HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետրոս Ղազարյանի դիմումի արդյունքում օմբուդսմենի խորհուրդները ոստիկանությանը

Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիսոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ է հանդիսացել ոստիկանության կողմից պատրաստված և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած քննադատությանը: Ոստիկանության անունից այդ տեսնայութում Պետրոս Ղազարյանին խորհուրդ էր տրվում. «... եթե այնուամենայնիվ որոշել եք հարց լուծել` ձեր իմացությանն ու կարողությանը հարիր թեմա ու թիրախ ընտրեք, թե չէ հարցի ծանրությունից կկքվեք»։

ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված բռնություն գործադրելու սպառնալիքով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Գտնելով, որ այս դեպքում ոստիկանության հնչեցրած սպառնալիքը ակնհայտ չէ և այդ պատճառով իրավական իմաստով քրեական գործի հարուցումը նպատակահարմար չէ, այնուամենայնիվ,  պաշտպան Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել հետևյալը: 

Օմբուդսմենի խորհուրդը ոստիկանությանը.

«1.  Գործեք ձեր իրավասությունների շրջանակում և զերծ մնացեք լրագրողին կամ  որևէ այլ անձի սպառնալի խորհուրդներ տալուց:

2. Բոլորիս աջակցությամբ, այդ թվում՝ քննադատությամբ, շարունակեք ոստիկանության բարեփոխման ծայրահեղ անհրաժեշտ գործը: Անելիքները շատ են:

3. Քրիստոնեաբար ընդունեք և սահմանադրորեն արձագանքեք քննադատությանը: Այդ դեպքում իրական ու շոշափելի բարեփոխումների արդյունքը կվայելենք ու կհնչեցնենք բոլորս»։

Անընդունելի է ոստիկանության կամ որևէ այլ մարմնի կողմից լրագրողական օրինական գործունեությանը ակնհայտ կամ քողարկված սպառնալիքով խոչընդոտելը: Ժողովրդավարական երկիր կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ չենք լռեցնում նույնիսկ անհաճո լրագրողի՝ անգամ հրահրող քննադատությունը: Նման երկրում միայն զրպարտչական կամ վիրավորական խոսքն է թույլատրվում սահմանափակել, այն էլ բացառապես դատական կարգով: Զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու օրենսդրական լիարժեք հնարավորություն այսօր ունի թե´ ոստիկանը և թե´ որևէ այլ անձ: Իսկ մնացյալ բոլոր փորձերը ուղղորդել, սահմանափակել, ճնշել ազատ մարդուն և մասնավորպես լրագրողին՝ բացարձակ մերժելի ու ապօրինի են, հատկապես, երբ դրանք արվում են պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով հաստատվել է, որ անընդունելի է այնպիսի գործողությունների ձեռնարկումը կամ նույնիսկ այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որոնք կդրդեն անձանց երկմտել, վախենալ իրենց խոսքի ազատության իրացման համար (Վիլը ընդ. Լիխտենշտեյնի, Նիկուլան ընդ. Ֆինլանդիայի, Էլսին և այլոք ընդ. Թուրքիայի):

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter