HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«ՀայՌուսգազարդի» փոխտնօրենի առանձնատունը` պուրակի հաշվին

Բաղրամյան պողոտայի 79 հասցեում գտնվող` մի քանի տասնամյակի կյանք ունեցող պուրակը ոչնչացվում է: Դրա մի հատվածում` մոտ 180 քմ տարածքում, շաբաթ օրը հատվել է 17 ծառ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանը կառուցում է առանձնատուն:

«Առավոտյան 10-ին ծառերը հատեցին ու անմիջապես սկսեցին շինարարությունը: Դիմեցինք պատկան մարմիններին, և առաջին հերթին քաղաքապետարանը պետք է թույլ չտար: Նույնիսկ զանգել ենք «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններ, բայց ոչ ոք չեկավ: Չթողնելու միակ տարբերակը մնում էր այն, որ պետք է ֆիզիկապես պայքարեինք նրանց հետ»,- ասում է բակի բնակիչներից Դավիթ Ավետիսյանը:

Բնակիչները պատմում են, որ անցյալ տարի «ՍԱՍ» սուպերմարկետի տնօրենն է փորձել պուրակի տարածքում շինարարություն սկսել: Սակայն այն ժամանակ իրենց բողոքներն անհետևանք չեն մնացել. թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տվել «ապօրինաբար ծառերը կտրել»: Նրանց զայրացրել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը, որով պուրակի հիշյալ հատվածը դեռ 2006 թ. հատկացվել է «ՀայՌուսգազարդի» փոխտնօրենին, «ինչի մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել»:

«Հանկարծակիի են բերել. բնակիչներով չէինք իմանում դրա մասին: Թե խի՞ է նոր քաղաքապետն ընթացք տվել էդ անօրեն որոշմանը, չգիտենք»,- ասում է Վանուշ Սարգսյանը:

«Քաղաքապետն ամեն օր հեռուստացույցով կոռուպցիայի դեմ պայքարից է խոսում: Կաշառակերին պետք է փողը ձեռքը բռնե՞ս, որ հաստատես: Ո՞նց կարող է պատահել, որ առանց կաշառքի թույլ տային կտրել 20-25 տարեկան ծառերը, ինչ ա թե մի մարդ պետք ա ասաբնյա՞կ կառուցի: Փող ունի, թող բարեգործություն անի, ինքը երևի 50 հատ բնակարանով ապահովված ա»,- ավելացնում է Գուրգեն Հակոբյանը:

Շինարարության «տերերը» սկզբում բնակիչներին վստահեցրել են, թե պարզապես քանդում են «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռում գտնվող գազաբաշխիչ կայանը: Սակայն քանդման աշխատանքներն ընդգրկել են մոտ 3 անգամ ավելի մեծ տարածք, քան կայանի մակերեսն է:

Պուրակում, որ բնակիչները կոչում են ազատամարտիկ Արմեն Մարտիրոսյանի անունով, տեղադրված է նաև վերջինիս հուշաքարը: Բնակիչները վստահ են, որ հաջորդ քայլը հուշաքարի ավերումն է լինելու: Նրանք պահանջում են, որպեսզի անօրինական ճանաչվի Երվան Զախարյանի 2006 թ. որոշումը, և վերականգնվի պուրակին հասցված վնասը:

«Թող միայն հողը բերեն հետ լցնեն. ծառերը մենք կտնկենք»,- ասում են բնակիչները:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter