Տիգրան Սարգսյանի հարցազրույցը CNN հեռուստաընկերությանը
CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում է.
Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:
2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:
Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:
Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:
Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները:
Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:
Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, և մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:
Կարո՞ղ եք ասել նույնը նաև Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
Թուրքիան 80 մլն սպառող և մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում` հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:
Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ:
Թարգմանությունն անգլերենից` ոչ պաշտոնական
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել