HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի անվան կոլտնտեսության հողերի հարցը` Երևանի քաղաքապետարանում

Այսօր Երևանի քաղաքապետարանում «Ժառանգություն» խմբակցության առաջարկով քննարկվեց նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողամասերի հարցը, որին մասնակցում էին նախկին կոլտնտեսականների 5 ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, փոխքաղաքապետը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ու խնդրին առնչվող այլ վաչությունների պետեր, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Հասարակության այս խմբի խնդիրը անլուծելի է մնացել մինչև օրս. 1991թ. կոլտնտեսության լուծարումից հետո հայտարարվել է, որ, ինչպես հանրապետության մյուս բանակավայրերում, հողերի համահանրապետական սեփականաշնորհման գործընթացի շրջանակում կոլտնտեսականները անհատույց կսեփականաշնորհեն կոլտնտեսությանը պատկանած հողատարածքները: Սակայն երեք ամիս անց, Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ, քաղաքամերձ լինելու ու քաղաքի զարգացման հեռանկարի հիմնավորումներով դրանք սոսկ վարձակալական հիմունքներով հատկացվեցին քաղաքացիներին, ովքեր դրանք օգտագործում են 19 տարի շարունակ:

2008թ. հայտարարված աճուրդների արդյունքում նրանց վարձակալության հանձնված հողատարածքները, որոնք մշակովի այգիներ են, հանվել են վաճառքի, և դրանք ձեռք բերած սեփականատերերը սկսել են մասնավոր շինարարություն իրականացնել այդտեղ` կտրելով պտղատու ծառեր և վտանգելով այգիների գոյությունն ընդհանրապես: Վարձակալներից այգիներն ամեն գնով խլելու այս գործընթացում բազմիցս հրդեհներ են բռնկվել այգիներում, ոռոգման համակարգն է վտանգվել, ինչը կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել վարձակալների, թաղային իշխանության և սեփականատերերի միջև: Միաժամանակ, հասարակության այդ խումբը ենթարկվել է խտրականության և չի օգտվել սեփականաշնորհման իր իրավունքից:

«Ժառանգությունը» հարցը նախկինում բարձրացրել էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի առջև, իսկ վերջինս գրավոր հայտնել էր, որ այն` որպես Երևան համայնքի իրավասության ներքո գտնվող խնդիր, պետք է քննարկվի քաղաքապետարանում, և իրենք պատրաստ են մասնակցել խնդրի լուծմանը:

Երևանի քաղաքապետարանում այսօր կազմակերպված հանդիպման ընթացքում քաղաքապետարանի պաշտոնատար անձինք նշեցին, որ ցանկանում են կառավարության որոշմամբ այնպիսի լուծում տալ խնդրին, որով հողատարածքների վարձակալներին հնարավորություն կընձեռվի դրանք ձեռք բերել կադաստրային արժեքով: Այդ նպատակով անհրաժեշտություն կառաջանա նաև դադարեցնել նշված հողատարածքները աճուրդով ձեռք բերած ընկերության սեփականության իրավունքը` նրան տրամադրելով այլ հողատարածք:

Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պայմանավորվեցին միասին և Կառավարության ներկայացուցիչների հետ աշխատել` խնդրին բոլոր կողմերի համար շահեկան լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter