Ստեղծվել է հայ-ադրբեջանական համատեղ ինտերնետային հարթակ
Այսօր տեղի ունեցավ հայկական «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և ադրբեջանական Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնած http://www.publicdialogues.info կայքէջի շնորհանդեսը: Երկու օր անց նույն ֆորմատով շնորհանդես է լինելու նաև Բաքվում:
«Մեր աշխատանքի հիմնական նպատակը կոնտակտների պահպանումն է. այսօր թե Հայաստանում, թե Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, որը առերես միմյանց չի հանդիպել և չի ճանաչում, իսկ համացանցը դարձել է մի հարթակ, որտեղ առարկայական քննարկումներ վարում են միայն միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչները: Երիտասարդները որպես կանոն սոցիալական ցանցերն ու ֆորումները ոչ թե երկխոսելու, այլ միմյանց վիրավորելու համար են օգտագործում. դա ոչ մեզ է ձեռնտու, ոչ էլ մեր հարևան պետությանը: Հանրային երկխոսությունների այս հարթակը ինտերակտիվ շփումների և երկկողմանի տեղեկատվական հոսքերի փոխանակման միջոցով լրացնելու է գալիս այդ բացը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և հավելեց, որ իրենց կատարած աշխատանքը խոչընդոտներով լեցուն էր, հատկապես ամառվա վերջին աղմուկ հանած Սաֆարովի դեպքից հետո, երբ թվում էր` երկխոսելու համար ամենահարմար ժամանակը չէ: «Եթե երկխոսության և առողջ քննարկումների միջոցով ինֆորմացիոն դաշտը չկարողանանք լցնել, ապա կստեղծվի մի վակուում, որը կլցվի մեկ այլ` երրորդ ինֆորմացիայով, որը առաջին հերթին հենց մեզ ձեռնտու չէ»,- նշեց Լաուրա Բաղդասարյանը:
Կայքը շատ քիչ աղերս ունի ղարաբաղյան կոնֆլիկտին, բովանդակության հիմնական մասն են կազմում տարածաշրջանային տարբեր խնդիրների մասին հայ, ադրբեջանցի, վրաց և այլ փորձագետների դիտարկումները, զուգահեռ հարցում-հացազրույցները, ԶԼՄ-ների մասնակցությամբ մամուլի առցանց ասուլիսները վիդեոանալիտիկաներ և ուղղակի նորություններ:
Ծրագրի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ այսպիսի կոնտակտն օգտակար է, քանի որ ամեն դեպքում մեզանից յուրաքանչյուրը մենախոսության ժամանակ մի փոքր այլ կերպ է իր մտքերն արտահայտում, քան երկխոսության դեպքում: Սաֆարյանը կարևորեց այս ֆորմատով կապ հաստատելը ադրբեջանցիների հետ. ըստ նրա` ինտերնետային հարթակի միջոցով հնարավոր կլինի շատ կարծրատիպեր կոտրել հարևան պետության քաղաքացիների մոտ, հատկապես այն պարագայում, երբ ալիևյան ռեժիմի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կոնտակտներ հաստատելը չի խրախուսվում Ադրբեջանում:
Նշենք, որ հանրային երկխոսությունների այս հարթակը գործում է Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Կայքէջի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել