HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

100 հազար դրամ տուգանք` 12-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

«…Դրանից 2-3 օր անց 1976 թ. ծնված Ռուդիկ Խաչատրյանը կրկին եկել է հանրակացարան` Սոնայի բնակարան, որտեղ վերջինիս եւ դստեր հետ հաց են կերել, օգտագործել ալկոհոլ: Այնուհետեւ Ռ. Խաչատրյանը Սոնայի 12-ամյա դստերը` Հասմիկին, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ:

Հասմիկը ինքնակամ սեռական հարաբերություն է ունեցել Ռուդիկի հետ, որի ժամանակ նույն սենյակում այլ մահճակալի վրա պառկած նրա մայրը` Սոնան, փորձել է միջամտել: Սակայն Ռուդիկը վերջինիս ասել է, որ չխաբվի, միեւնույն է` Հասմիկը իրենն է լինելու:

Ռ. Խաչատրյանը դրանից հետո մեկ տարի շարունակ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Հասմիկի հետ»:

Սա հատված էր անցյալ տարի հոկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռից: Դատավոր Նունիկ Պողոսյանը «Տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ» կատարելու համար Ռուդիկ Խաչատրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել է 100 հազար դրամ տուգանք:

«Ռուդիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 141-րդ հոդվածով: Դասակարգման մեջ դա համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն: Դատարանը պատիժը նշանակելիս հաշվի է առել մի շարք հանգամանքներ. ամբաստանյալը Արցախյան պատերազմի մասնակից է, տան միակ կերակրողը, ունի անչափահաս երեխա եւ հիվանդ մայր: Նման պայմաններում նշանակված պատիժն իրավաչափ է, դրա համար էլ դատավճիռը չենք բողոքարկել»,- ասում է մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը` Գրիշա Միքայելյանը:

Վերջինիս վերադասը` Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանն էլ նշում է, որ վերահսկող դատախազը սկզբում չի հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ նշանակված չի եղել դատահոգեբանական փորձաքննություն:

«Ըստ էության, եթե պարզվեր, որ տուժողը չի գիտակցել իր հետ կատարվող գործողությունների բնույթը կամ չէր կարող դիմադրել, այսինքն` գտնվել է անօգնական վիճակում, այդ դեպքում մեղադրյալի արարքը պետք է որակվեր որպես բռնաբարություն,- մանրամասնում է Ա. Դավթյանը:- Բռնաբարության համար օրենքը պահանջում է 3 իրավիճակ` բռնություն, բռնության սպառնալիք կամ անօգնական վիճակ: Կոնկրետ այս դեպքում, ըստ քրեական գործի, երեխան կամավոր է տրվել:

Ինչ վերաբերում է նրան, որ մայրը դեմ է եղել` ասելով «ես չեմ ուզում, որ դու իմ աղջկա հետ կենակցես», նա էլ պատասխանել է` «քո գործը չէ» եւ, այդուհանդերձ, աղջկա հանդեպ ոգչ բռնություն է գործադրվել, ոգչ սպառնալիք եւ ոգչ էլ նրա անօգնական վիճակն է օգտագործվել, ուրեմն կատարվածը բռնաբարություն չէ»:

Ըստ քրեական գործի` «Ռուդիկ Խաչատրյանը, այցելելով Սոնայի բնակարան, ներկայացել է որպես ջրի վարձավճար հավաքող, որտեղ հայտարարել է, որ իրենք օգտագործված ջրի դիմաց խոշոր պարտք ունեն եւ այն չվճարելու դեպքում կբռնագանձեն դատական կարգով: Միաժամանակ հայտնել է, որ Հասմիկին հավանել է եւ ցանկանում է հետը ամուսնանալ:

Սոնան նրան ասել է, որ դուստրը դպրոցական է` 12 տարեկան, սակայն համաձայնել է` պայմանով, որ Ռ. Խաչատրյանը սպասի, մինչեւ Հասմիկը 8-րդ դասարանն ավարտի, որից հետո Ռ. Խաչատրյանը հայտարարել է, որ սիրում է Հասմիկին եւ կսպասի որքան անհրաժեշտ է»:

Սակայն 31-ամյա ամուսնացած տղամարդը մի քանի օր անց սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա աղջնակի հետ:

«Խաբելը քրեորեն պատժելի արարք չէ: Քրեորեն պատժելի արարքը ՔՕ 140 հոդվածով նախատեսվածն է, որը վերաբերում է սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելը` շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական եւ այլ կախվածությունն օգտագործելով: Այստեղ նյութական կախվածություն չկա: Սոնային եւ նրա դստերը, կոպիտ ասած, առաջարկություն է արվել, որը նրանք կարող էին ընդունել կամ ոչ»,- պարզաբանում է դատախազ Արթուր Դավթյանը:

Դատահոգեբանական փորձագետը եզրակացրել է, որ 12-ամյա Հասմիկը լիովին գիտակցել է իր հետ կատարված գործողությունների սոցիալական նշանակությունը:

«Քննիչներն ինձ տարան ինչ-որ մի հոգեբանի մոտ: Տարեց, չաղ-չաղ կին էր: Ես իրեն ամեն ինչ պատմել եմ, ասել եմ, որ բռնի է եղել, ես Ռուդիկի հետ չեմ համաձայնվել նման բան անել: Հոգեբանն ինձ հարցեր էր տալիս, ինչ-որ նկարներ էր ցույց տալիս, վարժություններ հանձնարարում: Այդքանը, ուրիշ բան չի եղել»,- «Հետքին» պատմեց Հասմիկը:

«Այս աղջիկը դեռեւս վաղ հասակում` 5 տարեկանից, ապրում է սեռական կյանքով: Դատական բժշկի եզրակացությունն եմ կարդում` « …այնքան հին է կուսաթաղանթի ամբողջականությունը, որ նույնիսկ հնարավոր չէ պարզել… »: Նրա մայրը հոգեկան հիվանդ է, հայրը` ալկոհոլիկ: Երեխան ինքն է որոշել, թե ինչպես ապրի:

Նա 100 հոգու հետ եղել է, պրոբլեմ է ստեղծել ամբողջ դպրոցում, հետագայում նաեւ հատուկ դպրոցում, որովհետեւ անընդհատ տղաների հետ շփումների մեջ էր: Եվ հանկարծ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե նա կույս էր կամ սուրբ»,- ասում է դատախազ Գրիշա Միքայելյանը:

Հասմիկը շուրջ մեկ տարի է` ուսանում է Հայաստանի հատուկ դպրոցներից մեկում: Դպրոցի տնօրենը նրան բնութագրում է որպես «ինքնամփոփ, սուսիկ-փուսիկ երեխա», որը խուսափում է տղաներից եւ նրանց հետ շփման հակվածություն, առհասարակ, չունի:

«Հասմիկը հեշտ կառավարելի է, ենթարկվում է դպրոցի կարգուկանոնին, կոնկրետ այս կիսամյակում ուսման մեջ արդեն բավականին ակտիվություն է դրսեւորել: Եվ, ճիշտն ասած, հազվադեպ է ժպտում, որ տեսնում եմ, նույնիսկ զարմանում եմ»,- ասում է տնօրենը:

Իսկ դպրոցի հոգեբանը, որ արդեն 10 ամիս աշխատում է Հասմիկի հետ, վերջինիս բնորոշում է իբրեւ «մի երեխա, որը ենթարկվել է շահագործման»:

«Հիմա նա վախենում է տղամարդկանցից: Միշտ ուզում է փոքրանալ, չի ուզում մեծանալ զուտ այն պատճառով, որ ենթարկվել է բռնությունների: Ասում է` ես ուզում եմ մնալ այն տարիքին, երբ այդպիսի բաներ չկային, այսինքն` մինչեւ 12 տարեկանը, երբ դեռ մարմնավաճառի համբավ չուներ: Իսկ նման համբավ նա ձեռք է բերել դատից հետո:

Նա հաստատ 5 տարեկանից սեռական կյանքով չի ապրել: Դա նույնիսկ ֆիզիոլոգիապես հնարավոր չէ, բացառվում է. Հասմիկն այդ տիպի մարդ չէ»,- ասում է դպրոցի հոգեբանը:

Այժմ արդեն 14 տարեկան Հասմիկը պատմում է, որ Ռուդիկին առաջին անգամ տեսել է բակում` իրեն հետեւելիս: Հետո նա եկել է իրենց տուն, մայրիկին ասել, թե բանակից նոր է եկել, սիրում է իրեն եւ ուզում է ամուսնանալ:

«Իրիկվա կողմերն էր, որ Ռուդիկը եկավ մեր տուն: Խմած էր, ինձի առանձնացրեց ու ասաց` ես քեզ տեսել եմ, սիրել եմ… Զոռով ա եղել… չէ, չի ծեծել, ինքն ինձ մի երկու անգամ է ծեծել: Էդ օրն ասում էր, որ չանես` սենց կանեմ, նենց կանեմ, հիմնականում ասում էր` ձեր տունը կգրավեմ, որովհետեւ ջրի պարտք ունեինք:

Մամայիս տարել էինք հիվանդանոց` մի 4-5 ամիս հետո, Ռուդիկը սկսեց ուրիշ տղաներ ուղարկել իմ մոտ: Իրանք շատ կոպիտ էին խոսում, ես էլ վախենում էի…»,- հիշում է Հասմիկը:

«Ինչ-որ մայր եւ աղջիկ կան` հայտնի կավատներ, որոնք հետո տարածված խոսակցություններից իմանալով Հասմիկի տեղը` նրան ընդգրկել են մարմնավաճառության մեջ ու հաճախակի, առանց գումարի ստիպել բազմաթիվ տղամարդկանց հետ կապեր ունենալ: Ու բոլոր սեռական կապերը եղել են բռնի կերպով` ծեծի միջոցով»,- ասում է դպրոցի հոգեբանը` վկայակոչելով Հասմիկի պատմածները:

Հոգեբանը հիշում է, որ մի անգամ Հասմիկենց բնակարան այցելելիս ճանապարհին պատահաբար տեսել են «այդ աղջկան»` կավատին. «Երեխան այնպես էր բղավում, վախենում էր, որ այդ աղջիկը կարող է իրեն նորից բռնել…»:

«Մոր անունը չեմ հիշում, աղջկա անունը Շուշան էր. ես հիշում եմ իրենց տան տեղը: Շուշանը մարդկանց հետ պայմանավորվում էր ինչ-որ մի օբյեկտում, սրճարանի կուպեներում ու ինձ բերում էր նրանց մոտ: Լինում էր, որ էդ մարդիկ ոնց որ զգային, որ ես պուճուր եմ կամ չեմ ուզում, իրանք ասում էին` գա:

Շուշանին Ռուդիկն էլ էր ճանաչում: Վերջին օրերին Շուշանն ասաց` քուրիկս կգա, իրան ճանապարհ կդնենք ու մենք կգնանք ման գալու: Ինձ տարավ իրանց տուն, Ռուդիկն էլ էր եկել ընդեղ»,- պատմում է Հասմիկը:

Շուշանը եւ նրա մայրը քրեական գործով չեն անցել: Նախաքննության ժամանակ քննիչ Ա. Սախոյանը որոշում է կայացրել քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Սակայն գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազ Գրիշա Միքայելյանը քննիչի` նոր քրեական գործ հարուցելու որոշումը վերացրել է:

«Հետքի» հետ զրույցում Գ. Միքայելյանը պարզաբանեց, որ խոսքը Հասմիկի հետ սեռական հարաբերություններ ունեցած այլ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է:

«Եթե մենք պատժելու տրամաբանությամբ շարժվեինք, մի 15 հոգու` 16 տարեկան երեխաների, պետք է ուղարկեինք դատարան: Հասկանոգւմ եք` ում մասին է խոսքը,- հարցնում էր դատախազը: – Մենք պատասխանատվության ենք ենթարկել մեկին` չափահաս տղամարդուն, որպեսզի դաս լինի մյուսներին»:

Դատարանը Ռուդիկ Լեւիկի Խաչատրյանի գործը քննել է արագացված կարգով, քանի որ ոգչ դատախազը, ոգչ էլ Հասմիկի ծնողները դրա դեմ չեն առարկել: Ռուդիկը լիովին ընդունել է մեղքը` արժանանալով առաջադրված մեղադրանքի համար սահմանված նվազագույն պատժին: Ռ. Խաչատրյանն այդպես էլ անազատության մեջ չի հայտնվել, որովհետեւ սկզբից եւեթ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը:

«Անկեղծ ասած` ոչ մեծ ծանրության հանցագործություն է, եւ կարող էինք գործը կարճել: Դուք նայեք, թե քանի մարդ է փչացրել այդ աղջիկը, քանի 16-17 տարեկան երեխա` իր դասընկերները, պետք է ենթարկվեն պատասխանատվության այն դեպքում, երբ աղջիկն է եղել դրդողը»,- նշում է Գրիշա Միքայելյանը:

«Մեկ-մեկ ինձ թվում է, որ կարող է մեծանամ եւ իմ վրեժը լուծեմ Ռուդիկից ու Շուշանից»,- արցունքները սրբելով` ասում է Հասմիկը:

Հ. Գ. Հասմիկի եւ նրա մոր` Սոնայի անունները փոխված են: Իսկ դպրոցի տնօրենի եւ հոգեբանի անունները միտումնավոր չենք նշել, որպեսզի չբացահայտվեն իրական հերոսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter