
Ինչո՞ւ է «Ջավախքյան սփյուռքը» սատարում Սերժ Սարգսյանին
«Չեմ եկել այստեղ հատուկ հայտարարություն անելու համար, բայց կոչ եմ անում քվեարկել Սերժ Ազատի Սարգսյանի օգտին նախագահի ընտրությունների ժամանակ, քանի որ նա ամենալավ թեկնածուն է»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանում «Ջավախքյան սփյուռք» կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանն ասուլիսի ժամանակ:
«Հետքի» հարցին, թե արդյոք այդ հայտարարությունն Արաբյանն անում է Ռուսաստանում բնակվող բոլոր ջավախահայերի անունից, բանախոսը հստակեցրեց, որ նա ուղղակի փոխանցում է «Ջավախքյան սփյուռք» կազմակերպության հորդորը: Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը, ով ծագումով Ջավախքից էր, նույնպես խնդրեց հստակցենել հայտարության միտքը, քանի որ ինքը չի պատրաստվում ենթարկվել հեղինակությունների կոչերին ընտրությունների ընթացքում:
Իսկ թե ինչու է հատկապես Սերժ Սարգսյանն ամենալավ թեկնածուն, Արաբյանը հիմնավորեց այսպես. «Նա առաջին նախագահն էր, ով խոսեց Ջավախքի խնդիրների մասին: Սերժ Սարգսյանը 2009 թվականի սեպտեմբերին բարձրաձայնել է Ջավախքում հայկական դպրոցների հիմնախնդրի մասին»:
«Ջավախքյան սփյուռք» կազմակերպության ղեկավարը հույս հայտնեց, որ այդ և ջավախահայությանը վերաբերող մնացած խնդիրները ևս Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահության ժամանակ կլուծվեն, մանավանդ, որ Վրաստանի նոր իշխանություններն արդեն պատրաստակամություն են հայտնել բարելավել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ:
Ասուլիսի մյուս հյուրը` ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հավելեց, որ իրենք նույնպես երկար ժամանակ է, ինչ համագործակցում են Հանրապետական կուսակցության և դրա ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, և սա ոչ առաջին, ոչ էլ վերջին ընտրությունն է:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել