքի խախտում:

Այնուհետեւ պաշտպանը միջնորդեց մարտի 1-ի իրադարձությունները պատկերող եւ գործում իբրեւ ապացույց ներառված լազերային սկավառակները հանել ապացույցների շարքից: Ըստ Մ. Առուստամյանի` տեսանյութերը մոնտաժված են: Ավելին` դրանց ընդանուր տեւողությունը ավելի քան երկուսուկես ժամ է, սակայն Հ. Հակոբյանը տեսանյութերում երեւում է մոտ 10 րոպե, եւ չկան կադրեր, որոնք ապացուցողական նշանակություն ունեն նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Փաստաբան Մ. Առուստամյանը միջնորդեց ապացույցների շարքից հանել նաեւ մարտի 1-ին եւ 2-ին Ազատության հրապարակի եւ Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքներում արված դեպքի վայրի զննության եւ լրացուցիչ զննության արձանագրությունները եւ դրանց հիման վրա նշանակված եւ իրականացված տարբեր փորձաքննությունների եզրակացությունները:

«Նախ` դրանք վերաբերելի չեն իմ պաշտպանյալին, երկրորդ` այդ զննություններն արվել են քրեադատավարական օրենսգրքի բազմաթիվ խախտումնրով»,- ասաց պաշտպանը: Նա կոնկրետ մատնանշեց մի շարք խախտումներ, որոնցից ուշագրավ էր հատկապես այն, որ 4 տարբեր քննիչների կողմից իրականացված 4 տեղազննումներին, որպես ընթերակա, մասնակցել են միեւնույն 2 անձինք, ընդ որում` նույն ժամին գտնվել են երկու տարբեր վայրերում: Կան նաեւ արձանագրություններ, որոնց տակ ընթարականների ստորագրություն ընդհանրապես չկա:

Բացի այդ, փաստաբանը նշեց, որ գործում առկա է ոստիկանապետի տեղակալի գրությունը, ըստ որի` դեպքի վայրում մինչեւ զննություն կատարելը օգտագործվել են ջրցան մեքենաներ: Հետեւաբար, ըստ Մ. Առուստամյանի, դեպքի վայրից հայտնաբերված իրերը ենթարկվել են կողմնակի ազդեցության եւ չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը որոշեց վերոհիշյալ միջնորդությունները քննարկել խորհրդակցական սենյակում` վերջնական դատական ակտ սահմանելիս, այսինքն` Հակոբ Հակոբյանի դատավճիռը կայացնելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter