
«Կուզենայի հավատալ Իվանիշվիլիի անկեղծությանը». Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան Վահե Սարգսյանի դիտարկմամբ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան նոր տիպի հարաբերությունների մեկնարկ է խորհրդանշում երկու երկրների համար:
«Կուզենայի հավատալ Իվանիշվիլիի անկեղծությանը և նրա կողմից արված հայտարություններին: Բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել մի շարք դրական և բացասական գործոններ, որոնք գոյություն ունեն անկախ վարչապետի կամքից»,- նշեց Վ.Սարգսյանը:
Բացասականների թվում առաջնայինը, ըստ փորձագետի, վրաց ուղղափառ եկեղեցու չափազանց մեծ ազդեցությունն է վրացական մշակույթի, տնտեսության ու հատկապես քաղաքականության վրա: Այդ ազդեցության բացասական հետևանքները զգում են առաջին հերթին Վրաստանում բնակվող այլ ազգերը, մասնավորապես ոչ ուղղափառ քրիստոնյաները՝ հայերը: Սակայն, ի տարբերություն Սահակաշվիլի ժամանակների, այժմ Ջավախքի, Թբիլիսիի և Վրաստանի այլ տարածքներում ապրող հայերի վրա այս առումով ազատություն է իջել, մշակութային հալածանքները բացակայում են:
Մյուս բացասական գործոնը վրաց՝ քարթվելական ժողովրդի մոնոէթնիկ բնույթն է, ինչը, ըստ պատմաբան Վահե Սարգսյանի, բնական է ցանկացած փոքր երկրի համար, սակայն կարող է վնասել դրա ներսում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներին, որոնց փորձում են վրացականացնել՝ ձուլելով և սեփականացնելով վերջիններիս մշակույթը:
Դրական գործոնների թվում Վահե Սարգսյանը նշեց Վրաստանի նոր կառավարության միտումը՝ ուղղված Ռուսատանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Դա բխում է նաև մեր շահերից, քանի որ այդպիսով հակակշիռ է ստեղծվում թուրք-ադրբեջանական էքսպանսիային, որի ազդեցությունը վերջին տարիներին խորանում էր Վրաստանում: Չափազանց կարևոր կլինի այս դեպքում նաև Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերաբացումը, որը լուրջ այլընտրանք է, և տնտեսական տեսանկնյունից բխում է մեր և Վրաստանի շահերից:
Գնահատելով իրավիճակը՝ փորձագետն առանձնացրեց մի կարևոր գործոն ևս. Վրաստանում դեռևս նախագահ է Միխայիլ Սահակաշվիլին, և պատկերն ավելի լավ կուրվագծվի, երբ ավարտվի նրա նախագահության ժամկետը:
Մեկնաբանել