HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզնից

Բոլորը բողոքում եմ: Չեն համակերպվում: Չեն ուզում ապրել այս երկրում: Բայց ո՞ւր է արդյունքը:

Փողոցում անծանոթ մարդկանց մի քանի հարց տալով կարելի է պարզել նրանց կարծիքը Հայաստանի ներկայիս վիճակի մասին: Բոլորը դժգոհ են: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում պայքարել: Բոլորը միայն բողոքում են եւ մեղադրում են իշխանություններին անգործության մեջ: Իսկ երբ հերթը գալիս է պայքարին...

Հայաստանը այլեւս այն հին թվերի Հայաստանը չէ: Չկա այն միասնականությունը, այն ուժը, որի շնորհիվ մենք գոյատեւել ենք այսքան տարի եւ չենք վերացել աշխարհի երեսից: Հայ ժողովուրդը միշտ ուժեղ է եղել իր միասնականության շնորհիվ: Օրինակները բազմաթիվ են: Իսկ հիմա ի՞նչ ենք մենք տեսնում:

Երիտասարդության 90 %-ը ձգտում է հեռանալ այս երկրից, տղաները չեն ուզում ծառայել բանակում, աղջիկները ընկնում են արտասահմանցի տղաների ետեւից: Փորձեք նրանցից մեկին հարցնել ինչու, կասեն, որ ամեն ինչ վատ է, իշխանությունները չեն գործում, մենք չենք ուզում այստեղ ապրել, մեզ չեն հասկանում: Իսկ եվրոպաների եւ ամերիկաների վրա երեւի մեղր է, հա՞, քսած: Թե՞ այնտեղ ձեզ կպատվեն, կհարգեն, որ դուք թողել եւ փախել եք ձեր երկրից եւ գնացել եք իրենց մոտ:

Ես մի հարց ունեմ այդ մարդկանց. այդ ե՞րբ բողոքեցիք եւ արդյունքի չհասաք, որ հիմա էլ որոշել եք ապագան չկապել Հայաստանի հետ: Նայում ես «Ֆեյսբուք»-ի որոշ խմբեր, որոնց նպատակը պայքարն է ինչ-որ բանի դեմ: Այդ խմբերում գրանցված են հազարավոր մարդիկ: Բայց բողոքի ցույցերին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են դառնում: Բոլորը կարծես ներքաշվել են մի նոր՝ վիրտուալ պատերազմի մեջ: Իրենց տաք տներում բուխարու կողքը նստած՝ ստեղնաշարը չխկչխկացնելով պայքարում են: Իսկ երբ գալիս է փողոց դուրս գալու ժամանակը՝ այդ մարդիկ հիշում են, որ իրենք չեն ուզում Հայաստանում ապրել:

Հիմա ասեք՝ ՀՀ իշխանություննե՞րն են մեղավոր այս ամենի համար: Հեռու չգնանք: Միայն անցած տարի եղան մի քանի դեպքեր, երբ ժողովրդի միասնականության շնորհիվ լուծվեցին բազմաթիվ հարցեր (Մաշտոցի պուրակ, «Փակ» շուկա, Խոսրովի արգելոցի գործ, «Մատաղիսի» գործ եւ այլն, եւ այլն): Սա ցույց է տալիս, որ եթե միասնական պայքարենք, ամեն ինչի էլ կարող ենք հասնել:

Սովետական համակարգը ինքնին շատ մեծ եւ հզոր համակարգ էր, որը կարողացավ ջախջախել ֆաշիստներին: Բայց երբ մարդկանց սկսեց դուր չգալ այդ համակարգը, նրանք ոտքի կանգնեցին եւ փլուզեցին այն: Նրանք դրա համար ոչ պատերազմ արին, ոչ շենքեր քանդեցին, ոչ մարդ սպանեցին: Ուղղակի բողոքեցին եւ հասան իրենց նպատակին:

Փառք Աստծո, որ Արցախյան ազատամարտի ժամանակ չեղավ այն, ինչ հիմա է կատարվում: Եթե այն ժամանակ էլ Մոնթեն, Վազգենը, Կոմանդոսը եւ այլ շատ ու շատ հերոսներ նստած ստեղնաշար չխկչխկացնեին, հիմա մենք չէինք ունենա Լեռնային Ղարաբաղը, չէինք ունենա վախեցած Ադրբեջան: Աստված գիտի մենք կունենայի՞նք Հայաստանի Հանրապետություն, թե՞ ոչ: Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկը մի անգամ ասաց. «Եթե պատերազմ պետք է լինի, Աստված տա հենց վաղն էլ լինի, որ գոնե մենք գնանք կռվենք: Դա երկու լավ կողմ ունի: Համ այս երիտասարդությունը չի տուժի, համ էլ երկիրը: Թե չէ, եթե թողնեն միայն երիտասարդության վրա, նրանք բոլորն էլ կփախնեն կգնան: Ու եթե պետք է փախնեն, թող հենց հիմա փախնեն եւ հետ գան, երբ ամեն ինչ կկարգավորվի: Այդ ժամանակ մենք կիմանանք, որ 10 հոգի ենք, ոչ թե կիմանանք, թե 100 հոգի ենք, բայց հենց կռիվը սկսվի մնանք 10 հոգի: Դա ավելի վատ կլինի»:

Հենց այստեղ պետք է մեջբերեմ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի խոսքը. «Եթե ուզում ես փոփոխություններ անել, սկսիր ինքդ քեզնից»: Ուրիշին մեղադրելը հեշտ է: Ես կասեի՝ դա աշխարհի ամենահեշտ բանն է: Բայց ինքդ քեզ նայելը, սխալները տեսնելը, ընդունելը եւ դրանք ուղղել փորձելը ամենադժվար բանն է այս կյանքում: Եթե մենք կարողանանք դա անել, մեզ երբեք չի հաղթի ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին, ոչ ներքին թշնամին, ոչ էլ ինչ-որ մեկը...

Աշոտ Իսրայելյան

Մեկնաբանություններ (1)

Արամայիս Միրզախանյան
Լավ է, ծանոթ մտքեր... Ինչպ՞ես անել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter