HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանը ներկայացրել է նախընտրական տնտեսական ծրագիրը

Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն

Նախընտրական ծրագիր

«Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը
բոլորովին նոր կոնցեպտ է, մոդել, որը ես առաջ եմ քաշում իբրև ՀՀ նախագահի թեկնածու
ՀՀ 2013թ. նախագահական ընտրություններում: Նրանում տեղ են գտել նաև նախկինում
իմ կողմից ղեկավարած «100 քայլ» ծրագրի մի շարք առանցքային կետեր։

 

Ծրագրի նպատակները

 

 Ցուցանիշներ 

 Չափի միավորը 

 Միջին տարեկան
հավելաճը 

 2012 

 2017 

ՀՆԱ ֆիզիկական ծավալը

մլրդ դոլար

11-12%

10.4

17.2

ՀՆԱ հաշվի առած դոլարի միջ տար-ն
արժեզրկումը 3%

մլրդ դոլար

14-15%

10.2

20.2

ՀՆԱ ֆիզիկական ծավալը

մլրդ դրամ

11-12%

4136

7224

ՀՆԱ հաշվի առած դրամի միջ տար-ն 
արժեզրկումը 5%

մլրդ դրամ

16-18%

4136

8687

Սղաճ

%

5

-

27.6

Պետական բյուջեի եկամուտներ

մլրդ դոլար
մլրդ դրամ

19.2
21.2

2.19
912

5.27
2385

Պետբյուջեի եկամուտներ /ՀՆԱ

%

-

22.05

27.45

Փոխարժեք

դրամ

-

397

430

Արտահանում

մլն դոլար

19

1408

3105

Ներմուծում

մլն դոլար

6%

4234

5666

Միջին աշխատավարձ

դոլար
հազ. դրամ

14%
16%

302
118

581
247

Միջին աշխատանքային կենսաթոշակ

դոլար
հազ. դրամ

23%
25%

78
31.2

220
95

Նվազագույն աշխատավարձ

հազ. դրամ

28%

32.5

111

 

Սոցիալական համերաշխության մոդելը

1. Սոցիալական արդարության մոդելի հիմքը բնակչության ազատ տեղաշարժի հնարավորությունն է սոցիալական մի խմբից մյուսը։ Խնդիրն այն է, որ ցանկացած չունևոր իրավունք ունի հասարակությունից ակնկալելու իր սոցիալական կարգավիճակը փոխելու գործողությունների ազատություն։ Ցանկացած չունևոր իրավունք ունի համապատասխան ջանքերի պարագայում անցնելու միջին կամ հարուստ խավ։ Ցանկացած հարուստ իր հարստության ավելացման ճանապարհին պարտավոր է թույլ չտալ չունևորների վիճակի վատացում։ Մակրոտնտեսական կառավարման մոդելը պետք է այնպիսին լինի, որ չքավորները պետք է ազատորեն մուտք գործեն միջին, իսկ ապա նաև հարուստ խավի սոցիալական տիրույթ։ Տնտեսական քաղաքականությունը պետք է բացառի կամ նվազագույնի հասցնի մեկի հարստացումը մյուսի հաշվին։ Հարստության կուտակումը հնարավոր պետք է լինի միայն ազատ մրցակցության պայմաններում։ «Տնտեսական էլիտաների բնականոն փոփոխությունը» առավելագույնը 2-2,5 տասնամյակի ընթացքում սոցիալական համերաշխության հիմքերից մեկն է։ Այս խնդիրը կպահանջի օրենսդրական դաշտի վերաձևում, ինչը հիմնականում կավարտենք 3 տարում։

2. Սոցիալական արդարության (համերաշխության) մոդելի մյուս բաղադրիչը եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանումն է։ Այսպես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը, միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 37-40%-ը, Ջինիի գործակցով անհավասարությունները սպառման և եկամուտների մասերով պետք է կազմեն համապատասխանաբար` 0.235 և 0.315։ Նման մոտեցումը թույլ կտա, որպեսզի թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք չունենան կենսամակարդակի հարաբերական վատթարացում։ Կենսամակարդակի բացարձակ չափը դրանով իսկ կախված կլինի տնտեսական աճից։ Ընդ որում շատ կարևոր է հետևյալ անհավասարության պահպանումը. միջին աշխատավարձ «նվազագույն աշխատավարձ» միջին կենսաթոշակ։ Այս խնդիրը կլուծենք 1.5 տարվա ընթացքում։ 

3. Սոցիալական արդարության մոդելի մյուս բնութագրիչը ինքնազբաղվածության աճն է. ոչ թե աշխատատեղ են ստեղծում մարդկանց համար, այլ, նախևառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան զբաղվածություն (աշխատատեղ)։ Պետությունը կվճարի ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Բացի այդ, պետական կարևորագույն ծրագրերի շուրջ կլաստերային աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է նպաստի զբաղվածության աճին։ Սա մշտական հոգս է, այն կլինի մեր ամենօրյա գործունեության հիմնաքարը։

4. Սոցիալական արդարության մոդելի իրականացման հիմնական գործիքակազմն են. պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը (ինչքան շատ ես վաստակում, այնքան շատ ես վճարում), գործարարության շեմը, վարկերի հասանելիությունը և պետական աջակցության մասշտաբները։ Ընդ որում առկա է եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակ։ Որոշակի սահմանից սկսած այս կամ այն գործունեության (բիզնեսի) ընդլայնումը պետք է տնտեսապես նպատակարհարմար չլինի (բացառությամբ, եթե ապրանքներն ու ծառայություններն արտահանվում են), տրոհվի կամ իր տեղը զիջի փոքր ու միջին բիզնեսին։ Այս խնդիրը կլուծենք 2 տարվա ընթացքում։ 

5. Սոցիալական մոդելի մյուս բաղադրիչը սերունդների միջև համերաշխությունն է։ Խնդիրը սերունդների միջև եկամուտների վերաբաշխման օպտիմալ համամասնությունների կիրարկումն է։ Մասնավորապես, միջսերնդային խնամքի, օգնության ծավալները չպետք է ապախրախուսեն տնտեսության զարգացումը։ Միևնույն ժամանակ ավագ սերունդը պետք է ապահով ծերության հնարավորություն ունենա։ Հավասարապես անընդունելի են ինչպես սեփական ծերությունը սեփական խնայողություններով ապահովելու, այնպես էլ` եկամուտների վերաբաշխումը բացառապես պետական լծակների հաշվին լուծելու մեխանիզմների կիրարկումը։ Այս կետի իրականացումը (հիմնականում) հնարավոր է 5, ամբողջությամբ՝ 7-8 տարվա ընթացքում։ 

6. Սոցիալական արդարության մոդելի գոյության պարտադիր պայմանն է տարբեր մասնագիտությունների հավասար գնահատումը։ Չպետք է թույլ տալ մասնագիտական դիսկրիմինացիա։ Օրինակ, աշխատավարձը ֆինանսական ծառայությունների ոլորտում 3 անգամ բարձր է, քան տնտեսության մյուս ճյուղերում։ Միևնույն ժամանակ, այս ոլորտի մասնագետներ պատրաստելը շատ ավելի էժան է։ Պետությունը պետական ոլորտի ֆինանսական մասնագետներին վճարում է 6 անգամ ավելի, քան մյուս ոլորտների մասնագետներին։ Սա ապահավասարակշռում է աշխատանքային շուկան, հանգեցնում կրթական ռեսուրսների փոշիացմանը, նպաստում արտագաղթին։ Այս խնդիրը կլուծենք 8-10 տարվա ընթացքում, իսկ հիմնական փոփոխությունները կլինեն արդեն առաջիկա 3 տարիների ընթացքում։ 

7. Սոցիալական արդարության մոդելի վերջին բաղադրիչը երկրի ներսում մարզերի համեմատաբար հավասարաչափ զարգացումն է։ Մարդը պետք է հնարավորություն ունենա վաստակելու ու բարեկեցիկ կյանք ունենալու` անկախ նրա բնակության վայրից։ Պետք է հասկանալ. «Հայաստանը միայն Երևանը չէ, իսկ Երեւանն էլ միայն Կենտրոնը չէ»։ Անհամաչափ զարգացումը այս փոքր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած համախառն մարզային արդյունքը մինչև 5 անգամ (Տավուշի մարզ) տարբերություն է տալիս Երևանի համեմատությամբ։ Արդյունքում՝ առկա է ահռելի ներքին միգրացիա։ Ամեն տարի վերանում է 15-20 գյուղ։ Գյուղատնտեսական հողահանդակները չեն օգտագործվում։ Դրան զուգահեռ Երևանում գերծանրաբեռնված են ենթակառուցվածքները, ինչը թանկացնում և անմրցունակ է դարձնում այստեղ արտադրվող՚ ապրանքներն ու ծառայությունները։ Սա երկարաժամկետ խնդիր է և պետք է լինի մեր ամենօրյա գործունեության ուշադրության կենտրոնում։ Արդեն 5 տարի հետո իրավիճակը կշտկվի։ Այդ ընթացքում ներքին միգրացիան կկրճատվի 3 անգամ։ Այդ ամենին զուգահեռ առանձին աջակցություն է պետք ԼՂՀ և հարակից տարածքների բնակեցմանը։ Պետք է բարձրացնել սիրիահայության խնդիրը, նրանց բոլորին (շուրջ 200 հազ. մարդ) և Ադրբեջանից գաղթած հայերին ապահովելով բնակարանով ու աշխատանքով նշված տարածքներում (այսպես կոչված` «Նոր Հալեպ» ծրագիրը)։ Ամեն մի վերաբնակեցված ընտանիքին տրամադրել 50 000 դոլար նշված տարածքներում` առնվազն 5 և 120000 դոլար` 10 տարի ապրելու և աշխատելու համար։

Բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ

8. Կենսաթոշակների արագացված բարձրացում

2008-2012թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու բան. ա) միջին կենսաթոշակը (2012թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 26 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), բ) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված (մինչև 1.5 անգամ) բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ։ 2017թ կենսաթոշակները կկազմեն միջին աշխատավարձի 38%-ը։ 

9. Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում 

Կառավարության կողմից ներդրման փուլում գտնվող կուտակային կենսաթոշակային համակարգը կենթարկվի լուրջ փոփոխությունների։ Նախ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%-ը պետք է ներդրվի հանրապետության ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Պետությունն այստեղ պետք է որոշակի եկամտաբերություն երաշխավորի։ Երկրորդ` կարգելվի այդ միջոցները իբրև ավանդ օգտագործելը։ Երրորդ` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նկատմամբ պահանջները կիջեցվեն 3 անգամ։ Չորրորդ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ձևավորումը կիրագործվի այսպես` 5 տոկոս աշխատողը և 5 տոկոս` գործատուն։ Պետությունը կվճարի միայն այն դեպքում, երբ ինքը գործատու է։ Այս միջոցառումները կիրականացնենք անմիջապես ընտրվելուց հետո։ 

10. Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացում 

2012թ. սկզբներին Հայաստանի տնտեսության 52%-ը գտնվում է 44 ընտանիքի ձեռքում, 26%-ը՝ 220 հազ. գյուղացիական, 65 հազար ՓՄՁ-երի, անհատ ձեռներեցների ձեռքում, 19%-ը Ռուսաստանի և 3%-ը այլ օտարերկրացիների ձեռքում։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը, հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականներն են։ Ընդամենը մեկ տարում հարկային դաշտի փոփոխության արդյունքում կսկսվի ՓՄՁ-երի բումը։

11. Տնտեսական ռեսուրսների ապակենտրոնացում 

Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի հարստության գերկենտրոնացումը մեղմելու ուղղությամբ։ Հարստության նման կենտրոնացումը պարզապես անհնարին է դարձնում Հայաստանի հետագա գոյությունը։ Ավելորդ է դառնում խոսել ընտրական համակարգի գոյության մասին. Իշխանությունները հասկանում են, որ նախընտրական կաշառքները «գործուն» մեխանիզմ են դառնում միայն բնակչության ծայրահեղ աղքատության և սոցիալական բևեռացման պայմաններում։ Ակնհայտ է, որ առկա է ուղղակի կապ աղքատության բարձր մակարդակի և կոռուպցիայի ու ստվերային տնտեսության միջեւ։ Պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրմամբ աստիճանաբար պետք է էականորեն մեղմացնել հարստության նման կենտրոնացման մասշտաբները։ Դրա շնորհիվ արդեն 2013թ.-ին տեղի կունենա աղքատության ավելի քան 5% կրճատում։ 2013-2017թթ. ընդհանուր աղքատության ցուցանիշը 35%-ից կիջնի առնվազն 15-ի, իսկ ծայրահեղ աղքատները` ոչ ավելի քան 2%։ Շուրջ 2.5 անգամ կպակասեն աղքատության խորությունն ու սրությունը։ 

12. Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունում, աշխատողների իրավունքների ամրապնդում 

2005թ. ընդունած աշխատանքային օրենսգիրքը ոչ մի աղերս չունի աշխատավորների շահերի պաշտպանության խնդրի հետ։ Գործատուներն աշխատանքից ազատում են ում ուզում են և երբ ուզում են։ Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունմամբ պետք է էականորեն կրճատել գործատուների` մարդկանց աշխատանքից ազատելու իրավունքները։ Մասնավորապես, պետք է արգելել աշխատանքային որակավորման պատճառաբանությամբ մարդուն աշխատանքից ազատելը։ Գործատուն աշխատողի որակավորման մակարդակը չպետք է որոշի ինքնուրույն ատեստացիա անցկացնելով, այլ պետք է դիմի աշխատանքի պետական մարմնին։ Այս խնդիրը կլուծենք մեկ տարվա ընթացքում։

13. Աշխատանքային պայմանագրերի կարգավորում

Մարդուն աշխատանքի պետք է ընդունել աշխատանքային պայմանագրով, որտեղ պարտադիր պետք է թվարկված լինեն նրա աշխատանքային պարտականությունները։ Յուրաքանչյուր աշխատողի համար պարտադիր կարգով աշխատանքային պայմանագրին պետք է կցել երկկողմանի ստորագրած աշխատանքային մանրամասն նկարագրությունը։ Հրամանով մարդուն աշխատանքի ընդունելու և ազատելու պրակտիկան պետք Է վերացնել։ Խնդիրը կլուծենք անմիջապես` անցնելով ՀՀ Նախագահի պարտականությունների կատարմանը։

14. Գործազրկության նպաստի տեւողության երկարացում 

Աշխատանքից ազատելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը պետք է սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս (ներկայիս 1-2 ամսվա փոխարեն)։ Հարցը կկարգավորենք անմիջապես։

15. Ծնելիության խրախուսում 

Երեխաների ծնունդի միանվագ նպաստը պետք է սահմանել 0,5 մլն դրամ։ Երրորդ երեխայից սկսած մայրերին պետք է վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած` 1,5 մլն. դրամ։ 30-50 տոկոսով պետք է ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն նախատեսել հայրերի համար։ Այս որոշումը կընդունենք անմիջապես։

16. Առողջապահության բնագավառում անցում հավաստագրային ֆինանսավորման

Պետությունը առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է անցնի հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնա՚րկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունցող քաղաքացիները։ Ներկայումս այս մեթոդը կիրառվում է միայն ծննդօգնության ու ծննդաբերության դեպքում (այն առաջարկված է եղել մեր կողմից սրանից 10 տարի առաջ, իսկ ապա ՀԱԿ «100 քայլ» ծրագրում)։ Մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 2.5%-ը (ներկայումս 1.57%՝ 65 մլրդ դրամ)։ Արդյունքում, նկատի ունենալով նաև մասնավոր տրանսֆերտները, առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 5-5.5%-ը։ Ընդամենը 3 տարի է պետք այս լայնամասշտաբ բարեփոխումների համար։ 

17. Առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխում

Առողջապահության ոլորտում պետք է անցնել պետական պատվերի մրցութային տեղաբաշխման։ Միայն հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից։ Այս խնդիրը կլուծենք արդեն 2013թ.-ին։

18. Կրթության հավաստագրային ֆինանսավորում 

Պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է իրականացնել կրթության (տարրական և միջնակարգ) հավաստագրային ֆինանսավորում։ Պետք ֆինանսավորվեն ոչ թե դպրոցներն ու կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Երեխաների ծնողները 2013-2014թթ. ուսումնական տարվա հավաստագրերը կստանան արդեն 2013թ.-ի հունիսին։ Դրանից հետո նրանք ի վիճակի կլինեն մինչև սեպտեմբեր որոշել, թե որ դպրոցում կամ կրթօջախում պետք է ուսանի իրենց երեխան։ Տարածքային սկզբունքով երեխաների ամրագրումը դպրոցներին կվերացվի։ 

19. Գիտելիքների չեզոք գնահատման սկզբունքի կիրարկում 

Կրթության բնագավառում (դպրոցներ և բուհեր) պետք է արգելել տվյալ առարկայի գծով գիտելիքների գնահատումը այն ուսուցիչների (քննությունների մասով), դասախոսների կողմից, որոնք դասավանդել են այն։ Գնահատումը պետք է իրականացնեն ուրիշները, որոնք տվյալ աշակերտին կամ ուսանողին չեն դասավանդել։ Ավելի նպատակահարմար է, հնարավորության դեպքում, բոլոր տեսակի քննությունների ֆորմալիզացիան և համակարգչայնացումը։ Աշակերտը պետք է սովորի մի դպրոցում, բայց տարեվերջի ու ավարտական քննությունները հանձնի մեկ այլ դպրոցում։ Այս մեխանիզմը կրթության ոլորտում կներդնենք 5 տարվա ընթացքում։

20. Կրթական ծախսերի շեշտակի աճ 

Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը պետք է սահմանել ՀՆԱ-ի 3.2%-ի չափով՝ առաջիկայում 4 տոկոսին անցնելու հեռանկարով (ներկայումս 2.8%՝ 105 մլրդ դրամ)։ Այս խնդրի լուծումը կիրականեցնենք 2014-2015թթ. ընթացքում։

21. Բարձրագույն կրթության ծախսերի շեշտակի աճ 

Օրենքով կսահմանենք բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 0.8 տոկոսի չափով (այդ թվում` կրթության ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ)։ Խնդիրը կլուծենք երեք տարում՝ 2014թ.` 0.4%, 2015թ.` 0.6%, 2016թ.` 0.8%)։ 

22. Գիտության տեղափոխում համալսարաններ եւ ֆինանսավորման գրանտային համակարգի հաստատում 

Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով։ Գիտության զարգացմանը պետք է հատկացվի ՀՆԱ առնվազն 1 տոկոսը (2012թ. գիտությանը հատկացված էր 10.1 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 0.24 տոկոսը)։ Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով։ Խնդրի լուծմանը ձեռնամուխ կլինենք անմիջապես։

23. Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ներկայացվող վճարների վերահսկում 

Պետք է սահմանվեն բնակչությանը մատուցվող ծառայությունների հստակ ստանդարտներ։ Այսպես, գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները պետք է զրկվեն միայնակորեն հաշվիչներն ու ցուցիչները բացելու ու կնքելու իրավունքներից։ Վերջիններիս վրա պետք է լինի 2 կնիք. ընկերությանն ու սպառողինը։ Նրանք առանց մեկ մյուսին թույլ տալու չեն կարող ինքնուրույնաբար բացել հաշվիչների կապարակնիքները։ Սպառողը վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվությունը պետք է ստանա գրավոր հաշվի ձևով, ուր պետք է պահպանված լինեն բոլոր ռեկվիզիտները, սպառված ծառայության ծավալը, գինը և վճարման ենթակա գումարը։ Հարցը կլուծենք մեկ տարվա ընթացքում։ 

Շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter