HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ամերիկահայ գործարարի սպանության փաստով հետախուզվում է երկու անձ

«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության համար, կալանավորված անձից բացի, կան նաև հետախուզվողներ, ընդ որում` նրանցից մեկը, «Հետքի» տեղեկություններով, կասկածվում է սպանության մեջ անմիջական մասնակցություն ունենալու համար:

Ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատեց այն տեղեկությունը, որ այս գործով կան հետախուզվողներ` մանրամասնելով, որ նրանք երկուսն են:

Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին:

Բերբերյանին սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա ընկերը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանը:

«Իհարկե, միջոցներ ձեռնարկվում են հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց փոխոստիկանապետը` նշելով, որ թեև հանցագործության դրդապատճառների «հիմնական մասը ճշտված է», այնուամենայնիվ, քննությունը շարունակվում է նաև «դրդապատճառների բացահայտման մասով»:

Գործի քննությունը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնի վարույթում: Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, պատասխանելով «Հետքի» հարցերին, մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ «սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել» և այն «ուղիղ կապված է եղել գործարարի բնակարանում առկա թանկարժեք իրերին եւ գումարին տիրանալու հետ»: Բերբերյանի բնակարանի գողոնի ընդհանուր չափը համարժեք է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին:

«Հետախուզվողներն անպայման կհայտնաբերվեն, հուսով եմ, և կենթարկվեն պատասխանատվության»,- ասում է ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter