Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև Երևանի, Գյումրիի և Վանաձորի քաղաքապետները, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները:
Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:
Արմեն Գևորգյանն ասաց, որ գնումների գործընթացները լինելու են նաև տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարևորեց համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը և գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկների ներկայացումը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ ներկայացրեց մի շարք մշակութային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հունվարի վերջին և փետրվարի սկզբին կկազմակերպվեն Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսն (մարզային «ArtExpo») ու մրցույթ-փառատոնը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում: Ցուցահանդեսի և փառատոնի մրցութային փուլերն այս անգամ կանցկացվեն Վանաձոր, Արտաշատ և Արմավիր քաղաքներում:
Հասմիկ Պողոսյանն ընդգծեց 2013թ. Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու նպատակով տարվա ընթացքում նախատեսվող տարբեր մշակութային նախագծերին բոլոր մարզերի մասնակցության անհրաժեշտությունը:
Հասմիկ Պողոսյանը նաև անդրադարձավ «Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագրին», որի նպատակն է նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ նշված երթուղու վրա գտնվող մշակութային հուշարձաններն առավել հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաև Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևանի ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի և դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել