Դպրոցականները ծանոթանում են հայ-ռուսական ընդհանուր պատմության հերոսական էջերին
Ապրիլի 13-ին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը կազմակերպել էր Երեւանի մի շարք դպրոցների 7-9 դասարանների աշակերտների այցելություն 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր: Հիշեցնենք, որ համալիրի բարեկարգման մտահղացումը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն այսօր դպրոցականներին է ներկայացրել Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական եղբայրության պատմությունը եւ նվիրել երկու ժողովուրդների հերոսական անցյալի մասին պատմող ալբոմներ:
Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել:
Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգումն էր: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին` Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ:
Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին:
«Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել