HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչու հիմա նոր վանոներ չեն ծնվում

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, արձագանքելով ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր հասցեին արված քննադատությանը, թե ինչու մինչև հիմա ասպարեզ չէր բերում իրեն արժանի փոխարինողի, եթե որոշել էր չառաջադրվել նախագահական այս ընտրություններում, հակադարձում է. «Ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում»։

Տեր-Պետրոսյանի այս միտքն առաջին հայացքից թվում է անխոցելի և խիստ տրամաբանական, որովհետև ամեն ինչ առաջին հերթին իսկապես կախված է մարդու բնույթից: Նա կարող է ի բնե օժտված լինել կամ չլինել լիդերի հատկություններով, իսկ նման պոտենցիալ ունենալու պարագայում էլ` զարգացնել այն կամ սպանել իր մեջ: Սակայն, սա իրականության ընդամենը մի երեսն է, ընդ որում՝ այն երեսը, որով Տեր-Պետրոսյանը խնամքով ծածկում է մյուսը: 

Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ մեզանում առաջնորդները չեն ծնվում քաղաքականությունից: Նրանք ծնվում են ժողովրդական, հասարակական շարժումներից, որովհետև քաղաքական մշակույթը, ավանդույթների համակարգը ոչ միայն չեն ձևավորվում, այլև  կայանալու փոխարեն շարունակաբար ձևախեղվում են, ենթարկվում ամենատարբեր մուտացիաների: Չկա շարժում, որոշակիորեն քաոտիկ իրավիճակ, չկա նաև նոր առաջնորդների ի հայտ գալու պարարտանյութը, միջավայրը: Այնպես որ, Տեր-Պետրոսյանը սխալվում է. Վանո Սիրադեղյանին առաջնորդ դարձրել է ոչ թե Վազգեն Մանուկյանը, կամ որևէ մեկը, այլ անկախության շարժումը` բնազդորեն որսալով իր, Վանոյի, վազգենների, անհատականության հարիզման: Եվ հենց նույն շարժումն էլ փակել է քաղաքական օլիմպոսի ճանապարհը այդ հարիզման չունեցող ստամբոլցյանների դեմ:

Նոր Հայաստանի առաջնորդները ծնվել են ղարաբաղյան ու անկախության համար մղվող շարժումից: Տեր-Պետրոսյանն ինքն այդ շարժման հոգեզավակն է: Անգամ 2007-08թթ. համաժողովրդական շարժումը սնվում էր նախորդից և եթե այդքան կարճատև ու բնույթով որոշակիորեն մանիպուլյացիոն չլիներ, այն ևս հավակնում էր վերածվելու որակապես նոր տիպի առաջնորդների դարբնոցի: Սակայն այնպես, ինչպես ղարաբաղյան շարժումը 1989թ. ՀՀՇ-ի ծնունդով քաղաքականացվելով վիժեցրեց այդ պրոցեսը, այնպես էլ նույնը տեղի ունեցավ համաժողովրդական շարժման հետ, երբ 2008թ. օգոստոսին այն տրանսֆորմացվեց Հայ ազգային կոնգրեսի և քաղաքականացվեց: Բայց կոնկրետ Կոնգրեսի պարագայում կար դրան խոչընդոտող մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն... Լևոն-Տեր-Պետրոսյան ֆենոմենը եւ դրա շուրջ ստեղծված, հաստատված ու հենց լիդերի կողմից խրախուսված բացարձակ լևոնապաշտությունն ու առաջնորդապաշտությունը:

Առ այսօր քաղաքական և հասարակական համակարգերը դեռ շարունակում են սնվել անկախության շարժումից: Անհատականությունները, որոնց ի հայտ բերեց այդ ժամանակաշրջանը, անուրանալի ներդրում են ունեցել անկախության ձեռքբերման և պահպանման առաջին շրջանում` 1988-94թթ: Բայց ժամանակները փոխվում են, փոխվում են ակնկալիքները առաջնորդներից: Եվ չնայած արդեն չունենալով իրենց մեջ նոր, 21-րդ դարի շունչն ու մտածողությունը՝ այդ մարդկանց մեծ մասը համառորեն մնում է քաղաքական բեմահարթակին` անընդհատ հարմարվելով քաղաքական կոնյունկտուրայի վերափոխումներին և այն անընդհատ հարմարեցնելով իրեն: Քաղաքական դաշտում հիմնական դերակատարները, ում ձեռքում է քաղաքականության կերտման գործիքակազմը, 22 տարի շարունակ անփոփոխ նույն մարդիկ են` նույն, հազար անգամ փորձված, ուղնուծուծով հայտնի, ոմանց պարագայում՝ ակնհայտորեն արդեն հոգնեցրած վարքագծով, հայացքներով ու աշխարհընկալմամբ: Ներկայիս քաղաքական այս «էլիտա» կոչվածի «տիրապետությունն» արդեն վերածվում է քաղաքական դաշտի ու քաղաքական մտքի ուզուրպացիայի, որը պոտենցիալ նոր առաջնորդներին զրկում է ինքնաիրացման և ինքնադրսևորման բոլոր տարածքներից: Որովհետև նրանք քաղաքականության կերտումը, կուսակցաշինությունը այսօր էլ շարունակում են զարգացնել կոմունիստական ու նոմենկլատուրային մտածողությամբ, որը մերժում է պարտությունը և փոփոխելիությունն իբրև քաղաքական կատեգորիա, որը դրա կրողներին ներշնչում է, թե ազգի գոյատևումը պայմանավորված է իրենցով, ու չկա ոչինչ իրենցից դուրս:

Դրա համար էլ կուսակցությունների ներսում ազատ արտահայտվելը, անհատականության դրսևորումները, սկզբունքայնություն հանդես բերելը վերածվել են աղանդավորության, իսկ նման փորձեր անողները` կամ հալածյալ աղանդավորների, կամ վտարանդիների: Առաջնորդ դառնալու հայտ ներկայացնողների համար հարմարվողականությունը և այն հնարավորինս համոզիչ կերպով գործող առաջնորդին ապացուցելը դառնում է կարիերային առաջընթացի միակ ընդունելի միջոցը: Այս միտումը խորանում ու արմատավորվում է միայն այն պատճառով, որ գործող առաջնորդներն են խրախուսում: Նրանք հակված են ասպարեզ տրամադրել միայն այս գազոնային կոնտինգենտին, որը նման է ընդամենը մոլախոտի, որն իր նմաններից տարբերվում է ընդամենը իր ավելի համառ կպչունությամբ: Արդյունքում քաղաքականությունը մնացել է միայն քաղաքական թոշակառուների պարանոցից կախված վզնոցի կարգավիճակում, իսկ հասարակությունը` նրանց գերիների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter