
Վիկտորյա Ռստակյան. պետությունը պետք է գիտակցի, որ գիտնականն անհրաժեշտ է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտության մեջ դեռևս իր առաջին քայլերն անող՝ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի հայցորդ Վիկտորյա Ռստակյանն արդեն մոտ հինգ տարի, բակալավրիատի 3-րդ կուրսից սկսած, զբաղվում է նոր օրգանական նյութերի սինթեզով (հիդրօքսիմթիլ պիրազոլների ածանցյալներ): Ունի 9 հոդված, որոնք տպագրվել են Սանկտ-Պետերբուրգի «Ընդհանուր քիմիայի հանդես» ամսագրում: Հոդվածները 4 անգամ հղվել են ռուս հեղինակների կողմից: «Վերջերս էլ մի չինական հոդվածի հղումների ցանկում գտա հոդվածս: Ցավոք, միայն վերնագիրն ու օգտագործած գրականության ցանկն էր անգլերենով, իսկ հոդվածի տեքստը չինարեն՝ այդպես էլ մանրամասն չիմացա, թե ինչի մասին է»,-ասում է Վիկտորյան:
Աշխատանքների արդյունքները ներկայացրել է Geo-Het 2011 միջազգային գիտաժողովին՝ Վրաստանում. «Այս տարի ևս հնարավորություն ունեի, բայց տեխնիկական պատճառներով չմասնակցեցի…»:
Ցավոք սրտի, լաբորատորիան, որտեղ աշխատում է Վիկտորյան, միջազգային գիտական համագործակցություններում ընդգրկված չէ։ Սա հիմնականում պայմանավորված է երիտասարդ կադրերի պակասով. «Քանի որ՝ ով պաշտպանում է՝ հեռանում է, և կորիզը միշտ մեծահասակներն են կազմում, ովքեր էլ հասկանալի պատճառներով դժվարանում են նմանատիպ կապեր հաստատել: Սակայն անցած տարի մեր լաբորատորիայի ասպիրանտ Արսեն Սահակյանն ստացավ փոքրիկ դրամաշնորհ ԳԱՏԱՀ–ի կողմից և հաջողությամբ այն իրականացրեց»:
Մի քիչ զրուցեցինք «կյանքից». «Նախ ասեմ, որ իմ պատկերացմամբ գիտնական դառնալը և գիտությամբ զբաղվելը շատ տարբեր բաներ են: Ես ինձ գիտնական չեմ համարում, ես մեկն եմ, ով պարզապես գիտությամբ է զբաղվում... և երևի չեմ էլ դառնա, չգիտեմ… ամեն դեպքում, ես իմ ապագան ավելի շատ կապում եմ կրթության ոլորտի հետ, զուգահեռ դասավանդում եմ դպրոցում, և դա ինձ շատ դուր է գալիս»։ Հարցրի՝ որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ որևէ կարգի «անհարմարություն» գիտական շրջանակներում երբևիցե զգացե՞լ է Հայաստանում կամ արտասահմանում. «Չեմ զգացել,- ու ժպտում է.- սակայն ամեն ինչ դեռ առջևում է,-և շարունակում: -Արտասահմանում չեմ աշխատել, սակայն երևի դա էլ է դեռ առջևում: Շատ կուզեի ապագաս ՀՀ-ում պատկերացնել… սակայն, եթե հնարավորություն ունենամ, անպայման կփորձեմ արտասահմանում շարունակել...»
Նախասիրություննե՞ր. «Շա՜տ ունեմ. բացի Օրգանական քիմիայի ինստիտուտում աշխատելուց, աշխատում եմ նաև «Օհանյան» կրթահամալիրում: Երեխաների հետ աշխատելը շատ դժվար, բայց շատ հաճելի է: Հաճախում եմ Երիտասարդ առաջնորդների դպրոց, շատ եմ հետաքրքրվում հռետորիկայով: Սիրում եմ մասնակցել ամենատարբեր դասընթացների ու վերապատրաստումների: Լինելով մասնագիտությամբ քիմիկոս՝ մասնակցել եմ նույնիսկ սոցիոլոգների համար նախատեսված դասընթացների։ Ունեմ շատ ընկերներ ամենատարբեր բնագավառներից»։
Ժպտացի՝ էլ գիտությանը տե՞ղ մնաց. «Չէ, չէ, շատ եմ սիրում մասնագիտությունս: Մինչև թեկնածուականիս պաշտպանությունը պետք է մոռանամ նախասիրություններիս մասին: 8-րդ դասարանից ցանկացել եմ պաշտպանել և ունենալ գիտական աստիճան... Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ շա՜տ է դուր գալիս իմ աշխատանքը. քիմիան շատ հետաքրքիր ու զարմանահրաշ գիտություն է: Օրը 7 ժ. շաբաթը 5 օր, ինչպես նաև՝ որոշ ժամանակ տանը... Միայն մնացածը՝ կյանքին»:
Գիտության հարցերին վերադառնալու համար հարցնում եմ` ինչպե՞ս է կոչվում ձեր լաբորատորիան. «Հետերոցիկլիկ մոնոմերների և պոլիմերների լաբորատորիա №5», ատենախոսական աշխատանքիդ ճշգրիտ վերնագի՞րը. «Պիրազոլկարբինոլների սինթեզը և քիմիական հատկությունների ուսումնասիրումը», ե՞րբ է պաշտանությունը. «Մայիսին կպաշտպանեմ»։
- Ասացիք՝ 9 հոդված ունեք։ Քանի՞ համահեղինակով եք տպագրվում։
- Իմ հոդվածներում ընդգրկված են 3-4 համահեղինակ: Ընդհանուր առմամբ, աշխատանքը այսպես ենք կազմակերպում՝ քննարկում ենք ղեկավարի հետ, և հաջորդ շաբաթվա ընթացքում ես անում եմ այն, ինչ ծրագրել ենք` արդյունքների մասին զուգահեռ տեղեկացնելով ղեկավարիս: Հետո նորից քննարկումներ... Փորձարարական մասը 100 %-ով ես եմ արել: Դե, իսկ թեմայի ընտրությունն ու զարգացումը՝ ղեկավարիս օգնությամբ: Ինչպես արդեն ասացի, այժմ ատանախոսությունը գրելու և վերջնական տեսքի բերելու փուլում եմ:
- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր, ի՞նչ չափանշներով արժե անցկացնել երիտասարդական գիտական մրցույթները։
- Քանի որ նոր եմ ոտք դնում գիտության աշխարհ, դեռ չեմ արժանացել որևէ դրամաշնորհի կամ հեղինակավոր մրցանակի: Սակայն դիմել եմ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում 2010 թ. տպագրված հոդվածների հետ կապված մրցույթին, որը կազմակերպվել էր ՊԳՖԱ-ի ու Ծառուկյան հիմնադրամի կողմից և ստացել եմ դրամական պարգև: Երիտասարդական գիտական մրցույթները շատ գովելի և շատ կարևոր միջոցառումներ են: Իմ կարծիքով, չափորոշիչների երկու տարբերակն էլ ընդունելի են՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրություններն էլ են կարևոր, հղումների թիվն էլ: Այստեղ ես կարևորում եմ ոչ այնքան ընտրության ձևը, որքան այն փաստը, որ երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեն ճանաչվելու իրենց կատարած աշխատանքների շնորհիվ: Սակայն այս ամենը դեռևս նոր է թափ առել և իրավիճակի վրա լուրջ ազդեցությունը դեռ չի զգացվում, չնայած որ, իհարկե, այդպիսի մրցանակաբաշխությունները խթանիչ դեր խաղում են։ Պետք է մի քանի տարի անցկացվեն հստակ պետական ֆինանսավորմամբ ամենամյա մրցանակաբաշխություններ, որպեսզի ազդեցությունը սկսի զգացվել։
- Իսկ որո՞նք են՝ բավարար չափով պետական ֆինանսավորման բացակայության պատճառները։
- Իմ կարծիքով, գիտության թերֆինանսավորման պատճառներից ամենագլխավորն այն է, որ գիտությունը ակնթարթային եկամուտ չի բերում պետությանը: Չկա պետական պատվեր: Արդյունքում՝ Հայաստանում երիտասարդ գիտնականը բախվում է շատ խնդիրների՝ ֆինանսական միջոցների սղություն, բնագիտական գիտություններով զբաղվողների համար՝ նյութերի բացակայություն, տեխնիկական միջոցների բացակայություն կամ դրանց շատ հին լինելը, արտասահմանյան գիտական հոդվածների վճարովի լինելու պատճառով՝ հեղինակավոր ամսագրերում տպագրվելու դժվարություն, գիտաժողովներին մասնակցելու համար ֆինանսական միջոցների բացակյություն և այլ։ Բոլոր թվարկված հարցերը հանգում են ֆինանսավորման խնդրին։ Միակ լուծումն այստեղ՝ պետության ուշադրությունն ու ֆինանսական միջոցների ավելացումն է: Պետությունը պետք է գիտակցի, որ գիտնականն անհրաժեշտ է… :)
- Իսկ եթե չի տեսնում, ապա պե՞տք է բողոքել, ինչպես դա անում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, թե՞ այդ դեպքում գիտնականն էլ այլևս գիտնական չի լինի։
- Ես շատ դրական եմ վերաբերվում ցանկացած նախաձեռնության, որն իրականցվում է՝ նպատակ հետապնդելով բարձրաձայնել գիտնականների խնդիրները: Հարցի երկրորդ մասի հետ ընդհանրապես համաձայն չեմ, քանի որ գիտնականը, մինչև գիտնական լինելը, մարդ է և ունի ամենահասարակ պահանջմունքներ... Իմ կարծիքով, գիտնականը պետք է ապահովված լինի ամեն ինչով, այլ ոչ թե մտածի օրվա հացի մասին:
- Կազմակերպչական առումով ի՞նչ հարցեր եք տեսնում։ Գիտական խմբերի միջև համագործակցությունը բավարա՞ր մակարդակի է։ Կոռուպցիա գոյություն ունի՞։ Ինչպե՞ս եք վերաբերում PostDoc համակարգի ներդրմանը։ Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին ինչ-որ դրական միտումներ՝ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
- Գիտական խմբերի միջև համագործակցություն Հայաստանում... դե, որոշ չափով գոյություն ունի, իհարկե... սերտ համագործակցությունը կնպաստեր և՛ նոր ծրագրերի իրագործմանը, և և՛... բայց հայկական իրականության մեջ սերտ համագործակցությունը մի քիչ շատ անհավանական չէ՞ :) Իսկ կոռուպցիան... դե անձամբ ես չեմ տեսել, գրագողության, կամ ղեկավարության կողմից շահագործման տիպի խնդրների չեմ հանդիպել, մեր լաբորատորիայում ամեն ինչ արվում է, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր ուրույն տեղը, բայց այդպիսի բացասական երևույթներ, ինչ խոսք, մեր իրականության մեջ կան: Ինչ վերաբերում է հետթեկնածուական կարգավիճակի ներդրմանը ՀՀ-ում՝ ես դեմ եմ, քանի որ Հայաստանում հեռանկարներ չեմ տեսնում։ Չնայած, որ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում ինչ-որ չնչին տեղաշարժեր նկատվում են, ու հուսով եմ, որ լավ կլինի, բայց առանձնապես հավատ չունեմ:
Մանե Հակոբյան
Մեկնաբանել