Կիրակնօրյա դպրոցի տոնահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում
Ամանորյա և Սուրբ ծննդյան հանդիսությունների հերթական տոն դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի Թամարա Գաբոյան) Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հանդեսը, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ուրախալի է, որ տոնահանդեսին համատեղ ուժերով իրենց մասնակցությունն էին բերել նաև Ներսես Շնորհալիի անվան պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մառա Աբուլյան), «Ջեյրան» (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթները և «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու պատանեկան երգչախումբը:
Տոնահանդեսը սկսվեց ««Հայր մեր» Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:
«Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ներկաներին իրազեկեց Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի մասին, տեղեկացնելով, որ ամեն շաբաթ օր 7-15 տարեկան հասակի տարբեր դպրոցների 120 աշակերտներ, քաղաքի տարբեր թաղամասերից հաճախում են «Հայարտուն» կենտրոն և Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի 5 խմբերում սովորում են հայոց ոսկեղենիկ լեզուն և հայ ժողովրդի և Եկեղեցու պատմությունը: Կրթական բաժնի ղեկավարը հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ վիրահայոց համայնքը շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների կարիք չի ունենա, և հայ երեխան կստանա հայեցի դաստիարակություն:
Այնուհետև սկսվեց Սուրբ Ծննդյան տոնահանդեսը, որը բացի ուրախ և տոնական լինելուց, նաև ճանաչողական-ուսուցողական բնույթ ուներ, քանզի գրական-երաժշտական մոնտաժի ժամանակ դրսևորվեցին Սուրբ ծննդյան և Ամանորի տոնակատարության տարբեր դրվագները՝ սկսած Հիսուս Քրիստոսի ծննդից, տոնածառից և Ձմեռ պապից: Տպավորիչ էին կիրակնօրյա դպրոցի սաների հայերեն ճիշտ խոսքը, մենակատարների նազելի պարը, երգչախմբի վարպետ կատարումները:
Միջոցառման վերջում օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ Թամարա Գաբոյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի անձնվեր գործունեությունը, Սրբազան հայրը նրանց համեմատեց այն կամրջի հետ, որը հնարավորություն է տալիս իրենց մայրենիից կտրված այս սաներին վերադառնալ արմատներին, սովորել մայրենին, գիտենալ նրա հարստությունն ու զգալ հմայքը:
Սրբազան Հայրը իր գոհունակությունը հայտնեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ողջ անձնակազմին հայապահպան և ազգանվեր գործունեության համար:
Վիրահայոց թեմի մամլո դիվան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել