
Հայաստանի հավաքականը պահպանել է 75-րդ հորիզոնականը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին շարունակում է 457 միավորով ընթանալ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակի 75-րդ տեղում, որտեղ եւ ավարտել էր նախորդ տարին: Հիշեցնենք, որ 2012-ի հունվարին մեր թիմը 45-րդն էր:
Համաշխարհային ցուցակի առաջին 11 տեղերում փոփոխություններ չեն եղել. առաջատարը կրկին իսպանացիներն են, նրանց հաջորդում են գերմանացիները, իսկ հետո արգենտինացիներն են: Հաջորդ տեղերում հետեւյալ թիմերն են՝ Իտալիա, Կոլումբիա, Անգլիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Ռուսաստան, Հորվաթիա, Հունաստան: Պենտակամպիոնները՝ բրազիլացիները, ընդամենը 18-րդն են:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներից, ինչպես երեւում է, լավագույնը իտալացիներն են՝ 4-րդ հորիզոնական, դանիացիներն ու չեխերը նույնպես պահպանել են իրենց տեղերը. համապատասխանաբար՝ 23 եւ 29, բուլղարների մոտ էլ տեղաշարժ չկա՝ 50, իր 146-րդ տեղում է մնում նաեւ Մալթան: Փոփոխությունների բացակայությունը հետեւանք է հիմնականում նրա, որ այս վերջին ամսվա ընթացքում հավաքականների գերակշիռ մասը խաղեր չեն անցկացրել:
Ինչպես հայտնի է, փետրվարին Հայաստանի ազգային հավաքականը ֆրանսիական Վալանսում մրցելու է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ. վերջինս ներկայիս ցուցակում 148-րդն է:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ռուսները՝ 9, Ուկրաինան 44-րդն է, Ուզբեկստանը՝ 56-րդը, Բելառուսը՝ 65-րդը, Վրաստանը՝ 72-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից լավագույն դիրքում թուրքերն են՝ 40-րդ հորիզոնական, Իրանը 1 տեղով նահանջել է եւ հայտնվել 60-րդ տեղում, իսկ Ադրբեջանը պահպանել է իր 118-րդ հորիզոնականը:
Հաջորդ ցուցակը կհրապարակվի փետրվարի 14-ին:
Մեկնաբանել