HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեհափառը միջնորդել է Վահագն Չախալյանի ազատ արձակման համար

Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:

Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմեց պրն Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաև միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաև, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ապա վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ: Տիար Իվանիշվիլին նաև հանձնարարական տվեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter