HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գիտնականի նախընտրական երազը

Ստեփան Գյոզալյան

Վարչապետի ԲԱՐՁՐ հովանու ներքո հավաքվել եւ կլոր սեղանի շուրջ իրենց տեղերն էին զբաղեցրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ամենաազդեցիկ թիմի՝ Արմեն Աշոտյանի թիմի ներկայացուցիչները: Դահլիճում էլ ոչ ոք չկա: Ողջույնի խոսքից հետո կրուպյե Կարեն Քոչարյանը հայտարարում է.

-Պարոնայք, այսօր հավաքվել ենք մի քիչ այլ ֆորմատով՝ խաղ, որպես այդպիսին, չի կայանալու: Ձեզ մարտահավեր են նետել ՊԳՖԱ նախաձեռնությունից 6 երիտասարդ գիտնականներ, եւ դուք պետք է քննարկեք մարտահրավերն ընդունելու կամ չընդունելու նպատակահարմարությունը: Քանի որ բոլորդ զբաղված մարդիկ եք՝ առաջարկում եմ ռեգլամենտ 6 րոպե՝ ամեն մեկիդ 1 րոպե հաշվով, սակայն թույլատրվում է այդ րոպեները վերաբաշխել ըստ ձեր հայեցողության, առանց ինձ տեղյակ պահելու: Հարցեր կա՞ն, պարոն Աշոտյան:

-Հարց չկա, գոսպոդին վեդուշչի, հարցը կարդացեք:

-Իրոք, որ հարց չկա, պարոն Աշոտյան, մարտահրավեր է այս անգամ… հա, հա, հա..

Այսպիսով… ուշադրությու՜ն, կարդում եմ հարցը… է՜, մարտահրավերը. «Մենք, ներքոստորագրյալներս, մարտակոչ ենք անում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Արմեն Աշոտյանի թիմին (խաղի ձեւաչափը որոշելը թողնելով իրենց հայեցողությանը) պայմանով, որ եթե հաղթում ենք մենք՝ երիտասարդ գիտնականներից կազմված թիմը՝ եկող տարվանից գիտությանը հատկացնում եք ՀՆԱ-ի 3-%-ը, եթե հաղթում եք դուք՝ ՀՆԱ-ի 1-%-ը»:

Վաչե Գաբրիելյան. – Есть досрочный ответ! Есть досрочный ответ!

Կարեն Քոչարյան. – Մի շտապեք, պարոն Գաբրիելյան, այսօրվա ձեւաչափով досрочный ответ!-ի հարկ չկա՝ 6 րոպե ունեք՝ հանգիստ մտածեք, քննարկեք…

Վաչե Գաբրիելյան. – Մտածելու ու, առավել եւս, քննարկելու բան չկա՝ ֆինանսների սղության պատճառով եկող տարվա գիտությանը հատկացումը իրատեսորեն կարող է կազմել ՀՆԱ-ի 0.26-%-ը եւ ոչ մի լումա ավել…

Շավարշ Քոչարյան. – Այս ովքե՞ր են: Այս ի՞նչ ուլտիմատիվ մարտահրավեր է: Կարող է նույնիսկ պնդեն, որ Երեւանն իրենց մայրաքաղաքն է… Պետք է հայտարարությամբ հանդես գալ եւ խզել հարաբերությունները դրանց հետ…

Արմեն Աշոտյան. – Չէ մի չէ նոտա, պարոն Քոչարյան… Ախր նրանք մերն են՝ մեր օժտված երիտասարդներից են…

Վիգեն Սարգսյան. – Իրենք ապարատ ունե՞ն…

Վարդան Խաչատրյան. – Ինչքա՜ն պիտի անապահով լինեն, որ չունենան՝ ապարատի եղածն ի՞նչ է, որ…

Վիգեն Սարգսյան. – Դա նկատի չունեմ, պարոն Խաչատրյան, աշխատակազմ, ապարատ… Կուզենայի խորհրդատվական, բացատրական զրույց ունենալ…

Արմեն Աշոտյան. – Չէ, նրանք նախաձեռնություն են՝ 5 500 հոգիանոց: Ամեն անգամ տարբեր մարդիկ են հանդես գալիս՝ ո՞ր մեկի հետ զրույց ունենաս…Թող պարոն Թովմասյանն ասի…

Հրայր Թովմասյան. – Նախաձեռնության իրավաբանական ձեւակերպումը շատ լղոզված է՝ կպնելու տեղեր չեն նշմարվում…Ոնց որ սպորտում՝ մեր մեկնաբանները անընդհատ պնդում են, որ «նախաձեռնությունը» լիովին «Բարսելոնի» կողմն է ու, բոլորդ էլ տեսնում եք, որ նույնիսկ շատ բարձրակարգ ակումբներ կրակն են ընկնում այդ «նախաձեռնության» ձեռը, գլուխ չեն հանում՝ ինչ անել…

Շավարշ Քոչարյան. – Պարոն Թովմասյան, օրինակ՝ արդարադա՞տ էր, որ Մեսսիին էլի լավագույն ճանաչեցին… Մենք 96 թ.-ին…

Հրայր Թովմասյան. – 96-ին չէ՝ 86թ.-ին Մարադոնան էր, բայց եկեք թեմայից չշեղվենք՝ ռեգլամենտ ունենք: Ինձ հիմա այլ բան է հուզում՝ պարոն Աշոտյանը ցնցվեց 0.26%- մասին լսելիս: Նա չի ուզում բացահայտ ցույց տալ, բայց ոնց որ թե իրենց կողմից լինի…Արդարադատ չի…

Վիգեն Սարգսյան. – Ճիշտ որ: Եթե մարտահրավերում պահանջված տոկոսները հատկացվեն՝ իր նախարարությանն են տրվելու: Փաստորեն, Աշոտյանը շահագրգիռ կողմ է…

Վաչե Գաբրիելյան. – Եթե ՊՖՖԱ նախաձեռնություն լինե՜ր…

Հրայր Թովմասյան. – Կամ էլ՝ ՊԱՖԱ՜…

Շավարշ Քոչարյան. – 96 թ.-ին եթե Լեւոնը 68 տարեկան լինե՜ր…

Արմեն Աշոտյան. – Ես զարմանում եմ, թե ինչու՞ իրեն Նոբելյան մրցանակ չեն տվել эликсир молодости հայտնագործելու համար՝ ժամանակին այնպիսի հիմքեր դրեց, որ այսքան տարի հետո էլ կարող է գործի մտնել որպես երիտասարդ գիտնական-դոկտոր (իրենց միջին տարիքը 77 է)…

Հրայր Թովմասյան. - Աշոտյան, խոսքը կտուրը մի գցիր: Ավելի լավ է խոստովանիր, դու ու՞մ կողմից ես…

 Արմեն Աշոտյան.  –  Մի բուռ հայ ենք մնացել՝ կո՞ղմս որն է…Բայց դե իրենք էլ են ճիշտ ասում՝ խելոք, կարդացած, մրցունակ, միջազգային օլիմպիադաներում երկրի անունը բարձր պահած… Ու հետո՝ ամսական 35-50 հազար դրամ…

Վաչե Գաբրիելյան (մեկուսի). – Չհասկացա՝ հիմա ինքը մե՞ր կողմից է, թե՞ ճշտի

Վարդան Խաչատրյան. – Եթե խնդիրը միայն փողի մեջ է՝ ես կարող եմ տեղն ասել… Այնպիսի՜ «Ժառանգություն» եմ թողել…Եթե կարող են՝ թող գնան վերցնեն…

Կարեն Քոչարյան. – Պարոնայք, կենտրոնացեք՝ ժամանակը լրանում է…

Արմեն Աշոտյան. (մեկուսի) – Լրացուցիչ րոպե կարելի՞ է… չէ երեւի… (բարձրաձայն) – мы берем помощь клуба !

Կարեն Քոչարյան. – Ի՞նչ կլուբ, պարոն Աշոտյան՝ այսօր դահլիճում միայն ձեր թիմն է…

Հրայր Թովմասյան. – Արդարադատ չէ՝ ինչու՞ այս լուրջ մարտակոչին միայն մենք պետք է դիմագրավենք… այն էլ այս սուղ ժամանակահատվածում…

Վիգեն Սարգսյան. – Իսկապես, ես առաջարկում եմ ավելացնել աթոռները,  համապատասխանաբար նաեւ րոպեները եւ դահլիճ հրավիրել «ձեռքները լվանալ» ցանկացողների ներկայացուցիչներին՝ ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, ավանդականներից…

Վաչե Գաբրիելյան. – Շատ տեղին առաջարկություն է, անհրաժեշտ է երկխոսել, կիսվել, կիսել պատասխանատվությունը…

Շավարշ Քոչարյան. – Ես մի դիտողություն ունեմ՝ եկեք ՕԵԿ-ին չկանչենք էլի…

Վարդան Խաչատրյան. – ՕԵԿ-ն ավանդական չի, պարոն Քոչարյան, ավանդ-ական է… Կամ էլ կանչենք, որ ի՞նչ՝ բոլորն էլ գիտեն, որ իրենք «կողմ» են…

Արմեն Աշոտյան. – ԲՀԿ-ն չի գա՝ կասեն մեզ ձեր աթոռները պետք չեն, ոչ էլ րոպեները… Գիտությանը հատկացնելու համար էլ մենք ՀՆԱ-ի այլընտրանքային տոկոս կառաջարկենք՝ ո՛չ 1%, ո՛չ էլ 3…

Վիգեն Սարգսյան. – Եթե իմանան, որ տեսագրվում է՝ ՀԱԿ-ից էլ երեւի չգան… Չնայած, սկի իրար մեջ չեն կարողանում պարզել, թե ո՞վ է գրել գիտության զարգացման մասին իրենց ծրագիրը՝ առանց պարզել գան ի՞նչ անեն…

Վարդան Խաչատրյան. – Դաշնակներն էլ նախապայման կդնեն. եթե արձանագրությունները ճղեք՝ ՀՆԱ-ի ցանկացած տոկոսի մեջքին կկանգնենք…

Կարեն Քոչարյան. – Ռեգլամե՛նտ, պարոնայք… Մնաց 10 վայրկյան… 9…8…7…6…

Հրայր Թովմասյան. Իսկ ինձ ասել են, որ պարոն Աշոտյանը «Արմենիա»-ով երեկ ՊԳՖԱ-ական ձեւակերպումներով գովերգում էր օլիմպիադաներում մեդալ նվաճած դպրոցականներին…

Արմեն Աշոտյան. – Բա չասե՞ի… Գոսպոդին վեդուշչին էլ վկա… Արդարադատ չի… Հետո էլ մեծ-մեծ խոսում ենք՝ «գիտելիքահե՜նք-միտելիքահե՜նք»… 

- Ը-հը, ը-հը. - ԲԱՐՁՐԻՑ լսվեց գիտելիքահունչ հազի ձայն… 

Այստեղ հնչեց զարթուցիչի չարագուշակ զանգը եւ երիտասարդ գիտնականի երազն ամենահետաքրքիր պահին ընդհատվեց… Սպանիչ հայացք նետելով դեպի դավադիր զարթուցիչը՝ նա շուռ եկավ անկողնում եւ սկսեց մտածել հետգրությունների վրա… 

Հ.Գ.1 – ճիշտ կլիներ էն գլխից Մարտահրավերն ուղղել Աշոտյանի ընդլայնված կազմով թիմին: Ավելի հետաքրքիր սցենարով կընթանար քննարկումը…
Երիտասարդ գիտնականի կոպերը կրկին ծանրացան…

 Հ.Գ.2 –(ԲՀԿ). –Գրազով խաղալն անընդունելի է՝ ես առաջարկում եմ հարցի լուծման քոմփրոմիսային տարբերակ: (Հավանության նշաններ բոլորի կողմից):

(«Ժառանգություն»)  - Խաղալն, իրոք, անիմաստ է՝ գիտությանը տալիս ենք ՀՆԱ-ի 1%-ը՝ հետագա տարիներին 0.2% աճի միտումով եւ վերջ: (Հավանության նշաններ բոլորի կողմից):

(ՀԱԿ). – Հարգելիներս, մեր առաջարկն ավելի հետաքրքիր է՝ կրկին սկսում ենք 1%-ից, իսկ հետագա տարիների համար ընտրում ենք աճի պրոգրեսիվ տարբերակ… (Հավանության նշաններ բոլորի կողմից):

(ՀՅԴ). –Ընկերներ, բայց ավելի նպատակահարմա՞ր չի լինի, եթե գիտության հատկացումները ավելացնենք միանգամից 10 անգամ… (Հավանության նշաններ բոլորի կողմից):

(ԲՀԿ). – Եղբայրներ, բայց 10 անգամը քոմփրոմիսի նժարը թեքում է մի կողմի վրա՝ ես դա առաջարկելիս նկատի ունեի 1-ի եւ 3-ի մեջտեղը՝ 2%... (Հավանության նշաններ բոլորի կողմից):

Աշոտյան. – Կոլեգաներ, բոլոր առաջարկներն ընդունելի են՝ եկեք կանգ առնենք որեւէ մեկի վրա… (Հավանության նշաններ բոլորի կողմից): 

ԲԱՐՁՐ-ից ձայն. –Մի րոպե, պարոն Աշոտյան, կարելի՞ է մինչ պատասխանի հնչելը ես էլ արտահայտվեմ:

Բարեկամներս, շատ շնորհակալ եմ: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, քանի դեռ չէին սկսվել քննարկումները՝ մի պահ քիչ էր մնում ասեի. - «Թող գնան ու իրենց բարձր հովանի գտնեն», բայց ծանոթանալով ձեր՝ երկրի ապագայով մտահոգ, կառուցողական, շահագրգիռ առաջարկներին, եւս մեկ անգամ հիշեցի իմաստուն խոսքը. գեղ կանգնի՝ գերան կկոտրի… (Հավանության նշաններ բոլորի կողմից): 

Հ.Գ.3 –Հնարավոր չի՞… Լավ էլ հնարավոր է՝ չէ՞ որ «это сон…», ինչպես ստորև.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter