Փաշինյանի գործով հետազոտվում են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով այսօր նրա դատապաշտպանների միջնորդությամբ հետազոտվում են լրացուցիչ ապացույցներ: Փաստաբանները դատարան են ներկայացրել գործի հանգամանքների մասին այն մարդկանց գրավոր բացարտությունները, որոնք ականտես են եղել մարտի 1-2-ի դեպքերին:
Մասնավորապես, այս տարվա նոյեմբերի 26–ին պաշտպանական կողմի խնդրանքով գրավոր բացատրություն է տվել Դավիթ Շահնազարյանը, դեկտեմբերի 6-ին` «ՀԺ» լրագրող Սյուզան Պողոսյանը, դեկտեմբերի 7-ին` Դավիթ Մաթևոսյանը, դեկտեմբերի 9-ին Աշոտ Բլեյանը, ինչպես նաև Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինիս գրավոր բացատրության մեջ այդ օրն իր տեսածի նկարագրությունից զատ ներառված է նաև Փաստահավաք խմբի կողմից ներկայացված այն զեկույցները, որոնք արդեն հրապարակվել են:
Ինչպես հայտնի է, ըստ այդ զեկույցների, մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը կրում են իշխանությունները, մասնավորապես` ուժայինները:
Իրենց գրավոր բացատրություններում` Դավիթ Շահնազարյանը, Սյուզան Պողոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Աշոտ Բլեյանը և այլք պատմել են, թե ինչ են տեսել մարտի 1-2-ին, և նրանց նկարագրություններով, ըստ էություն, Նիոկոլ Փաշինյանը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքի, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելու հետ: Հակառակը` նա հորդորել է ժողովրդին հանգստություն պահպանել և կոչ է արել Մյասնիկյանի արձանի մոտ կառուցված բարիկադներից այն կողմ չանցնել ու բախման մեջ չմտնել ուժայինների հետ:
Այս պահին փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանն էջ առ էջ ընթերցում են Փաստահավաք խմբի արդեն իսկ հրապարակած զեկույցները:
Մեկնաբանել