Թեկնածուներին Հանրային հեռուստատեսությունը կտրամադրվի 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի եթերաժամ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի՝ տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2013թ. հունվարի 21-ից մինչև 2013թ. փետրվարի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
բ) 2013թ. փետրվարի 2-ից մինչև 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչև 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2013թ. հունվարի 21-ից մինչև 2013թ. փետրվարի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ՝ 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
բ) 2013թ. փետրվարի 8-ից մինչև 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրական երկու անգամ՝ 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.
գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչև 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրական երկու անգամ՝ 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում դրա փոխարեն թեկնածուին այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև թեկնածուին տրամադրված եթերաժամն այլ թեկնածուի կողմից օգտագործվել չի կարող:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաև 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 884-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 619-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 155 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել