Արթուր Նալբանդյան. «Գյուղեր ունենք, որտեղ գյուղնշանակության հողերի ընդամենը 40 տոկոսն է մշակվում»
«Հետքի» հարցազրույցը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ
-Ինչպե՞ս ավարտեցիք Լոռու մարզպետարանում 2012 թվականը:
-Չնայած մարզի բոլոր ոլորտներում զարգացման որոշակի տեղաշարժեր են արձանագրվել, բայց մենք դեռ լուրջ անելիքներ ունենք: Մեր բոլոր բարեփոխումները գրեթե ավարտական փուլ չհասան: Դրանց արդյունքները հաջորդ տարիներին կտեսնենք: Ես համոզված եմ, որ բարեփոխումները մարզի գյուղատնտեսության բնագավառում շարունակական են լինելու: Մենք դեռ շատ լուրջ անելիքներ ունենք գյուղտեխնիկայի ձռքբերման, հակակարկտային կայանների տեղադրման, ինչպես նաև սեփականատերերի կողմից չմշակվող վարելահողերի մշակության ապահովման գործում:
Մեր մարզում դեռ կան գյուղեր, որտեղ արտագաղթը շարունակվում է: Այդ գյուղերում գյուղատնտեսությունը զարգացման դանդաղ տեմպեր ունի՝ չնայած պետության կողմից տրված աջակցություններին. համենայն դեպս, գյուղերում տղամարդու աշխատող ձեռքը պակասում է: Գյուղեր ունենք, որտեղ գյուղնշանակության հողերի ընդամենը 40 տոկոսն է մշակվում: Անասնապահության առումով մինչև հունվարի վերջը մենք կունենանք մարզի վիճակագրական տվյալները, որից կպարզվի, թե նախորդ տարիների համեմատ անասնագլխաքանակը որքան է նվազել: Անասունների գլխաքանակի նվազման արդյունքում մարզում վերջին տարիներին նկատվում են կաթի և մսի թանկացումներ:
-Դուք 2012թ. օգոստոսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոստացել էիք վերակառուցել Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը: Ի՞նչ եղավ ձեր խոստումը:
-Փորձել եմ ֆինանսական միջոցներ գտնել մկնդեղի գերեզմանոցի անվտանգության խնդիրը լուծելու համար: Վերջերս ԱԺ վերահսկիչ պալատը մարզի կտրվածքով աղբահանության վիճակի ստուգումներ էր անցկացնում: Խնդիր բարձրացվեց նաև մկնդեղի գերեզմանոցի մասին, և չի բացառվում, որ պետբյուջեից հատկացումներ արվեն մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման համար: Անկախ նրանից, թե իրավաբանորեն «Էյ-Սի-Փի»-ն մկնդեղի գերեզմանոցի իրավահաջո՞րդն է, թե՞ ոչ՝ ես համարում եմ, որ գերեզմանոցի անվտանգության ապահովումը ընկերության գործառույթների մեջ է մտնում: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել և 100 տոկոսանոց հայտարարություններ անել: Այս տարվա 2-րդ կեսից մեզ համար որոշ բաներ կհստակեցվեն, և մենք կտեղեկացնենք, թե կոնկրետ ինչ տարբերակով ենք մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման խնդիրը լուծում:
-Հրատապ ծրագրով որևէ գումար հատկացվե՞լ է Ջիլիզա համայնքին, որը գրեթե վերանում է որպես սահմանային գյուղ: Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղում նույնպես անկախության տարիներին որևէ շինարարություն չի իրականացվել: Անանցանելի է Կաթնաղբյուր գնացող ճանապարհը:
-Ջիլիզայի համայնքապետը հարց է բարձրացրել գյուղի խմելու ջրի մասով: Մենք դրա համար դիմել ենք համահայկական հիմնադրամին և «Վիվասել» ընկերությանը: Նախնական պայմանավորվածությամբ ծրագրի երկրորդ մասը կֆինանսավորի այդ 2 կազմակերպությունից որևէ մեկը: Ջիլիզան՝ որպես սահմանամերձ համայնք, խմելու ջրի խնդիր չի ունենա: Եթե չեմ սխալվում, ծրագիրը կկազմի մոտ 60 մլն դրամ: Մենք կառավարության միջոցով արագ լուծում տվեցինք նաև Ջիլիզայի հողատեսքերի հարցին:
Ինչ վերաբերում է Կաթնաղբյուրին, ցավոք սրտի պետք է ասեմ, որ ճանապարհաշինությունը շատ թանկ հաճույք է: Մեկ ք.մ. փոսային նորոգումը ասֆալտի տեսքով միջինը 10 հազար դրամ է կազմում, և եթե որոշենք հրատապ ծրագրով ճանապարհներ վերանորոգել, այդ 1 միլիարդ դրամը կծախսենք 2-3 համայնքի վրա: Մենք փորձելու ենք ճանապարհների խնդիրը լուծել գրունտային տարբերակներով:
Կա մի խնդիր, որ համայնքերն են ստեղծում: Նախորդ տարվա վերջին կառավարության կողմից որոշում կայացվեց, որ այն համայնքերում, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը չի կազմում 90 և ավել տոկոս, հրատապ ծրագրերից ներդրումներ չեն կատարվելու: Կաթնաղբյուր համայնքը սեփական եկամուտների հավաքագրման խնդիր է ունեցել:
-Չե՞ք կարծում, որ կառավարության այդ պահանջը շատ համայնքապետների մղում է բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կեղծիքների, ինչը կատարվել է Դսեղում, ժամանակին նաև Լորուտում:
-Ես մարզպետարանի նորընտիր վարչական հանձնաժողովին հրահանգավորել եմ հետևողական լինել կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ: Չեմ առարկում, որ ունենք համայնքներ, որտեղ տարիներ շարունակ բարձիթողի վիճակ է եղել: Վստահեցնում եմ, որ այսուհետև մեր վարչական հանձնաժողովը իր դիրքերում է լինելու:
-Դուք համայնքների բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում հետևողական եք, սակայն ծախսային մասը գրեթե չեք վերահսկում: Ինչո՞ւ:
-Մարզպետին կից վարչական մեր հանձնաժողովը այս տարի գործելու է նոր կազմով: Հանձնաժողովի հետ իմ այս տարվա առաջին խորհրդակցությանը մենք որոշել ենք անդրադառնալ բյուջետային անօրինական ծախսերի մասին մամուլի հրապարակումներին: Մեր վարչական հանձնաժողովը անմիջապես կարձագանքի դրանց:
-Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ մարզպետարանի վարչական հանձնաժողովը Շնողում 2011թ. կատարած ստուգումների ընթացքում չի արձանագրել նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի կատարած բազմաթիվ յուրացումները:
-Ստուգում իրականացնելու պահին Շնողի համանքապետարանի փաստաթղթերը գտնվել են Լոռու մարզային դատախազությունում, այդ պատճառով էլ հանձնաժողովը չի կարողացել բացահայտումներ անել: Ես գիտեմ, որ իրավապահ մարմինները զբաղվում են Շնողում կատարված յուրացումների փաստերով: Վստահ եմ, որ դատախազությունը դրանց իրավական գնահատականները կտա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել