
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության նամակը Արթուր Բաղդասարյանին և Գորիկ Հակոբյանին
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա. Բաղդասարյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին
Հարգարժան պարոնայք,
Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց` Հայաստանը (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը) պատրաստվում են ստորագրել ինչ-որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
«Օրեր» Եվրոպական անկախ ամսագիրը և Asbarez.com-ը հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ-որ հուշագիր:
Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ: Մեր և հանրության լայն շերտի շրջանում առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին, միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:
Անհասկանալի է նաև, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին և չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ:
Ողջունում ենք հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նախևառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին:
Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյոք այս հուշագրի ստորագրումը չի սպառնո՞ւմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Եթե ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել:
Եթե միանում եք մեր մտահոգություններին, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել ևս` առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու և խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որևէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ և ոչ հստակ պատասխաններ:
Ստորև ներկայացված են մամուլից որոշ այլ հղումներ: http://mitk.am/%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A8-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE %D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82/
http://168.am/2013/01/12/163281.html#.UPFU75RPwXk.facebook
http://168.am/2013/01/17/165710.html
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:
18.01.2013թ.
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել