HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2013-ը հաջող է մեկնարկել հավաքականի անդամների համար

2013 թվականը հայկական ֆուտբոլի համար հաջող սկսվեց: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, անցյալ տարվա մեր երկրի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց նաեւ ԱՊՀ եւ բալթյան երկրների տարածքի լավագույն խաղացող: Ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթի կողմից՝ 2004-ից կազմակերպվող մրցույթի պատմության մեջ Մխիթարյանը, կարելի է ասել, վերջ դրեց ռուս-ուկրաինական գերիշխանությանը: Հիշեցնենք, որ «Աստղ» մրցույթում 2 անգամ հաղթել է Անդրեյ Շեւչենկոն, 2011-ին՝ նրա հայրենակից Անդրեյ Վորոնինը, 2006-ին լավագույնը ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւն էր, 3 անգամ պարգեւը նվաճել է Անդրեյ Արշավինը, 1 անգամ էլ՝ Ալեքսանդր Կերժակովը:

Բացի այդ՝ Մխիթարյանը Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) հարցման արդյունքում ճանաչվեց Եվրոպայի ամենահայտնի (most popular) ֆուտբոլիստ, չնայած շեշտենք, որ սա պետք է հարաբերականորեն նվաճում համարել, քանի որ քվեարկողները համացանցից օգտվող երկրպագուներն են, իսկ սուբյեկտիվության տարրը բավականին շատ է: Այդուհանդերձ, սա չի ստվերում Մխիթարյանի արժանիքներն ու իրական ճանաչվածությունը ֆուտբոլային շրջանակներում: Եվ չնայած նրան, որ Դոնեցկի «Շախտյորի» հետ հայ ֆուտբոլիստը մինչեւ 2015 թ. պայմանագիր ունի, արդեն հիմա ավելի բարձրակարգ թիմ տեղափխվելու մեծ հնարավորություններ կան: Հենրիխի նկատմամբ ճանաչված ակումբների կողմից հետաքրքրվածության պակաս գոնե չի նկատվում:

Եվ այս ամենի ֆոնին Մխիթարյանը մարդկայնորեն շարունակում է մնալ այն նույն Հենրիխը, որին հայաստանցի ֆուտբոլասերը ժամանակին տեսնում էր «Փյունիկի» մարզաշապիկով: Համեստությունն ու աշխատասիրությունն են այս տղայի հաջողության գլխավոր գրավականներից երկուսը: Բայց նույնիսկ այս պարագայում անցյալ տարեվերջին եղավ մի դրվագ, որն իսկապես տհաճ էր շատերի համար: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրած օլիմպիական ոսկե շղթան չընդունելը ընկալվեց իբրեւ դեմարշ, քանի որ դրանից առաջ մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում 2012-ի լավագույն մարզիկների 10-յակի մեջ ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր գտել: Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ, որի ազդեցությունը հավաքականի ֆուտբոլիստների վրա տեսանելի է անզեն աչքով, շտապեց մի լավ քննադատել քվեարկած անձանց ու նրանց թիկունքում ինչ-որ սպորտային չինովնիկների գտավ:

Ցանկացած մարզիկ (անկախ մարզաձեւից, որոնք այսօր մեր երկրում նույնպես բաժանված են ըստ ազդեցության ոլորտների՝ «շնորհիվ» կուսակցամոլ պաշտոնյաների) պետք է հեռու մնա Հայրապետյան-Ծառուկյան կամ ՀՀԿ-ԲՀԿ անառողջ առճակատումից, քանի որ հասարակության կողմից նման դեպքերը ցավով են ընկալվում, ինչը միանգամայն տրամաբանական է: Հույս ունենանք, որ հենց իրենք՝ չինովնիկներն էլ, գիտակցելով սա, մարզիկներին հետագայում հեռու կպահեն իրենց կեղտոտ խաղերից, չնայած դա մի քիչ անիրատեսական է թվում:

Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ այս վերջին տրանֆերային պատուհանի ընթացքում հայկական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդ արձանագրվեց. «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 7,5 մլն եվրոյով տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»: Կարելի է ասել, որ Մովսիսյանը գտավ մի թիմ, որը համապատասխանում է իր մակարդակին, եւ որում նրա աճը շարունակական կլինի՝ դատելով Յուրայի աշխատասիրությունից ու համառությունից:

Մեկ այլ տեղափոխություն արձանագրվեց «Շիրակից» Լվովի «Կարպատներ» ուղղությամբ: Այսուհետ հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը ուկրաինական թիմի ֆուտբոլիստ է: Փյունիկցի Կամո Հովհաննիսյանն էլ հաջող փորձաշրջան անցնելու դեպքում կդառնա Վլադիկավկազի «Ալանիայի» խաղացող: Ու չնայած թե «Կարպատների», թե «Ալանիայի» գործերն այս պահին այնքան էլ լավ չեն, Մկոյանն ու Հովհաննիսյանը իրենց լավ դրսեւորելու արդյունքում կարող են շատ շուտ տեղափոխվել ավելի ուժեղ թիմեր՝ անկախ նրանից՝ նշված թիմերը կմնան իրենց առաջնությունների բարձրագույն խմբերում, թե ոչ: Դոնեցկի «Մետալուրգում» հայկական լեգեոնի կազմը թվային առումով այս պահին անփոփոխ է. Մարկոսի ու Գեւորգ Ղազարյանի թիմից «Փյունիկ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, սակայն մեկ այլ պաշտպան՝ «Բանանցից» Հովհաննես Համբարձումյանը, այնտեղ փորձաշրջան է անցնում:

Այս ամենը ուրախալի է նախեւառաջ այն պատճառով, որ մեր ազգային թիմի լեգեոներների թիվը մեծանում է: Հայաստանի ներքին առաջնությունը չի կարող աճի բավարար մակարդակ ապահովել երկրի գլխավոր ընտրանում ամրապնդված խաղացողների համար, ու որքան շուտ նրանք դուրս գան արտերկիր, այնքան լավ: Չնայած տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել, բայց արդեն հիմա կարելի է նշել, որ 2013-ը ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեղափոխությունների տեսանկյունից հաջող է մեկնարկել: Հիշեցնենք, որ ընտրանուն այս տարի առաջին անգամ գործի մեջ կտեսնենք փետրվարին, իսկ մարտին կվերսկսվեն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական հանդիպումները:            

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter