
ՊԵԿ-ի պարզաբանումը «Հետքի» հրապարակման վերաբերյալ
Ի պատասխան «Հետք» շաբաթաթերթի հունիսի 9-ի` «10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց» վերտառությամբ հրապարակման, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2011թ-ի մայիսի 28-ին Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արթուր Էժդարյանին պատկանող տաղավարից իրականացվել է հսկիչ գնում` 40000 դրամի չափով: Հսկիչ գնումն իրականացվել է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի` 2011թ-ի մայիսի տասի թիվ 2604359 հանձնարարագրի համաձայն:
ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ նշված 40 հազար դրամ գումարը տրվել է որպես կանխավճար` սղոցի կտրիչի գնման նպատակով, որի դիմաց գումարը չի մուտքագրվել և չի տրամադրվել դրամարկղային կտրոնը` խախտելով ՀՀ կառավարության 26.08.04թ-ի թիվ 1325-Ն որոշման 19 կետի բ) ենթակետի պահանջները և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ետ չի վերադարձվել հսկիչ գնման գումարը: Մայիսի 30-ին հսկիչ գնման արձանագրությունը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է ձեռնարկատիրոջն, իսկ մայիսի 31-ին` տուգանք` 150000 դրամի չափով:
Հրապարակման մեջ նշված է, որ հսկիչ գնումն իրականացվել է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի 2011թ-ի մայիսի 10-ի հանձնարարագրի համաձայն, և հենց այս հանձնարարագրում որպես ուսումնասիրության ժամկետ տրվել է 10 աշխատանքային օր, իսկ հարկային տեսուչները ուսումնասիրությունն արել են մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց հինգ օր անց: Այս պնդումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հանձնարարագիրը տրվել է մայիսի 10-ին, իսկ ստուգումը սկսվել է 2011թ-ի մայիսի 20-ին, ուսումնասիրության 8-րդ օրը` մայիսի 28-ին արձանագրվել է խախտումը: Ուստի իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ հարկային տեսուչները, խախտելով օրենքը, ուսումնասիրությունն իրականացրել են ժամկետը սպառվելուց հետո:
Ինչ վերաբերում է այն հավաստիացումներին, որ հսկիչ գնումն իրականացվել է ոչ աշխատանքային օր` մայիսի 28-ին, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ-ի մայիսի 26-ի հրամանով, տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի համապատասխան աշխատակիցների համար 2011թ-ի մայիսի 28-ը համարվել է աշխատանքային օր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել