HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հարկայինի թիրախում գրավաճառներն են

«Վերնիսաժի» հարևանությամբ` Բուզանդի 1/3 հասցեում, տեղակայված է Մյասնիկյանի հարկային տեսչությունը: Այստեղ որոշել են «Վերնիսաժում» օրենսդրության խախտմամբ առևտուր իրականացնողներին տեղափոխել հարկային դաշտ, և «օպերացիան» սկսել են օգտագործված գրքեր վաճառողներից` տուգանելով 8 գրավաճառի:

«Մայիսի 18-ին 6-7 մեքենայով մոտ 25 հոգի հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին գրքերը հավաքել: Մենակ տեսնեիք` ինչ շքեղ մեքենաներով էին եկել, նույնիսկ դրանց բեռնախցիկներն էին ափսոս, որ մեր մաշված ու գրքերով լցված կեղտոտ արկղերը պետք է տեղափոխեին: Միակ բանը, որ ասացին, թե` եկեք հարկային, պարզելու բան կա»,- պատմում է գրավաճառ Ռաֆիկ Պողոսյանը:

«Արդեն հարկայինում ամեն մեկիս տարբեր սենյակներ տարան, թուղթ տվեցին, թե` գրիր, որ ապօրինի ես գիրք ծախում և մինչեւ հարկային դաշտ մտնելը, գործունեությունդ կդադարեցնես: Ծիծաղելով, համոզելով թելադրեցին, բոլորս էլ հավատացել ու գրել ենք. ո՞ւմ մտքով կանցներ, որ կարող են խաբել»,- հավելում է գրավաճառ Վարդգես Սիմոնյանը:

«Ոչ ոք ոչ մեկին ոչ մի բան չի թելադրել: Պարզապես նրանցից հայտարարություն է վերցվել իրենց գործունեությամբ զբաղվելու ժամանակաշրջանի և ստացած եկամուտների վերաբերյալ, որի հիման վրա էլ արձանագրվել է տուգանք վճարելու պարտավորության չափը»,- հավաստիացնում է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի տեղակալ Մարտիկ Վարդանյանը:

«Կոնկրետ ինձ տեսուչ Արթուր Բոյաջյանն է թելադրել, և այդ ընթացքում ես մի քանի անգամ հարցրել եմ` կարո՞ղ է տուգանեք: Ասում էր` չէ, մի վախեցիր, ես ինչ ասում եմ, դու էն գրիր, թե չէ պետը չի ընդունի, ուղղակի նախազգուշացնում ենք, տուգանք-մուգանք չկա: Բայց հենց գրածս թուղթը վերցրեց ձեռքը, բա` գիտես, պիտի մի թեթև` 100-150 հազար դրամով տուգանենք»,- պատմում է գրավաճառ Ռ. Պողոսյանը: Նա տուգանվել է 102 հազար դրամով:

Հարկային տեսչության պետի տեղակալի խոսքերով` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի համաձայն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, «Վերնիսաժում» առեւտուր իրականացնողները պետք է ունենան պետական գրանցում: Սակայն շատերը, այդ թվում` գրավաճառները, խախտելով օրենսդրությունը` առեւտրային գործունեություն են ծավալում շաբաթվա գրեթե բոլոր օրերին` առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ինչի պատճառով էլ վերջիններս տուգանվել են:

«Մենք տարիներով այստեղ աշխատում ենք, պարտաճանաչ կերպով «Վերնիսաժի» տնօրինությանը` «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ին, վճարել ենք օրավարձը (շաբաթ-կիրակի 1000, մյուս օրերին` 500 դրամ) եւ ոչ մի պրոբլեմ չենք ունեցել. բոլոր հարցերն իրենք լուծել են: Հարկայինը մեզնից ընդամենը 50 մ է հեռու: Դժվա՞ր էր, կարող էին նույնիսկ ոտքով գալ եւ կես բերան զգուշացնել այդ օրենքի մասին, ու եթե կխախտեինք, նոր կտուգանեին»,- ասում է 118 հազար դրամով տուգանված գրավաճառ Սուրեն Սարգսյանը:

Ութ գրավաճառները տուգանվել են 80-ից 290 հազար դրամով: Ամենաշատ` 290 հազար դրամով տուգանվածը` Արթուր Դեմիրճյանը, արդեն դիմել է դատարան: Մյուսները նշում են, որ բողոքներով արդյունքի չհասնելու դեպքում իրենք էլ են դիմելու դատարան, քանի որ «ավելի լավ է այդ գումարը տան փաստաբանին, քան անարդար կերպով վճարեն հարկայինին»:

«Եթե երկուշաբթիից ուրբաթ «Վերնիսաժում» ինչ-որ բան վաճառելն ապօրինություն է, ո՞նց հասկանանք, որ միայն մենք` գրավաճառներս ենք տուգանվել: Ինչո՞ւ նույն օրենքը չի տարածվում մյուսների վրա: Թե՞ մենք անպաշտպան, օրվա հացով ապրողներ ենք, ու հետներս ինչպես կուզեն, կվարվեն»,- հարցնում է Ս. Սարգսյանը:

«Մի անկյունից պետք է սկսեինք, չէ՞: Կապ չունի` աջից, թե ձախից, վերևից, թե ներքևից: Ողղակի առաջինն իրենք` գրավաճառները, հանդիպեցին»,- ասում է հարկային տեսչության պետի տեղակալ Մ. Վարդանյանը: Ինչ վերաբերում է զգուշացմանը, ապա վերջինիս խոսքերով` «Վերնիսաժի» բոլոր վաճառականները, մինչ հիշյալ 8 անձանց տուգանվելը, երկու անգամ` բանավոր եւ գրավոր զգուշացվել են, որ եթե շարունակեն աշխատել առանց պետական գրանցման, կենթարկվեն համապատասխան պատասխանատվության:

Էրիկ Գաբրիելյանը «Վերնիսաժում» վաճառում է հուշանվերներ: Նրա վաճառասեղանը գտնվում է տուգանված գրավաճառների տաղավարների հարեւանությամբ: Մայիսի 18-ին Էրիկն ականատես է եղել, թե ինչպես են իր հարեւանների գրքերը բռնագրավում:

«Ինձ պարզապես զգուշացրին, որ հուշանվերնես հավաքեմ: Մյուս օրն էլ եկան (հարկայինի տեսուչները) ու վաճառողներին թռուցիկներ բաժանեցին` առաջարկելով դադարեցնել գործունեությունը կամ ձեռք բերել անհատ ձեռներեցի կարգավիճակ: Դրանից առաջ ընդհանրապես զգուշացում չի եղել, ոչ մի թռուցիկ չեն բաժանել»,- ասում է Էրիկ Գաբրիելյանը:

Նա նշում է, որ չունի այն հարցի պատասխանը, թե ինչու են տուգանվել միայն գրավաճառները: Սակայն «Վերնիսաժի» որոշ առեւտրականներ, իրենց անունները չհրապարակելու պայմանով, վստահեցնում են, որ դրա պատճառը Մյասնիկյանի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի «վրեժխնդրությունն» է: Ըստ վերջիններիս պատմածների` Ա. Արզումանյանի հարցերին ի պատասխան` գրավաճառներից Էդիկ Մեսրոպյանը հանդգնել է պատասխանել ոչ այն տոնով, ինչին հետեւել է «հարկային տեռորը»:

Աշոտ Արզումանյանի տեղակալ Մ. Վարդանյանն այս խոսակցությունը որակում է իբրև հերյուրանք: Այն հերքում է նաև 85 հազար դրամով տուգանված Էդիկ Մեսրոպյանը:

«Արզումանյանն ինձ հարցրեց` որ առեւտուր ես անում, թուղթ ունե՞ս: Ես էլ պատասխանեցի, որ փողը տալիս ենք «Վերնիսաժի» տնօրինությանն, ու մեզ ասել են, որ իրենք բոլոր հարցերը կլուծեն»,- ասում է Էդիկ Մեսրոպյանը:

««Վերնիսաժի» տնօրինությունը»` «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի տնօրեն Հարութ Նավասարդյանը, մեզ հետ հեռախոսազրույցում միայն նշեց, որ խնդրին կարգավորում տալու համար նամակով դիմել է կառավարությանը: Նա խոստացավ մեր հարցերին պատասխանել առերես, բայց հանդիպման օրը «մեկնել էր քաղաքից դուրս»:

Գրավաճառները դիմում-բողոք են գրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին` խնդրելով չեղյալ համարել իրենց նկատմամբ նշանակված տուգանքը, միաժամանակ խոստանալով` ձեռք բերել համապատասխան լիցենզիա գործունեության հետագա իրականացման համար: Բայց Պետեկամուտների կոմիտեից ստացել են, իրենց խոսքերով` ոչինչ չասող անիմաստ մի գրություն: Դրանում նշված է, որ «առանց պետական գրանցման իրականացված գործունեությունը դիտվում է որպես ապօրինի և առաջացնում է պատասխանատվություն` տուգանքի նշանակման եղանակով, որից ազատվելը համարվում է հարկային արտոնության սահմանում, իսկ արտոնությունները սահմանվում են օրենքով»:

«Դիմեցինք նաև պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Նրա միջնորդությամբ հանդիպեցինք Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալին` Արմեն Ալավերդյանին: Նա ոչ մի լուրջ բան չասաց, ուղղակի դասախոսություն էր կարդում, որ բոլորը, այդ թվում նաև կարտոֆիլ և ռեհան ծախողները, պետք է մտնեն հարկային դաշտ»,- պատմում է Ռաֆիկ Պողոսյանը:

«Խնդիր չկա, կարող ենք ընդառաջել եւ կազմել ժամանակացույց, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տուգանքը վճարել մաս-մաս: Կարող ենք օժանդակել նաև վարչական պատասխանատվությունից ազատելով, եթե ժամանակին մուծումները կատարեն»,- ասում է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի տեղակալ Մարտիկ Վարդանյանը:

Գրավաճառներն էլ նշում են, որ հարկայինում տուգանքը վճարելու համար իրենց ժամանակ են տվել մինչեւ հուլիսի 1-ը, հակառակ դեպքում սպառնացել են ենթարկել վարչական պատասխանատվության` հավելյալ գանձելով 30 հազար դրամ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter