Ամփոփվեցին ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության 2012թ. գործունեության արդյունքները եւ ներկայացվեցին 2013 թ. անելիքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2012թ-ին կատարված աշխատանքները եւ 2013 թ.-ի ծրագրերը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2012թ.-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջացառումների իրականացմանը, Սիրիայից ժամանած անձանց հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ոլորտում նոր նախաձեռնությունների մեկնարկին:
Մասնավորպես ձեւավորվել է գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, ինչպես նաեւ երեք միջգերատեսչական աշխատանքային խմբեր: Ծրագրով նախատեսված 147 գործողություններից 2012թ.-ին մեկնարկել է 83-ը: Ծրագրի իրականացմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերվում շահագրգիռ միջազգային կազմակերպությունների կողմից:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ավարտվել են ՍԷԿՏ համակարգի բարեփոխման աշխատանքները: Համակարգը հնարավորություն կընձեռի միգրացիոն հոսքերի ծավալների վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալ: Բարեփոխումների առաջարկով հանդես էր եկել միջգերատեսչական աշխատանքային խումբը, այդ նպատակով համապատասխան միջոցներ էին հատկացվել կառավարության կողմից:
Նշվեց, որ տարվա ընթացքում ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ծառայությանն են դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը`Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել եւ ապաստան են ստացել 145-ը: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ:
Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: 1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռեւս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:
2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը: Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200:
Ծառայությունը շարունակել է աշխատանքերը միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ: «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համատեղ հռչակագրի շրջանակում 2012թ. մեկնարկել է «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում` կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների վրա» առաջին կիրառական ծրագիրը: 2012թ. պաշտոնապես ազդարարվել է «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի մեկնարկը, որն իրականացնում է Շվեդական միգրացիոն գործակալությունը Լեհաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
Անդրադառնալով 2013թ. անելիքներին` Գ. Եգանյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են լինելու միգրացիոն հոսքերում ներառված անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի ներդրման, «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման, ապաստան հայցողների համար նախատեսված «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի աշխատանքների բարելավման, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվող քայլերի ստանդարտացման աշխատանքները:
Շարունակվելու են միջազգային համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: Հայկական կողմը կմասնակցի Պրագայի, Բուդապեշտի գործընթացների շրջանակում իրականացվող ծրագրերին եւ միջոցառումներին, Արեւելյան գործընկերության շրջանակում ձեւավորված «Միգրացիայի եւ ապաստանի» հարթակի աշխատանքներին: Կշարունակվեն «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ համատեղ հռչակագրի եւ «Թվինինգ» ծրագրերի շրջանակում աշխատանքները:
Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայության գործունեությունը` կարեւորելով «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջոցառումների` սահմանված ժամկետներում իրականացումը, ինչպես նաեւ միգրացիոն հոսքերի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել