HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

75 հազար գրականության կորուստը կառավարությանը չի՞ մտահոգում

Facebook-ն ու սոցիալական այլ ցանցերը դեռ չեն ներխուժել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, այդ իսկ պատճառով գրքի նկատմամբ սերն ու  պահանջարկն այստեղ մեծ է: Մարտունեցիները կռիվ են անում նոր գիրք ունենալու, հինը պահելու համար, իսկ նրանց պահանջին ոչ կառավարությունը, ոչ էլ տարբեր հիմնադրամները ականջալուր չեն լինում:

Քաղաքի կենտրոնական գրադարանի անմխիթար վիճակին «Հետքն» անդրադարձել է դեռ 2 տարի առաջ: Այդ ժամանակ քաղաքային իշխանությունները խոստացան, թե գրադարանը կվերանորոգվի 2010 թվականին, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը խառնել է կառավարության ծրագրերը, եւ դրանից շուտ հնարավոր չէ գումար հատկացնել վերանորոգման համար: 2010 թվականն արդեն պատմություն է, իսկ գրադարանի 75 հազար կտոր գրականությունը դեռ ՙդիմադրում՚  է անձրեւին ու խոնավությանը:

Մարտունիում ժամանակին 3 գրադարան կար: Դրանցից երկուսը փակվել են, եւ գրքերը կենտրոնացվել են կենտրոնական գրադարանում: Սակայն, այստեղ էլ տարածքն այնքան փոքր է ու անմխիթար, որ գրքերի 30-40%-ը դեռ կապոցների մեջ է ու չի օգտագործվում: Կապոցներում պահելը մեղմ է ասված, քանի որ գրադարանի տնօրինությունը շենքի մի անկյունում համեմատաբար չոր տեղ է գտել եւ գրքերը կույտով հավաքել այդ անկյունում: Չկան համապատասխան ցուցատախտակներ, որոնց վրա կդրվեն գրքերը:

Մարտունու կենտրոնական գրադարանի տնօրեն Լիդա Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անդադար տեղացող անձրեւներից հետո, խոնավությունից գրքերի վրա բորբոս ու սնկեր են աճել: Տնօրենն ահազանգում է, որ մի քանի տարի հետո այլեւս այդ գրքերից հնարավոր չի լինի օգտվել, եւ քանի դեռ ուշ չէ, պետք է փրկել գրականությունը:

Գրադարանի տարածքում գործում է երեք հիմնական դպրոց, եւ աշակերտները հենց կենտրոնական գրադարանից են օգտվում: 2010 թ. գրադարանն ունեցել է 2514 կայուն ընթերցող:

Տնօրենը փաստում է, որ ռիսկ չեն անում գրապահոցի դուռը բացել, քանի որ խոնավության հոտն անտանելի է: Նրան նաեւ մտահոգում է երկար տարիներ գրադարանում աշխատողների առողջությունը, քանի որ նրանք էլ շնչում են այդ խոնավ օդն ու նստում թաց պատերի ներսում: «Հենց հիմա նստած դողում ենք: Դրսում ցուրտ է, անձրեւ է գալիս, բայց մենք դուռ ու պատուհան ենք բացում, որ միջանցիկ քամի լինի, գրքերը մի քիչ չորանան»,- նշում է տնօրենը:

Նրա խոսքերով` նույնիսկ այս պայմաններում գրադարանը մեկ օր չի փակվել: Կապ են պահպանում Ազգային գրադարանի հետ եւ համատեղ միջոցառումներ իրականացնում: Չնայած աշխատանքային ոչ բարվոք պայմաններին, գրադարանի կոլեկտիվը  տարբեր միջոցառումներ է նախաձեռնում: Գրողների ծննդյան օրերն ու ընթերցանության երեկոները կազմակերպվում եւ անցկացվում են քաղաքի երաժշտական դպրոցում կամ մշակույթի տանը:

Լիդա Ալեքսանյանն ասում է, որ գրքերի մեծ մասը դուրս գրելու ենթակա է, քանի որ բազմիցս վերանորոգվել է եւ այլեւս հնարավոր չէ կարգի բերել: Սակայն, վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի գիրք դուրս չի գրվել: Հիմնական պատճառը գրքի պահանջարկն է: Թեկուզ հնամաշ, բայց հատկապես մանկական գրականությունը մեծ պահանջարկ ունի Մարտունիում: Բացի այդ, վերջին 7-8 տարիների ընթացքում գրադարանը շատ քիչ գիրք է ստացել, եւ եթե եղածներն էլ դուրս գրվեն, ապա չեն կարողանա ընթերցողի կարիքները բավարարել:

Տնօրենը հաշվել է` ամսական մոտ 100 գիրք է տեղում սոսնձվում ու վերանորոգվում:

«Ճիշտ է, գրքերը քրքրված վիճակում են, բայց ամեն օր հերթափոխով աշխատողները նստում, գրքերը վերանորոգում են, մեծ պահանջարկ կա, ո՞նց կարող եմ այդ գրքերը դուրս գրել: Մանկական գրադարանը մեզ մոտ է տեղակայված, ամառվա արձակուրդներին ամեն օր երեխաներ են գալիս իրենց ծնողների հետ, նոր գրականություն չկա, բայց հինն էլ դուրս գրել չեմ կարող»,- ավելացնում է Լիդա Ալեքսանյանը:

Տնօրենը հիասթափված է, որ կառավարությունը չի կատարում իր իսկ խոստումը: Առ այսօր ոչ գրադարանների մասին օրենք է ընդունվել, ոչ վերանորոգվում են գրադարանները, ոչ էլ` հագեցվում նոր գրականությամբ:

«Այս տարի մարզպետարանի միջնորդությամբ քաղաքապետարանը ցանկանում է վերանորոգման աշխատանքներ կատարել մեր գրադարանում, բայց մինչեւ հիմա դեռ աշխատանքները չեն սկսել: Մեզ ասել են, որ պատուհանները փոխելու համար գումար չկա, եւ 3 մլն դրամ են նախատեսել հատակը կարգի բերելու եւ կոսմետիկ վերանորոգում անելու համար: Շատ գումար է պետք, գիտենք, որ քաղաքապետարանն այդքան գումար չունի կապիտալ վերանորոգում անելու համար»,- նշեց գրադարանի տնօրենը:

Լիդա Ալեքսանյանը խնդրանքով դիմում է Հայաստանում եւ արտերկրում ապրող բարերարներին, որ ֆինանսական օգնություն հատկացնեն 75 հազար կտոր գրականությունը փրկելու համար: «Քանի որ գրադարանը քաղաքապետարանի ենթակայության տակ է, մշակույթի նախարարությունը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել, ոչ մի հարցով չի աջակցում: Ես էլ ստիպված եմ բարերարներին խնդրել»,-ավելացրեց Լ.Ալեքսանյանը:

Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանը նույնպես մտահոգված է բազմաթիվ գրքերի հնարավոր ոչնչացման փաստով: Ըստ նրա` քաղաքապետարանը բոլոր հնարավորություններն օգտագործել է, որ գրադարանի վերաբերյալ նախագծային փաստաթուղթ կազմվի եւ վերանորոգման համար գումար նախատեսվի, սակայն լուրջ հաջողությունների չեն հասել:

«Սիպված ենք մոտակա ավագանու նիստով քաղաքի մշակույթի տան երկու վարձակալների հետ խզել պայմանագրերը, որ սենյակ ազատենք ու հատկացնենք գրադարանին: Բոլոր պետական կառուցներին դիմել ենք` սոցիալական հիմնադրամներին, մարզպետարան, քաղաքաշինության նախարարությանը, մշակույթի նախարարությանը, կառավարությանը, որ ֆինանսական միջոցներ հատկացնեն 75 հազար կտոր գիրքը փրկելու համար, սակայն մինչ օրս որեւէ ուղղությամբ շանս չի առաջացել: Ոչ բարեգործները, ոչ նախարարություններն ու կառավարությունը օգնության ձեռք չմեկնեցին»,- ասում է Խաչիկ Խլղաթյանը:

Նրա ասելով` գրադարանի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի, իսկ քաղաքապետարանն այդքան գումար չունի: Անպայման կառավարության միջամտությունն է անհրաժեշտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter