
«Առավոտ». Դրվատանք և քննադատություն
Թերթի խմբագիրն անդրադարձել է «Ա1+»-ի` Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի մրցանակին արժանանալու փաստին.
«Դա, իհարկե, որախալի փաստ է: Հպարտ եմ, որ դրանով գնահատվել է իմ ընկերների, նաև` իմ աշխատանքը: Բայց, գուցե դա տարօրինակ հնչի, ես կուզեի, որ գար այն ժամանակը, երբ մեր երկիրը Բելառուսի, Դաղստանի և Ադրբեջանի շարքում նման մրցանակի չարժանանար: Որովհետև նման պարգևը որքան դրվատում է լրատվամիջոցին, նույնքան անուղղակիորեն քննադատում է այն պետությունը, որտեղ, բացի սովորական մասնագիտական խիզախությունից, անհրաժեշտ է հատուկ քաղաքացիական արիություն` նորմալ լրագրողական աշխատանք կատարելու համար:
Մոտավորապես այնպես, ինչպես համաներումը լավ բան է, սակայն շատ ավելի ցանկալի է, որ մենք ունենանք նորմալ դատարաններ, որոնք վերևից եկող քաղաքական հրահանգներով չդատապարտեն անմեղ մարդկանց, որպեսզի հետո ընդդիմությունը և ամբողջ հասարակությունը ստիպված չլինեն պայքարել նրանց ազատ արձակելու համար, իսկ Ազգային ժողովը և նախագահը հարկադրված չլինեն դատական ապօրինություններն ուղղել համաներմամբ:
«Ա1+»-ի դեպքում էլ, իմ կարծիքով, ավելի ցանկալի կլիներ, որ իշխանությունը 9 տարի չզրկեր մեզ եթերից` առանց մրցանակի մենք, ինձ թվում է, մի կերպ յոլա կգնայինք»:
Մեկնաբանել