HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հանրապետականում նեղսրտած են

«Այդ հայտարարությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց, ես դրա մասին առանձին հայտարարությամբ հանդես կգամ շուտով»,- երեկ այսպես է արձագանքել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «ՀԺ» թղթակցի հարցին՝ չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ պատվիրակության տարածած հայտարարությամբ ի սկզբանե ստվեր է ընկնում փետրվարի 18-ի ընտրության արդյունքների հավաստիության վրա:

Հունվարի 17-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով: Հանրապետական կուսակցության անդամները, որ տեւական ժամանակ է՝ պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաարդար ու թափանցիկ ընտրություններն են անցկացնելու, խիստ սրտնեղած են ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունից:

Այդ հայտարարության մեջ արդեն արձանագրվել է, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ հետաքրքրություն եւ վստահություն չի ցուցաբերում, ինչը խիստ մտահոգիչ է: Դավիթ Հարությունյանը երեկ չի ցանկացել «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ավելի մանրամասնել, թե ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարության կոնկրետ ո՞ր հատվածն է հեռու օբյեկտիվությունից, ինչպես նաեւ չի ցանկացել մանրամասնել իր հայտարարության բովանդակությունը: «Առաջիկա օրերին հայտարարությունը կլինի»,- ասել է նա:

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ կտարածվի: Անհասկանալի է միայն, թե ՀՀԿ-ն ինչպես է ապացուցելու, որ անտարբերություն ու անվստահության մթնոլորտ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նկատմամբ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter