HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու իրավական հետևանքները

Հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ներկայացրած օրինագծին, որը ենթադրում էր քրեականացնել Ազգային ժողովում մի պատգամավորի կողմից այլ պատգամավորի փոխարեն քվեարկելը:

Մասնավորապես, «Ժառանգությունը» առաջարկում էր փոփոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն այնպես, որ այլ պատգամավորի փոխարեն քվեարկության (կամ գրանցման) դեպքում ԱԺ նախագահը հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնելու լիազորություն ստանա:

Սակայն կառավարությունը, նշելով, որ այլ պատգամավորի փոխարեն քվեարկելը հանրության նկատմամբ հանցանքի աստիճանի վտանգավորություն չունեցող արարք է, բացասական եզրակացություն տվեց նախագծին:

Քրեական օրենսգիրքը

Ազգային ժողովում քվեարկությունների արդյունքներով կազմվում է արձանագրությունը, որում գրված է, թե տվյալ հարցի (օրենքի) վերաբերյալ քանի պատգամավոր ինչպես է քվեարկել: Եվ եթե մի քվեարկության ժամանակ այլ պատգամավորի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ապա արձանագրության մեջ տեղ գտած «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների թիվը չի համապատասխանում իրականությանը:

Այսինքն, եթե, օրինակ, որոշումը անցնում է 75 «կողմ» ձայնով, բայց իրականում դրան կողմ են քվեարկել 74 պատգամավոր, որոնցից մեկը նաև այլ պատգամավորի փոխարեն է քվեարկել, արձանագրությունում պետք է նշվի, որ «կողմ» է քվեարկել 74 պատգամավոր… Սակայն այսօրվա պրակտիկայում այդպիսի դեպքերում գրվում է 75, ինչը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ («պաշտոնեական կեղծիքը») հոդվածը ենթադրում է պատասխանատվություն կեղծ, իրականությանը ակնհայտ չհամապատասխանող պաշտոնեական փաստաթղթեր պատրաստելու համար:

Այսպիսով, կարելի է վստահաբար ասել, որ այլ պատգամավորի փոխարեն քվեարկությունների պատճառով ԱԺ քվեարկությամբ արձանագրությունում սխալ թիվ գրելը հանցագործություն է` ըստ ՀՀ ՔՕ 314 հոդվածի, և այդ մասին ցանկացած մարդ կարող է հաղորդում ներկայացնել (իհարկե, այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու փաստը ապացուցելու դեպքում):

Իսկ ընդունված որոշման ճակատագի՞րը

ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածն ասում է, որ օրենքները և ԱԺ որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (67 պատգամավոր):

Այսպիսով, եթե քվեարկության ժամանակ տեղի են ունեցել այլ պատգամավորի փոխարեն քվեարկություններ, և դրանք վճռորոշ են եղել օրենքի ընդունման համար, ապա ԱԺ պատգամավորների 1/5-րդը (27 պատգամավոր) պետք է դիմեն ՀՀ Սահմանադրական դատարան` օրենքը չեղյալ ճանաչելու պահանջով:

Իսկ ահա Սահմանդրական դատարանը, հաշվի առնելով, որ օրենքի ընդունման համար իրականում չեն եղել բավարար թվով պատգամավորների ձայներ, չեղյալ է ճանաչում օրենքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter