Մատչելի ուղեցույց դիմորդների համար
Դիմորդների գործը հեշտացել է. Dasaran.am կրթական ծրագիրը իր կայքէջում նոր բաժին է բացել, որը կօգնի կողմնորոշվել դիմորդներին բուհ ընդունվելիս:
Շուրջ 3 տարի գործող կայքէջն ուղեցույց էր դպրոցականների, նրանց ծնողների, ինչպես նաև ուսուցիչների համար, ովքեր դժվարությամբ էին հարմարվում գնահատման նոր համակարգին: Այժմ կայքէջում բացվել է «Դիմորդի անկյուն» բաժինը, որտեղ բուհ ընդունվել պատրաստվողները կարող են գտնել իրենց հետաքրքրող գրեթե ողջ ինֆորմացիան: «Ընդունելություն» բաժնում դիմորդները հնարավորություն կստանան ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացներին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:
«Առարկայական ուղեցույց և թեստեր» բաժնում առկա են ընդունելության միասնական քննության առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները:
«Օրենսդրություն» բաժինը հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին: Հետաքրքրական է նաև «Մասնագիտական ուղեցույց» բաժինը, որտեղ, ընտրելով քննական առարկան, դիմորդները կարող են կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Այս բաժինը գործում է հետևյալ կերպ՝ եթե դիմորդը լավ է տիրապետում, օրինակ, անգլերեն լեզվին, վատ չէ մաթեմատիկայից և սիրում է պատմությունը, ապա կարող է որոնման մասում նշել այդ առարկաները, իսկ համակարգն արդեն կտա այն բուհերի և դրանցում գործող ֆակուլտետների ցանկը, որտեղ ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել տվյալ առարկաներից: Կայքէջում կարելի է նաև ինֆորմացիա գտնել այն առարկաների մասին, որոնց գնահատականները փոխանցվում են դպրոցից:
«Դիմորդի անկյուն» բաժնում առկա է ինֆորմացիա ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր բուհերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կայքէջը համագործացում է պետական կառույցների՝ Կրթության և գիտության նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի եւ Կառավարության հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել