HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտորումներ մի «գիտական» ընթացակարգի շուրջ

Ստեփան Գյոզալյան

Սրանից մոտավորապես մեկ տարի առաջ Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցան տնօրենի ընտրություններ: Արդյունքում 2 տարի ժամկետով վերընտրվեց գործող տնօրեն Հայկ Հարությունյանը, չնայած այն փաստին, որ աստղադիտարանի կոլեկտիվի 2/3-ի կողմից հավանության էր արժանացել «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանի թեկնածությունը:

Բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին՝ կոլեկտիվի մեծամասնության ներկայացուցիչները բողոքում էին իրենց կարծիքը անտեսելու համար, իսկ փոքրամասնության ներկայացուցիչները գոհունակությամբ հղում էին անում ԳԱԱ ինստիտուտներում տնօրենի ընտրության կանոնադրությանը, ըստ որի տնօրենի ընտրությունը կատարվում է ԳԱԱ նախագահության կողմից: Իզուր էլ բողոքում էին՝ ամեն բան կատարվել էր ըստ, թեկուզեւ մի տեսակ անտրամաբանական, բայց  օրենքի տառին համապատասխան: 

Ամիսներ անց նմանատիպ իրավիճակ ստեղծվեց Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի ընտրության ժամանակ: Կոլեկտիվի 72 ընտրողներից 53-ը իրենց ձայնը տվել էին Վարդան Գասպարյանի օգտին, իսկ 11-ը՝ Սամվել Չալյանի: Այնուհետեւ տնօրեն ընտրվեց Սամվել Չալյանը: Կրկին դժգոհություններ, քննարկումներ, բողոքի ակցիաներ… Վերջում էլ նորընտիր տնօրենը լրագրող Շամշյանին սպառնաց՝ «հեռու գնա, հեսա շիշը գլխիդ կտամ»: Հա, դե շշի պահը սիրուն չի՝ այն էլ լրագրողի հետ կապված, բայց մնացածը կատարվել է ըստ օրենքի: 

Իրոք, 2011 թ. նոյեմբերի 23-ին թիվ 12/1674/-32 որոշմամբ  ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից հաստատված «ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում ընտրության ընթացակարգ» փաստաթղթի համապատասխան կետերում պարզ գրված է՝

«3. Առաջադրված թեկնածուները նախնական քննարկում են անցնում տվյալ կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում, և փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացվում են համապատասխան բաժանմունք:

4. Բաժանմունքի ընդհանուր ժողովը, որին կարող են մասնակցել նաև համապատասխան գիտական կազմակերպությունների գիտական անձնակզմի ներկայացուցիչները /ոչ ավել, քան 5 գիտաշխատող/, քննարկում է առաջադրված բոլոր թեկնածությունները: ՀՀ ԳԱԱ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը բաժանմունքի ընդհանուր ժողովի քննարկման արդյունքների մասին զեկուցում է ՀՀ ԳԱԱ նախագահությանը:

5.Ներկայացված թեկնածությունները քննարկվում են ՀՀ ԳԱԱ նախագահությունում կազմակերպության գիտական անձնակազմի ներկայացուցիչների /4-րդ կետում նշված համամասնությամբ/ ներկայությամբ, որից հետո նախագահությունը փակ գաղտնի քվեարկությամբ կատարում է տնօրենի ընտրություն»:

Խնդրեմ՝ ոչ մի տեղ գրված չէ, որ կազմակերպության քվեարկության արդյունքները հաշվի են առնվում կամ էլ գոնե, ավելի հարիր տերմինով արտահայտված, ի գիտություն են ընդունվում: 

Ինչ ուզում եք ասեք՝ բայց այս ընթացակարգը դուրս չի գալիս: Ճիշտ չէ՞ր լինի այդ 3-րդ կետն ընդհանրապես հանել: Նմանատիպ ընտրություններին նախորդող եւ հաջորդող ժամանակաընթացքում, երբ նյարդային, շիկացած մթնոլորտ է տիրում կոլեկտիվում, երբ քննարկումներից հետո քվեարկությամբ ընտրում են մեկին եւ հետո հուսախաբ լինում՝ առաջին հերթին տուժում է գործը:

Կամ էլ պետք է հաշվի առնել կոլեկտիվի որոշումը վերջնական ընտրություն անցկացնելիս: Ասենք՝ նախագահությունում քվեարկության ժամանակ այդ որոշումը հաշվել, օրինակ՝ 5 ձայն:

Անձնակազմի զգալի մեծամասնության աջակցությունը չվայելող ղեկավարի պարագայում հետագա արդյունավետ աշխատանքի հետ կապված հարցադրումներ էլ  են առաջանում: Էլի պիտի զուգահեռներ տանեմ սպորտի հետ: Հիշու՞մ եք 2010թ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ինչ եղավ Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ: Մարզիչ Դոմենեկի ու Անելկայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերաճեց ճգնաժամի ամբողջ թիմի համար: Թիմը 2 բանակի էր բաժանվել՝ մի մասը մարզիչի կողմն էր, մյուս մասն՝ Անելկայի: Ու սկսվե՜ց՝ էլ խաղացողների գործադու՜լ, էլ գող փիսո՜, էլ քաչալ շու՜ն… Բանը հասավ նրան, որ ղեկավարի ու կոլեկտիվի փոխադարձ անվստահության արդյունքում, նախորդ առաջնության արծաթե մեդալակիր թիմը խայտառակ ձեւով խմբում գրավեց վերջին տեղը ու ժամանակից շուտ դուրս թռավ հետագա պայքարից: Բա՞… 

Մի բան փոխել է պետք՝ այսպես մի տեսակ արդար չի: Կողքից էլ հեչ սիրուն չի նայվում: Նման բողոքահենք, աղմկահենք երեւույթները անկասկած նվազեցնում են գիտության ոլորտի հեղինակությունը, գրավչությունը այդ ոլորտ մտնել ցանկացող երիտասարդների համար: 

Հ.Գ. Դեմներս ավելի կարեւոր ընտրություններ են: Լավ կլինե՞ր, որ երկրի Նախագահի ընտրության ընթացակարգն էլ այսպիսի «գիտական» կետեր պարունակեր… 

Հ.Գ.2 Էն երազ տեսնող երիտասարդ գիտնականը էս մեր ընթացակարգի հարցով դիմել էր նախագահի բոլոր թեկնածուներին, բայց զարթնելուց հետո լրիվ մոռացել է… Ստիպված պիտի ես արթմնի դիմեմ նախագահի թեկնածուներին՝ մեր տնօրենների ընտրության կարգի մասին իրենց կարծիքն իմանալու համար: Համ էլ կկողմնորոշվեմ՝ ու՞մ ընտրել: 

Հ.Գ.3 Թվում է, թե այնքան էլ կարեւոր հարց չէ, բայց կարեւոր է…

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Որպես կանոն ընտրվում, ավելի ճիշտ նշանակվում են ,,հեսա շիշը գլխիդ կտամ,, ասող, վերևներին կաշառք փոխանցելու շնորհք ունեցողները: Ընտրությունների անցկացման տեխնոլոգիաների հարցը շատ կարևոր է, թեկուզ այն պատճառով, որ որևէ պետականության կայացման և ժողովրդի բարեկեցության դեմ չկա ավելի մեծ չարիք, քան համատարած կաշառակերությունը: Այդ պատճառով, ոչ միայն անհրաժեշտ է, որ հրաման կատարողները՝ օրինակ ոստիկանները և զինվորականները, չմասնակցեն ընտրություններին, այլև ճիշտ կլինի տնօրենների ընտրությունից սկսած մինչ հանրապետության նախագահը, ընտրվեն մի քանի անցումային /ոչ ձևական/ փուլերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter