HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ». Իվանիշվիլին` հայերին տված խոստումների մասին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը:

Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող ծրագրեր և նախագծեր:

Այնուհետև Տիգրան Սարգսյանի և Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև ստորագրվել է 2013-2015 թթ. համագործակցության մասին ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը

Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ: Մենք զրուցել ենք երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ և ընդուել հետաքրքիր որոշումներ: Մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն, բայց ես համոզված եմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համաձայնության գալ: Օդանավակայանի ճանապարհին խոսելիս պարոն վարչապետն ասել է, որ մենք ընդհանուր տնտեսական շուկա պետք է կառուցենք, ինչն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, և համոզված եմ, որ ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը շատ անհրաժեշտ կլինի մեր երկու երկրների ինտեգրացիայի համար: Մենք նոր կառավարություն ենք, նոր իշխանություն և հույս ունենք բարելավել, զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ առաջին հերթին տնտեսական առումով:

Տիգրան Սարգսյան – Ես ցանկանում եմ միանալ այն ջերմ խոսքերին, որոնք հնչեցրեց վարչապետ Իվանիշվիլին: Մեր առաջին հանդիպումն է, բայց շատ ջերմ խոսակցություն կայացավ, և ես շնորհակալ եմ իմ գործընկերոջն այսպիսի մոտեցումների համար: Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևիցե մի հարց, որը մենք ի վիճակի չենք համատեղ քննարկումներով լուծել: Մենք արձանագրեցինք, որ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ: Շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք միջկառավարական հանձնաժողովի մեր հաջորդ հանդիպումը, և բոլոր ոլորտներում ունենք բավական հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր: Այսօր արդեն համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր ստորագրվեց մեկը մշակույթի ոլորտի, մյուսը՝ մաքսակետերի աշխատանքները ավելի համահունչ դարձնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ ապագայում կլինեն նաև նոր պայմանագրեր, որոնք կխթանեն մեր համագործակցությունը:

Հարց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին – Պարոն վարչապետ, լրագրողների կողմից նույնպես ողջունում ենք Ձեզ Հայաստանում և Վրաստանի մեր կոլեգաներին: Հարցս հետևյալն է. Ձեր նախընտրական ծրագրում կարևորվել էր հայկական համայնքի դերը և այն, որ հայկական համայնքը Ձեզ աջակցեց, մեծամասնությունը ձայներ տվեց Ձեզ, խոսում է այն մասին, որ վստահեց Ձեր նախընտրական ծրագրին, որովհետև այնտեղ առանձնակի դեր էր հատկացված հայկական համայնքի մշակութային, սոցիալական խնդիրներին: Հիմա` ընտրություններից հետո, ուզում էի հստակեցնել. կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու, մասնավորապես, Ջավախքում, և ինչ ակնկալիքներ պետք է ունենա գործնականում հայ համայնքը Ձեզանից:

 Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ շատ հայ բարեկամներ ունեմ` ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս. Ռուսաստանում ես ազգությամբ հայ շատ բարեկամներ ունեմ: Ընտրություններից առաջ եղել եմ գրեթե բոլոր այն տարածքներում, որտեղ ապրում է հայությունը: Ես ցանկանում եմ ասել, որ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել: Ընտրությունների ժամանակ մենք շատ լավ զգում էինք միմյանց, ինչը ապացուցում են ընտրությունների արդյունքները: Ես ունեցել եմ մի քանի ջերմ հանդիպումներ, իմ կարծիքով դա զգացել է հայությունը, արդյունքներն էլ արդեն ընտրությունների հետևանքն են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայությանն՝ այդ օգնության համար: Հիմա գնդակը մեր կողմն է. ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ: Ես ցանկանում եմ ասել, որ մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է իր սեփական երկրում: Ես ամեն ինչ կանեմ հասարակության մեջ ինտեգրացիայի համար և ուզում եմ կրկնել, որ կիրականացնեմ այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում:

Հարց - Ռուսթավի հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Ինչպես կմեկնաբանեք Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարությունը:

Բիձինա Իվանիշվիլի - Այդ հարցն արդեն սպառված է, ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն անդրադարձել է այդ հարցին: Այդ հարցն աղավաղվել է: Դրա շուրջ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց Ռուսթավի հեռուստաընկերությունը: Այսօր կրկին նույն հեռուստաընկերությունը բարձրացնում է այդ հարցը:

Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝Վրաստանի վարչապետին, որ նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում են հավասարակշռված դիրքորոշում: Հատկապես ուզում եմ նշել, որ գաղտնիք չէ, որ շատ հաճախ այս կամ հայտարարությունները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, աղավաղվում են: Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին՝ այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքելու համար, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը:

Բիձինա Իվանիշվիլի - Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին: Ալիևի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ես փոխանցեցի Տիգրան Սարգսյանին: Ես մանրամասն չեմ ցանկանում խոսել այդ հարցի մասին, այն իրոք շատ ծանր է, և ինչպես երևում է՝ մոտ ապագայում այդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու: Իմ ցանկությունն է, որ այդ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Հարց- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Հնարավոր համարում եք Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերակագնումը մոտ ապագայում:

Բիձինա Իվանիշվիլի - Կարծում եմ՝ հնարավոր է, հնարավորությունն ավելի շատ է, մենք պետք է վերակագնենք այն: Կարծում եմ՝ հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում՝ հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է:
Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք: Վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել, հաջորդ կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք նաև մեր եղբայների՝ աբխազների հետ, մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար: 

Տիգրան Սարգսյան
 - Ես ցանկանում եմ ևս անդրադառնալ Ձեր հարցին: Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է եւ մենք ընդգծել ենք, որ ջանքեր կգործադրենք, որպեսզի երկաթգիծն աշխատի արդյունավետությամբ: Մենք շահագրգռված ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ և մենք պրոակտիվ դիրք կզբաղեցնենք այդ հարցի կարգավորման գործում: 

Մեկնաբանություններ (1)

Hay
Ov galis-gnum, hayerin xabum a. Es esh joghovurd@ yerb a haskanalu vor urish voch mek hayi shaheri hamar yerbek chi mtatselu?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter