HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

90-ի չանցած ձմեռը

Ռազմիկ Մարկոսյան

(Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան օրն է) 

90-ի ձմեռն այնպես էր հիմնավորվել Հայաստանում, որ թվում էր` իր համար մշտական բնակավայր է գտել: Բայց մեր անկախացման տարիների բոլոր` ասես դավադրորեն երկարաձիգ ու դաժան ձմեռների պես, այդ տարվա ձմեռն էլ անցավ` իր հետ տանելով մեր երկրի բնակչության չապրած ամիսները, նրա մեծ խանդավառությունից մի մաս, մեր պայծառ հերոսներին…

90-ի ձմեռը տարավ նաև իմ գաղափարական կրտսեր զինակցին ու ընկերոջը` Մովսես Գորգիսյանին:

Կյանքիս բերումով շատ եմ տեսել ու անձամբ ճանաչել հայրենիքի նվիրյալների, իմացյալ մահով կյանքից հեռացած երանելիների, որոնց մեջ նաև շատ երևելիներ կային: Բայց Մովսեսի կորուստն առանձնանում է մի իրողությամբ:

Հերոսի մահն ավելին է, քան մեր` ողջերիս կյանքը: Հերոսի չապրած տարիները նրան շահեկանորեն տարբերում են ապրողներից: Մովսեսն, իսկապես, երանելիների շարքն է դասվում: Նա իսկական նվիրյալ էր: Նրան այդպիսին էին համարում դեռևս իր կենդանության օրոք: Բայց կա մի հանգամանք, որն ինձ շատ է մտահոգում:

Երբ Ազգային ինքնորոշում միավորումը քաղաքական պայքարի համար մեկտեղված գաղափարական մարտիկներից ժամանակի հրամայականով ստեղծեց Անկախության բանակը, Մովսեսն այդ գործընթացն իրականացնողներից մեկը եղավ: 

Երասխավանով սկսվեց մինչ օրս չավարտված արցախյան պատերազմը: Անկախության բանակի առաջին իսկ կոչին, որը հնչեցնողներից մեկն էլ հենց ինքն էր, Մովսեսը զենք վերցրեց: Հունվարի 18-ին մենք մեր ջոկատով մեկնեցինք Երասխավան: Նա միայն մի օր զինվորի համազգեստ հագավ… Երկու օր անց նրան այդ համազգեստով տանում էին հուղարկավորության անվերջանալի թափորի առջևից: 

Հետո արցախյան պատերազմն աստիճանաբար թեժացավ և շատ թանկ ու նշանակալից կյանքեր տարավ: Կանոնավոր բանակ չունեցող մեր երկիրը հազարավոր նահատակներ տվեց: Կամավորականների կողքին կռվում էին նաև «հանպատրաստից» զորակոչվածները, որոնք նույնիսկ զենք բռնել չգիտեին: Նրանցից շատերն էլ մարտի դաշտում հերոսացան ակամա, բայց հերոսացան իսկապե’ս: Այդպիսին էր մուսաների լռելու այդ ժամանակաշրջանը:

Արցախյան պատերազմի փխրուն զինադադարից հետո` 1996-ին, Մովսես Գորգիսյանին ազգային հերոսի կոչում շնորհվեց: Այսօր նրա անունով Երևանում դպրոց կա, Արարատում` մանկապարտեզ ու փողոց, Մանկավարժական համալսարանում` արվեստանոց-լսարան: Նրա անունով է կոչվում Հայաստանի սթրայքբոլի ֆեդերացիան, Գորիսի դրամատիկական թատրոնի դահլիճը: Նաև` գործում է «Մովսես Գորգիսյան» բարեգործական հիմնադրամը: Բայց…

Մովսեսը սիրված հերոս է: Պատերազմի ժամանակ նրա հայրենասիրական ոգով են նաև ներշնչվել մեր զինվորները, և քանի որ այսօր Արցախն անկախ է, ուրեմն նրանցից ոչ մեկն անտեղի չի մեկնել ճակատ, ոչ մեկն անտեղի չի զոհվել: Նրանք անմահացել են ապրող Արցախով:

Բայց այսօր` նրա մահից 23 տարի անց, ես շարունակում եմ ավելի շատ կարևորել ոչ թե այն, ինչ Մովսեսն արեց հանուն Հայաստանի, այլ այն, ինչ չհասցրեց անել: Ով` ով, բայց ես, որպես Մովսեսի գաղափարական զինակից, լավ գիտեմ. թեև մեր ժողովուրդը նրան ճանաչում է որպես պատերազմի հերոս, Մովսեսը ռազմի դաշտում միանգամայն փոխարինելի էր: Իսկ քաղաքական մարտադաշտում նրա տեղը թափուր է… 

Այսօր նրա հայրենասիրական ոգով երիտասարդներ են կոփվում ու դաստիարակվում, և դա շատ ուրախալի է: Բայց ուզում եմ, որ բոլորն իմանան. Մովսեսն իր ողջ էությամբ քաղաքական գործիչ էր: Ինձ համար ցավալի է, երբ նման ընդգրկուն անհատը մեր ժողովրդի մտապատկերում դրոշմված է իբրև առաջինը եռագույն պարզած, միտինգներում կրակոտ, ըմբոստ ելույթներ ունեցած մեկը: Այդ ամենը նվազագույնն էր, որ Մովսեսը արել է ու դեռ պիտի աներ մեր երկրի համար:

Կուզեի, որ մեր այսօրվա քաղաքական վիճակի բոլոր պատասխանատուները Մովսեսի կերպարն ու ապրած կյանքը մեր բանակի զինվորներին, մեր երիտասարդներին ի ցույց դնելուց առաջ իրե’նք սերտեն նրա քաղաքական դասերն ու գաղափարական հավատամքը: Մովսես Գորգիսյանը նախ և առաջ անկախության մարտիկ էր: Նա զենք վերցրեց ոչ այնքան մեր հարևան երկրի դեմ, որքան խորհրդային կարգերի, որի բացիլը չէր վնասել նրա պայծառ միտքը, և նա հասկանում էր խնդիրն ամբողջ պատմաքաղաքական խորությամբ: Մի բան, որ ոչ միայն հատուկ չէր 88-ի քաղաքական թատերահարթակին, այլև այսօր էլ դժվարանում եմ տեսնել շատերի մեջ: Եվ հենց դա է պատճառը, որ (գուցեև ոչ միտումնաբար) այսօր չի տրվում Մովսեսի կյանքի ու գործի իրական գնահատականը: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ արցախյան պատերազմը չի ավարտվում…

Զանգվածային լրատվամիջոցները հաճախ են հնչեցնում Մովսեսի կոչը` «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Որքան էլ որ Մովսեսի խոսքը անկախ Հայաստանի մասին էր, բայց սրտնեղում եմ, երբ այդ կոչը ներկայացվում է որպես նրա իրականացած երազանք: Եթե Մովսեսը մարտում չզոհվեր, վստահ եմ, որ այսօրվա Հայաստանն այլ էր լիենլու, քանի որ արցախյան շարժումը նրա համար սոսկ իշխանափոխություն չէր, այլ խորհրդային կարգերի տապալման, Հայաստանի անկախացման բացառիկ հնարավորություն, որի համար նա խոհեմաբար դիմում էր մեր` անկախության մարտիկներիս գործին ու փորձին: Նաև` երիտասարդ էր և իր շուրջը առողջ տարրերին համախմբելու տաղանդ ուներ:

Արցախն ի վերջո ազատագրվեց, բայց ոչ թե հաշտություն կնքվեց, այլ զինադադար: Հայաստանն էլ ի վերջո անկախացավ, բայց խորհրդային կարգերն անթաղ մեռելի պես մնացին մեր երկրի երեսին: Ու թեև Հայաստանի անկախության գաղափարի զոհասեղանը երբեք պարապ չի եղել, Հայաստանում խորհրդային կարգերը տապալվեցին խորհրդայնաբար ու Հայաստանն անկախացավ խորհրդայնաբար: Բայց կգա ժամանակը, և հարկավոր սերունդը հողը կդնի անթաղ մեռելին ու կմաքրի իր երկիրն ամենայն ապականությունից: Եվ Հայաստանն այդժամ իսկապես կդառնա անտեղի չզոհված հերոսների երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter