HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիների 78 %-ը գնահատել է դրական

2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված «Երևանցիները՝ Երևանի մասին»  հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78 %-ը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է:

«Նախորդ տարվա մեր ձեռքբերումները նկատելի և գնահատելի էր բնակչության կողմից: 2013 թվականին պետք է կրկնապատկենք մեր աշխատանքները և անենք ավելին` մեր համաքաղաքացիների ակնկալիքներն ու սպասելիքները կյանքի կոչելու համար: Այն ոլորտներում, որտեղ առայժմ կան որոշակի թերություններ, համոզված եմ, որ կկարողանանք վերացնել և արձանագրել դրական աճ: Դրան զուգահեռ, ըստ ոլորտների, հանրությանը պարբերաբար պետք է ներկայացնենք այս տարի մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու անելիքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ձյան հետևանքների վերացման և մաքրման աշխատանքներն ու դրանցում համատիրությունների, պայմանագրային հիմունքներով ձևավորված օպերատիվ խմբերի, ինչպես նաև հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հիմնարկների մասնակցությունը քաղաքապետը գնահատել է բավարար:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել նաև մայթերի մաքրումը, այդ թվում՝ խստորեն վերահսկելով վարչական շրջաններում առկա տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ապահովումը: Այս դրույթն ամրագրված է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով վարչական տույժ նշանակելու իրավունք այսուհետ ունեն նաև Երևանի քաղաքապետն ու նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

«Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները, մեզ վերապահված լիազորությունների շրջանակում կենթարկվեն պատասխանատվության: Սա վերաբերում է ոչ միայն ձնամաքրման աշխատանքներին, այլև ողջ տարվա ընթացքում հարակից տարածքները մաքուր, բարեկարգ ու կանաչապատ պահելուն»,- նշել է քաղաքապետը:

Տոնական օրերին քաղաքապետի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվել առողջապահական հիմնարկներում: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված բոլոր կանչերը օպերատիվ սպասարկվել են:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկումը տոն օրերին իրականացվել է երկարաժամյա ժամանակացույցով: Երկու միկրոավտոբուսային երթուղիներ էլ Ամանորին ընդառաջ փոխարինվել են ավտոբուսայինով: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը սպասարկման որակի նկատմամբ:

Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող առկա բոլոր շենքերը: Հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել կանխարգելման համապատասխան աշխատանքներ:

Անդրադառնալով ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել  հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:

Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ այսօրվանից Երևանի բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը, և որ մայրաքաղաքի բոլոր կրթական հաստատություններում  ապահովված է անխափան ջեռուցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter