HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենիքի պոեզիան կամ կավե երկունք

Աննա Ավետիսյան

Արևի նվաղուն շողերը կեսօրվան մոտ հազիվհազ ճեղքում են ձմեռային սառնությունը` ջերմության մի ցոլք նետելով նաև բրուտանոցի փոքրիկ պատուհաններից ներս: Այդքանն էլ բավական է արհեստանոցի բաց առաստաղից փչող քամու սառնությունը չզգալու համար: Իրական ջերմությունը բխելու է կավից, որ արդեն 30 տարուց ավելի է` հլու-հնազանդ ենթարկվում է իր վարպետի հրաշագործ ձեռքերի զորությանը:

Կողպեքի զնգոց, հետո մարմնի ծանրությունից ոտքի տակից դուրս պրծնող շլաքի /խարամի/ աղաղակ… որն անմիջապես խլանում է, երբ շրխկոցով միանում է չարխը, և արհեստանոցի օդը լցվում է այնքան հարազատ, այնքան սովորական դզզոցով… Բրուտ Վարդանն է, որին դանդաղ քայլերը սովորույթի ուժով կրկին բերել են արհեստանոց… Ներսում ամեն ինչ պատրաստ է. մշակման, մաքրման, մաղման ու խմորման փուլերն անցած կավը` այս անգամ բերված իր ծննդավայր Սալվարդից` իբրև հնազանդ մի հարս, սպասում է իր հերթական երկունքին: Պատուհանագոգերին շարված` վարպետի ձեռքով պատրաստված կավե իրերը և մ.թ.ա. 2-րդ հազարամյակին պատկանող սափորը, որ խնամքով պահվում է վարպետի արհեստանոցում, փարված գորգագործ մորից մնացած կարպետի կտորներին,  անհամբերությամբ հետևում են սովորական դարձած, բայց հետաքրքրությունը չսպառած գործողություններին…

Խոժոռված է բրուտի դեմքը, աչքերում փայլ կա. մտովի արդեն պատրաստել է հերթական իրը, որ շատ շուտով գտնելու է իր տիրոջը. ինչպես ինքն է ասում, կավե իրերը վերականգնել են իրենց կիրառական նշանակությունը… Կապում է իր կավագույն գոգնոցը, քշտում թևերը, մի վերջին անգամ ձեռքի մեջ ծեծում գունդն ու խփում չարխին… Հետո ջրոտում է ձեռքերն ու ափերով հպվում պտտվող չարխի վրա պարող կավին, որ մի ակնթարթում ասես հրաշքով ձևափոխվում է, ենթարկվում տիրոջ կամքին…

Պտտվում է չարխը և իր պտույտի հետ վարպետին տեղափոխում մանկություն, պատանեկություն, երիտասարդություն… Կիրառական արվեստն իրենց ընտանիքում առանձնահատուկ տեղ է ունեցել: Ինքն էլ չէր կարող զատվել այդ ամենից… Ծնվել էր արվեստի նկատմամբ սիրով լեցուն, հետո այդ սերը մեծացել էր իր հետ միասին ու նախանշել իր անցնելիք ուղին… Ասես երեկ էր… Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանի խեցեգործության բաժնի 80-ականների շրջանավարտը, որ հասակ էր առել մայրաքաղաքում, 1986թ. Սիսիանի շրջկոմի քարտուղար Շչորս Դավթյանի հրավերով ընտանիքով տեղափոխվեց ծննդավայր: «Առաջին անգամ Սիսիանում  եղել եմ 18 տարեկանում,- ասում է,-  հենց այդ ժամանակ որոշել էի, որ այստեղ պետք է ապրեմ ու ստեղծագործեմ: Երևի խորքում բան կար էլի, կանչ կար. դա խոսքերով բացատրելու չէ: Ու… հիմնեցինք Զանգեզուրում առաջին բրուտագործական արհեստանոցը»:

Աշխատեց, ունեցավ աշակերտներ, իր ձեռքի աշխատանքներով հիացրեց ոչ միայն սիսիանցիներին… Առաջին աշակերտը Աղվան Մինասյանն էր` երիտասարդ բանաստեղծ, որ իր մահկանացուն կնքեց Արցախում: Հոգոց է հանում բրուտը, լռում ու տխուր մտքերը ցրելու համար կենտրոնանում աշխատանքի վրա: Նորից լվանում է ձեռքերը կավաջրի մեջ ու մի ձեռքը վերևից մխրճում արդեն ողորկ կավի մեջ` կուլայի փորը բացելու համար… Այնուամեյնիվ, մտքերից կտրվել չի կարողանում…

Արցախյան ազատամարտն իրեն էլ բաժանեց չարխից: 94-ին վերադարձավ ու նորովի շարունակեց նյութականացնել իր գաղափարները` ծնունդ տալով բազմազան կուժ-կուլաների, խորհրդանշական ու կենցաղային իրերի: Կավագործությունը մեզանում հազարամյակների պատմություն ունի` նշում է կավագործ-վարպետը: Մեր ազգային դարավոր նկարագիրն իրենց մեջ ամփոփում են նաև կավե իրերը: «Ես անբացատրելի բան եմ զգում, որ ասես դարերով է փոխանցվել: Հենց բրուտանոցից  50 մ վերև` դամբարաններից  4 հազ. տարվա սափորներ են դուրս գալիս, որ բրուտի դուրգի վրա պատրաստված իրեր են ,- ասում է, ցույց տալիս իր արհեստանոցում պահվող կավե սափորը, զարմանում,-  հրաշք գործեր են, զարմանում եմ, երևի ես դեռ այդ մակարդակին չեմ հասել: Փաստորեն պատմության մեջ անիվի հասկացողությունը երևի չի եղել, բայց այստեղ չարխի վրա կուժեր, կուլաներ, պուլիկներ, սափորներ են սարքել»:

Մեր օրերում էլ կենցաղային կավե իրերի պահանջարկը մեծ է` խոստովանում է բրուտը` կուլաներ, սափորներ, պանրի, մածնի ամաններ, Անահիտ դիցուհու կերպարով աղամաններ` իբրև պտղաբերության խորհրդանիշ: «Կավը նորից արժևորվում է, և դա բնական է: Գաղտնիք չէ, որ կավե ամանի մեջ մածունն ամառվա շոգին չի թթվում, պանիրն ավելի լավ է պահպանվում, ջուրը սառն է մնում, էլ չենք խոսում գինու մասին: Այդ ամենը նյութից է գալիս: Կավը բնության  ամենամաքուր նյութերից մեկն է: Պատահական չէ, որ Գերագույնը` մեր Տեր Աստվածը, մարդուն հենց կավից ստեղծեց»,- ասում է վարպետը:

Հիմա ավելի շատ հարթաքանդակների վրա է աշխատում, ընդունում է նաև թոնիրների պատվերներ, որոնք, ի դեպ, վերջին շրջանում քիչ չեն: Կավե իրերի մեծ պահանջարկ կա նաև զբոսաշրջիկների շրջանում: Գալիս են հետաքրքրությամբ հետևում բրուտ Վարդանի աշխատանքին, իրենց հետ հուշանվերներ տանում աշխարհի տարբեր ծայրեր: «Զբոսաշրջիկները  զարմանում  են, երբ կյանքում 1-ին անգամ տեսնում են` բրուտը ոնց է կավից ինչ-որ բան պատրաստում, կավին ձև տալիս, և շատ մեծ տպավորություններով են բրուտանոցից դուրս  գալիս: Կես ժամվա ծրագրով  գալիս են, մի 2 ժամից դուրս գալիս, հետո իրենց երկրից նորից խմբեր են ուղարկում»,- պատմում է կավագործ-վարպետը: 

Կավը շնորհիվ վարպետի ձեռքի ճկուն շարժումների արդեն կերպավորվել, հասակ է առել: Կուլայի վիզն ահա բարակում, վերև է ձգվում: Եվս մի քանի վայրկյան, և ասես ինքն իրեն ձևավորվում է նաև բերանը…

Դեռևս 2011թ. ծրագիր կար, որ խեցեգործության գաղտնիքները տեղի և արտասահմանցի այցելուներին տեսանելի պետք է դարձներ Տաթևի վանական համալիրում, տեղում էլ աշակերտներ պետք է պահեր: Առաջարկը ստացել էր այն բանից հետո, երբ իր ձեռքով վերկանգնեց վանական համալիրի թոնիրը: Ուրախ կլիներ իր ներդրումն  ունենալ ավանդական արհեստների աշխուժացման գործում, սակայն ծրագիրը ձգձգվում է: Կավագործների նոր սերունդ ունենալու խնդիրը շատ կարևոր է համարում: Աշակերտներ շատ չէ, բայց ունենում է, ընդ որում`  տարբեր վայրերից` Գորիսից, Կապանից, Մեղրիից, անգամ Ստեփանավանից… Իր չարխի մոտ իրեն փոխարինելու է որդին` Մովսեսը: Կյանքից  չի դժգոհում, թեև դժվարությունների առաջ հաճախ է կանգնել: «Մեր երկրում թերի շատ բան կա, բայց յուրաքանչյուրս մեր մեջ պետք է փնտրենք թերությունը: Ամեն ինչ մեզանից է սկսվում: Ինչ ստեղծես, դրա տերն ես: Ումի՞ց բողոքենք. մեր երկիրն է»,- ասում է:

Արտասահմանից աշխատանքի հրավերներ շատ է ստացել: Սակայն, որպես կանոն, չի ընդունել` հայրենի հողից դուրս իր կյանքն ու ստեղծագործական աշխատանքը  չպատկերացնելով: Ընկրկեց միայն վերջին դեպքում: Հեռավոր Վլադիվոստոկում ապրող իր հայրենակիցների համար թոնիր ու բուխարի էր պատրաստում: 3-4 անգամ ավելի շատ էր վաստակում, քան Հայաստանում, սակայն հազիվ 5 ամիս դիմացավ. մեկ անգամ ևս համոզվեց, որ առանց հայաստանյան արևի կյանքը դատարկ է: «Օտար երկրում ժամանակը ճնշում է, էստեղ ազատ եմ: Օտարության հացը դառն է: Էստեղ ուրիշ է, բացատրելու բան չէ»: Հիշում է` Ղարաբաղյան շարժման տարիներին իրենք էին ժողովրդին համոզում, որ չգնան… Հայրենիքը պոեզիա է` ասում է, և ինքն այստեղ շատ անելիքներ ունի, միշտ է իրեն երկրի, տան տեր զգացել… Աշխատած գումարով բրուտանոցը կնորոգի ու…

Չարխի պտույտը դանդաղում և մարում է: Կուլան պատրաստ է: Մնում է կանթը պատրաստի: Վարպետը բարակ մետաղալարի միջոցով առանձնացնում է կուլան չարխից և տեղադրում չորացման փուլն անցնող մյուս իրերի կողքին: Մոտ 1 շաբաթ հետո այդ իրերը պետք է թրծվեն վառարանում…

Հանում է բրուտը իր կավագույն գոգնոցը և դարձյալ դանդաղ քայլերով, բայց արդեն բավարարվածության զգացումով դուրս գալիս արհեստանոցից:

 Արևը մի վերջին ճիգով ժպտում է իր նվաղուն շողերով ու անհետանում արևմուտքում` իր հետևից թողնելով կավագույն մի հետք…

Մեկնաբանություններ (2)

Սուսաննա
Շատ լավն էր, Աննա ջան
Աննա
Շնորհակալություն... Կավից անմեկնելի էներգիա է բխում, երևի դրանից է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter