
Մալարիա. հնում հայերը փրկությունը կապում էին Արարատ լեռան հետ, այժմ անձնագրավորում են ջրականգերը
Հայաստանը պատրաստվում է վկայագրման` որպես մալարիայից ազատ երկիր: Վկայագրման համար Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) դիմել է 2009 թ., ինչից հետո Հայաստան է այցելել փորձագետների երկու խումբ: Հավանաբար մինչեւ այս ամսվա վերջ Հայաստան կայցելի երրորդ խումբը` կազմված ամերիկացի, շրիլանկացի եւ ռուս երեք անկախ փորձագետից:
Փորձագետներն արձանագրում են, թե երկրում իսկապես չկա՞ն մալարիայի դեպքեր, եւ երկիրն ի վիճակի կլինի՞ կանխարգելել մալարիայի կրկին արմատավորումը: «Այս երկու խնդիրն են գնահատում եւ դրանից հետո որոշում են»,- «Հետքին» ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը:
ԱՀԿ-ի որոշումը կախված է շատ հանգամանքներից, նույնիսկ հարեւան երկրներում մալարիայի տարածվածությունից: Այս առումով Ադրբեջանում մալարիայի դեպքեր կան: Վրաստանում եւս մալարիայի դեպքեր արձանագրվում են, բայց ոչ Հայաստանին սահմանամերձ շրջաններում: Լիլիթ Ավետիսյանի հավաստիացմամբ` մալարիայի առումով անապահով Հնդկաստանից Հայաստան եկող բոլոր ուսանողները հետազոտվում են Ուսանողական պոլիկլինիկայում:
2006 թ.-ից սկսած` Հայաստանում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել: Այս պահին եւս Հայաստանում չկա մալարիայով հիվանդ մարդ: «2011-ի ընթացքում մենք ոչ մի բերովի դեպք չենք ունեցել: Մալարիայի բուժումը միայն պետպատվերի շրջանակներում է»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը:
Բուժումը բաղկացած է երկու մասից` հիմնական (տեւողությունը` 3 օր) եւ հակառեցիդիվային (տեւողությունը` 14 օր): Մալարիայի դեմ պատվաստանյութ դեռ չկա:
Մոտ 90 երկիր, որոնցում ապրում է աշխարհի բնակչության 40%-ը, անապահով է մալարիայի առումով: Ամեն տարի մալարիայով վարակվում է ավելի քան 300-500 մլն մարդ, որոնցից 1,3-3 մլն-ը մահանում է:
Մալարիան Հայաստանից բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թ. Հայաստանում գրանցվել է մալարիայով հիվանդ 196 մարդ, որոնց մեծ մասը վարակվել էր Ադրբեջանին եւ Իրանին հարող տարածքներ ժամանակավոր այցերի ժամանակ: 1995 թ. գրանցվել է 502 դեպք, 1996-ին` 347, 1997-ին` 841, 1998-ին` 1156: 1996-ից սկսած` այս ցուցանիշները, բացի բերովի դեպքերից, ներառում են նաեւ տեղական ծագման դեպքերը: 1999-ից, իրականացված հակամալարիային աշխատանքների արդյունքում, մալարիայի դեպքերը կտրուկ նվազել են` 2005-ին հասնելով 7-ի, իսկ 2006-ից հետո այլեւս չեն արձանագրվել:
Աղվերանում առողջապահության նախարարության եւ ԱՀԿ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ Լիլիթ Ավետիսյանը լրագրողներին հավաստիացրեց, որ Հայաստանում մալարիայից մահվան դեպք չի գրանցվել, որովհետեւ ՀՀ-ում տարածված է եռօրյա մալարիան, որի մահաբերությունը չնչինից էլ ցածր է: Մահվան (հիմնականում երեխաների դեպքում) հանգեցնում է արեւադարձային մալարիան, որի բերովի դեպքեր Հայաստանում այս տարիների ընթացքում եղել են, բայց եւս մահվան չեն հանգեցրել:
Մալարիայի դեպքում ջերմությունը հասնում է մինչեւ 42 աստիճանի, մարդը նույնիսկ ցնցվում է: Բժշկի համար շատ հեշտ է հայտնաբերել մալարիան, քանի որ սարսուռն այնպիսին է, որ հիվանդը չի տաքանում: Իսկ հաջորդ օրն այնպես է քրտնում, որ վերմակը կարելի է քամել:
«Եթե մարդը դեռ չունի ջերմություն, նշանակում է` կարող է վարակված լինել, բայց ինքը վարակիչ չէ: Մարդը վարակիչ է, եթե ունի ջերմություն: Իսկ եթե ջերմող մարդ է գալիս սահման, նա անպայման կանգնեցվում է: 7 սահմանային կետերում ունենք սանիտարակարանտինային կետ: Միայն «Զվարթնոցում» 11 համաճարակաբան է աշխատում»,- նշում է Լիլիթ Ավետիսյանը:
Մալարիան փոխանցվում է երեք ճանապարհով` անոֆելես մոծակի, արյան միջոցով, նաեւ հիվանդ մորից երեխային` հղիության ընթացքում: Եթե տվյալ վայրում 45 օր ջերմաստիճանը 16 աստիճանից բարձր է, մալարիայի հարուցիչը հասցնում է մոծակի օրգանիզմում զարգանալ ու հասնել սեռահասուն ձեւի, եւ երբ այդ մոծակը խայթում է մարդուն, մալարիայի հարուցչի սեռահասուն ձեւը թափանցում է առողջ մարդու օրգանիզմ, որտեղ էլ սկսվում է հարուցչի զարգացման երկրորդ փուլը: Մոծակը զարգանում է ջրականգի վրա:
Լիլիթ Ավետիսյանի խոսքերով` Հայաստանում անձնագրավորվել են այն բոլոր ջրականգերը, որոնց մոտ 45 օր ջերմաստիճանը պահպանվում է 16 աստիճանից բարձր: «Ամեն ջրականգ 10 օրը մեկ այցելություն է արվում, եւ նմուշ է վերցվում, որպեսզի տեսնենք` ինչ տեսակի մոծակ է այնտեղ»,- ասում է համաճարակաբանը:
Հայաստանում մոծակների դեմ պայքարում են փոքրիկ թրթուրակեր ձկների` գամբուզիաների միջոցով: «Գամբուզիաները Հայաստանի բնական ջրականգերում, բնական գետերում բնականորեն զարգանում են: Մեր միջատաբան մասնագետը բռնում է այդ ձկնիկներին, տանում այն ջրականգերը, որտեղ անոֆելես մոծակի թրթուր է հայտնաբերել, եւ բաց է թողնում: Այդ ձկնիկը ուտում է թրթուրին եւ վերացնում մալարիան»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը:
1994 թ.-ից Հայաստանում միջատաբանները միջատասպան նյութերով մշակել են շինությունները, բնակչության շրջանում մոծակների դեմ քարոզչություն ու քննարկումներ են անցկացվել: Ջրային պետական տնտեսությունը մաքրել է կոլեկտորադրենաժային ցանցը, որպեսզի Արարատյան դաշտավայրի ջրակալած տարածքներում ջուրը հոսի ու չճահճանա:
Ջրի տատանվող մակերեսը շատ լավ է մալարիայի դեմ պայքարում, քանի որ այդ ժամանակ մոծակի թրթուրներն իրենք իրենց ոչնչանում են: Լիլիթ Ավետիսյանի խոսքերով` Հանրապետության հրապարակի շատրվանները կառուցվել են ոչ այնքան էսթետիկ նշանակությամբ, որքան այն նպատակով, որ ջրականգում ջուրը տատանվի, եւ մոծակի թրթուրներ չզարգանան:
Համաճարակաբանի համոզմամբ` մալարիայի դեմ միջոցառումներ անհրաժեշտ է իրականացնել միշտ: Հիմա եւս միջոցառումներ արվում են, բայց ոչ նախկին ծավալով, քանի որ մալարիայի հարուցիչը` վարակի աղբյուրը, արդեն չկա, մարզերում բնակչությունն ավելի իրազեկված է, ջրականգերի թիվն էլ կրճատվել է: «Արարատյան դաշտում 90 բնակավայրից ավելին ջրակալված էր: Իսկ այսօր գրեթե 4 անգամ նվազել է այդ թիվը»,- ասում է նա եւ հավելում, որ Հայաստանին հաջողվել է մալարիան վերացնել` միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում:
Հ.Գ. Լիլիթ Ավետիսյանը Մատենադարանի նյութերն ուսումնասիրելիս պարզել է, որ հնում հայերը մալարիայից (ջերմախտից) փրկությունը կապել են Արարատ լեռան հետ: «Մասիսի կենտրոնական հատվածում բխում է Գինո գետը: Հին հայերը մալարիայով հիվանդներին տանում էին այդտեղ, լողացնում էին, եւ ըստ լեգենդի` մարդիկ ազատվում էին այդ հիվանդությունից: Մի ամբողջ ժողովուրդ իր սրբազան լեռան հետ կապել է մալարիայից ազատվելու իր ձգտումը»,- ասում է նա:
Նման պատմություն կա նաեւ Հիմալայների ստորոտում այսօր էլ ապրող Տարու ցեղախմբի հետ կապված: Ըստ այս մի լեգենդի` 1002-րդ բուդդան իր առաքելությունը կատարելուց հետո հրավիրել է մարդկանց եւ ասել, որ ինքը պիտի հեռանա: Երբ մարդիկ հարցրել են, թե ինչ պետք է անեն` առանց իրեն, բուդդան ասել է. «Ես ձեզ կթողնեմ մի այնպիսի պարգեւ, որ դուք դրանից ավելի լավ կզգաք, քան իմ ներկայությունից: Ի՞նչ եք ուզում, որ ձեզ թողնեմ»: Մարդիկ նրանից ուզել են հարստություն, սակայն բուդդան նրանց թողել է «ջերմախտով չհիվանդանալու հնարավորություն»: «Եվ այսօր գիտությունը չի կարողանում բացատրել, թե ինչպես է, որ Հիմալայներում կա մալարիա, բայց այդ ցեղը չի հիվանդանում»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել