
Մեղադրյալը՝ սպանվածի մորը. «Մի վաճառեք ձեր տղայի արյունը, նախ պարզեք, թե իրականում ով է սպանել նրան»
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատական առաջին նիստը, որ նշանակվել էր 2012թ. դեկտեմբերի 27-ին՝ չկայացավ, քանի որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին ԱԱԾ մեկուսարանից չէին տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն և 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել էր Քր. օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ:
Հունվարի 15-ին՝ ժամը 12-ին նշանակված դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով: Մինչ նիստի սկսվելը ամբաստանյալի հարազատները «ամոթ դատախազությանն և ոստիկանությանը», «Հարություն Սարգսյանն անմեղ է», «բռնել իրական մարդասպանին» և այլ վերտառությամբ ցուցապաստառներով հավաքվել էին դատարանի շենքի մուտքի մոտ՝ պահանջելով արդար դատավարություն:
Թե տուժողի, թե մեղադրյալի կողմից բավական մեծ թվով մարդիկ էին եկել դատավարությանը մասնակցելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատավոր Մարտին Սարոյանը նիստը տեղափոխեց դատարանի ամենամեծ դահլիճ: Թե սպասարահում, թե դատարանի դահլիճում մեղադրյալի և տուժողի հարազատներն իրենց զուսպ էին պահում:
Վիրավորական արտահայտություններ սկսեցին հնչել այն պահին, երբ նիստերի դահլիճ բերեցին Հարություն Սարգսյանին: «Տեսեք, տեսեք, մեր օրերի Ռամիլ Սաֆարովն է: Լավ նայեք, ժողովուրդ, այս տականքին»,- հայտարարեց սպանված Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: «Տիկին, ես ձեզ խորհուրդ կտամ չշտապել ու որակումներ չտալ: Նախ գտեք ձեր տղային սպանած իրական հանցագործին,- տուժողի իրավահաջորդին խորհուրդ տվեց մեղադրյալը:- Մի վաճառեք ձեր տղայի արյունը, նախ պարզեք, թե իրականում ով է սպանել նրան»:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալն, օգտվելով դատավարական իր իրավունքից, խնդրեց ազատել ձեռքերը ձեռնաշղթայից: Բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված 29-ամյա երիտասարդը, պատասխանելով դատավորի՝ կենսագրական տվյալներին վերաբերող հարցերին, հրաժարվեց, առանց իր փաստաբանի, ներկայության պատասխանել տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններից Ա. Մելքոնյանի «բանակում ծառայե՞լ է, թե՞ ոչ» հարցին:
«Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին առանց փաստաբանի, քանի որ ինձ բռնելու ժամանակ հարցրին, թե դու էս ինչ օրը եղել ես Վրաստանում, ասել եմ՝ այո, ու դա օգտագործել են իմ դեմ: Հիմա ես չգիտեմ, թե իմ այո-ն կամ ոչ-ը ինչպես կօգտագործեն, դրա համար էլ հրաժարվում եմ պատասխանել»,- պարզաբանեց մեղադրյալը:
Դատավորի այն հարցին, թե ֆիզիկապես առո՞ղջ է Հարություն Սարգսյանը, վերջինս նշեց, որ մինչև 2012թ. ապրիլի 12-ն առողջ էր: «Մինչև մսագործ Կարեն Բաբակեխյանի (Շիրակի մարզային ոստիկանության պետ - հեղ.) հետ հանդիպելս առողջ էի,- հայտարարեց ամբաստանյալը:- Ղասաբ Բաբակեխյանի ձեռքի տակով անցնելուց հետո գլխիս վրա հայտնված ուռուցքները շարունակում են մնալ, ծեծ ու ջարդի մնացած հետքերն էլ իրենց զգացնել տալիս են դեռ»:
Քանի որ Հարություն Սարգսյանի երեք փաստաբանից և ոչ մեկը չէր ներկայացել դատավարությանը, մեղադրյալը միջնորդեց դատարանին հետաձգել դատական նիստը: Հարությունի հայրը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, դատարանին տեղեկացրեց, որ նրանք բացակայում են հանրապետությունից և կվերադառնան հունվարի վերջին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին:
Մեկնաբանել