
Սպանվել է «օրենքով գող» Դեդ Հասանը
Այսօր՝ մոտ 1 ժամ առաջ, Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկից դուրս գալու պահին սպանվել է ազգությամբ եզդի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Դեդ Հասան մականունով:
Վերջինս քրեական հայտնի հեղինակություն, հանցագործ աշխարհի կնքահայր Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի մահվանից հետո «օրենքով գողերի» շրջանում համարվում էր ամենահեղինակավոր դեմքը: Դեդ Հասանի ղեկավարած խմբավորումը, ըստ ռուսական լրատվամիջոցների, ազդեցության ոլորտի համար կատաղի պայքար էր մղում ազգությամբ վրացի մեկ այլ «օրենքով գող» Տարիել Օնիանիի հետ: Սակայն, այնուամենայնիվ, առաջին խաղացողը համարվում էր հենց Ասլան Ուսոյանը:
Այսօր նա հրազենային մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում, եւ քիչ անց մահացել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեդ Հասանի վրա դիպուկահարը կրակել է օպտիկական նշանոցով հրացանից, ամենայն հավանակությամբ, ռեստորանի հարեւանությամբ գտնվող շենքի տանիքից:
Life News լրատվամիջոցը հայտնում է, որ կրակոցներից ոտքի վնասվածք է ստացել նաեւ պատահական անցորդ Բիկչուրինա Մարիատը: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալը եւ քաղաքային ոստիկանության պետը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 1937 թ. Վրաստանում ծնված Ասլան Ուսոյանն առաջին անգամ դատապարտվել է 19 տարեկանում՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար: Արդեն 3-րդ դատվածության ընթացքում՝ 1966-1968 թթ., նա «օծվել» է իբրեւ «օրենքով գող»:
15 տարի առաջ Սոչիում Դեդ Հասանի նկատմամբ իրականացվել է մահափորձ, իսկ 2010թ. նա լուրջ վնասվածքներ էր ստացել Մոսկվայում ու երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում:
Մեկնաբանել