
Ռիչարդ Կիրակոսյան. «Նախագահի մեղքը չէ, որ ինքը չունի կենսունակ, ուժեղ մրցակից»
Այսօրվա մամուլի ասուլիսում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
-Այսօր պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Այս պահին Հայաստանում ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակը:
-Այս նախագահական ընտրությունները ամենաքիչ մրցակցայինն են Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում: Բայց ի տարբերություն Բելառուսի կամ Ուզբեկստանի՝ դրանում չենք կարող մեղադրել նախագահ Սարգսյանին: Նախագահի մեղքը չէ, որ ինքը չունի կենսունակ, ուժեղ մրցակից:
Այս մրցապայքարում մրցակցության բացակայությունն արտացոլում է Հայաստանի այսօրվա քաղաքական իրականությունը: Հայաստանի ընդդիմությունը մնում է մարգինալ ու բաժանված: Մենք նաև տեսնում ենք նախընտրական մրցապայքարում մրցակցության բացակայությունը, որը նշանակում է, որ ընտրությունները պետք է բարելավվեն և լինեն ավելի արդար ու թափանցիկ, քան նախկինում:
Երկրորդ կարևոր գործոնը քարոզարշավն է: Դժբախտաբար, մենք դեռևս տեսնում ենք անհատների և ոչ թե քաղաքական կուրսերի մրցապայքար: Դա նաև արտացոլում է քաղաքական դիսկուրսի ցածր մակարդակը և քաղաքական բանավեճի բացակայությունը: Այնուամենայնիվ, նախագահ Սարգսյանի դեմ առաջադրված թեկնածուներից շատերը նախընտրական քարոզարշավի ժամանակ կբարձրացնեն կարևոր հարցեր: Մասնավորապես, նախկին վարչապետ Բագրատյանը և նախկին արտգործնախարար Հովհաննիսյանը նոր գաղափարներ կներարկեն քաղաքական քարոզարշավի մեջ ու կնպաստեն քաղաքական բանավեճին: Եվ դա է նրանց առաքելությունը:
Հայաստանի կառավարության համար ընտրությունների ժամանակ իրական մարտահրավեր է ընտրողների ցածր մասնակցությունը: Ուժեղ մրցակցության բացակայությունը հանգեցնում է հասարակության հետաքրքրության նվազմանը: Երկրորդ մարտահրավերը կապված է ավելի ազատ և արդար ընտրություններ ապահովելուն:
Ընտրությունները փորձություն են կառավարության համար, բայց միաժամանակ հնարավորություն են նախագահ Սարգսյանի համար: Ընտրությունները հնարավորություն են՝ ուժեղացնելու ժողովրդավարությունը և բարելավելու ընտրությունների անցկացման ընթացակարգը: Դրանք նաև հնարավորություն են Հայաստանի կառավարության համար բավարարելու և գերազանցելու հասարակության ակնկալիքները:
Շատ հետաքրքիր է այն, որ եթե նախագահ Սարգսյանը վերընտրվի, ինչն ակնալվում է, դա կլինի որպես նախագահ իր պաշտոնավարման 2-րդ շրջանը, բայց շատ առումներով կլինի նաև իր պաշտոնավարման 1-ին ժամկետի սկիզբը՝ որպես նոր հնարավորություն Սարգսյանի համար՝ ստեղծելու իր սեփական ժառանգությունը:
Նրա պաշտոնավարման 2-րդ ժամկետը նաև նման կլինի պաշտոնավարման 1-ին ժամկետի, քանի որ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում լինելու 1-ին ժամկետի մեծ մասը ծախսվեց կամ նվիրված է եղել ավելի լեգիտիմություն ձեռք բերելուն, 2008-ի մարտի 1-ի հետևանքները հաղթահարելուն: Սարգսյանի 1-ին ժամկետը նշանավորվեց իր նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությամբ: Ի տարեբերություն իր 1-ին ժամկետի՝ նա այժմ ի վիճակի է դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից և ցույց տալու Սարգսյանի և Քոչարյանի վարչակարգերի տարբերությունը:
Անկախ նրանից, թե ով նախագահ կընտրվի փետրվարի 18-ին՝ նույն մարտահրավերներն են մնում: Ներքին ամենալուրջ սպառնալիքը կլինի օլիգարխիկ համակարգի հաղթահարումը, որը այժմ վտանգում է պետությունը: Այս առումով Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքը Թուրքիայից կամ Ադրբեջանից չէ: Ամենալուրջ սպառնալիքը Հայաստանի ներսից է գալիս: Եվ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ, օլիգարխների խնդիրը կլինի առաջնայնություն:
-Պարոն Կիրակոսյան, այն կարծիքի՞ն եք, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից բոլորը, բացի գործող նախագահից, հաղթելու հնարավորություն չունեն:
-Այո: Բացահայտ է, որ նախագահ Սարգսյանը կվերընտրվի: Դա ուժեղ մրցակցի բացակայության և խաղի ոչ հավասար կանոների համադրություն է: Բայց սա հայաստանյան քաղաքականության որոշակի ժամանակաշրջանի պատմության վերջին գլուխն է: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը կփակի պատմության այս ժամանակաշրջանը, և կսկսվի անցումը քաղաքական նոր վերնախավին: Անցումը նոր քաղաքական վերնախավի անպայմանորեն չի նշանակում անցում ավելի լավ քաղաքական վերնախավի:
-Այս 7 թեկնածուները ինչո՞ւ են մասնակցում ընտրություններին:
-Սա հին և նոր, առաջին անգամ մասնակցող թեկնածուների հիասթափություն առաջացնող խումբ է: Մենք դեռ չենք տեսնում հիմնախնդիրների վերաբերյալ իրական քաղաքական կուրսերի պայքար: Կարծես ունենք թեկնածուների 3 տարբեր խումբ: 1-ին խմբում Սարգսյանն է: 2-րդ խմբում են Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը: 3-րդ խմբում մտնում են հետաքրքիր, բայց տարօրինակ մարդիկ: Բայց դա արտացոլում է Հայաստանի քաղաքական կյանքի ավելի խորը խնդիրը՝ ընտրողի համար ընտրության պակասը:
-Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, լինելով խոշոր ուժեր, չմասնակցեցին ընտրապայքարին:
-Հետաքրքիր է հասկանալ կարևորությունը այն ուժերի, որոնք չեն մասնակցում ընտրություններին: Այս 3 կուսակցությունից յուրաքանչյուրն ունի իր սեփական դերը, որ պետք է խաղա: Բայց չեմ կարծում՝ անակնկալ էր, որ նրանք թեկնածու չառաջադրեցին: Այս 3 կուսակցությունից միայն մեկն է, որ իրական ընդդիմադիր կուսակցություն է:
«Բարգավաճ Հայաստանը» երբեք չպետք է համարվի ընդդիմադիր կուսակցություն: Շատ առումներով, այդ կուսակցությունը թուլանում է: Դաշնակցությունը իրականում իրեն հեռացրել է իր կուսակցության արմատներից: Իսկ Հայ ազգային կոնգրեսը որոշել էր նախորդ մայիսի ընտրություններին մտնել համակարգի մեջ: Կարծում եմ, որ չառաջադրվելու Տեր-Պետրոսյանը որոշումը խելացի էր, բայց սխալ էր, որ Հայ ազգային կոնգրեսը չսատարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:
-Կարելի՞ է փաստել, որ քաղաքական պայքար չենք ունենալու:
-Ոչ, ճիշտ հակառակը: Երկու պատճառով քաղաքական կոնֆլիկտը և պայքարն ուժեղանում են: 1-ին՝ իրական քաղաքական կոնֆլիկտն այլևս ընդդիմության և կառավարության միջև չէ: Իրական պայքարը իշխող վերնախավի՝ Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև է: Քաղաքական պայքարն այլևս նախագահի թեկնածուների միջև չէ: Ներկայիս քաղաքական պայքարը խորհրդարանի ներսում է, որտեղ արդյունավետ աշխատող պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Հրանտ Բագրատյան, իրականում խիստ քննաատում են կառավարության քաղաքականությունները կառուցողական և ավելի առողջ ձևով:
Եվ նայեք քաղաքական կոնֆլիկտի էներգիային: Դա այլևս ամենավերևում չէ, այլ ամենաներքևում է: Դա երիտասարդ բնապահպան-ակտիվիստներն են, նրանք, ովքեր պայքարում են Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների համար: Դա նաև շարժում է ընդդեմ որոշ օլիգարխների կողմից իշխանության չարաշահման, բանակում անընդունելի սպանությունների, ռեստորաններում անընդունելի պահվածքի:
-Պարոն Կիրակոսյան, կան ուժեր, որոնք ունեցել են համակիրներ, և այժմ այդ համակիրները չունեն որևէ ընտրություն: Ձեր կարծիքով, ի՞նչ է անելու ընտրողների այդ հատվածը, չի՞ մասնակցելու ընտրությանը, թե՞ կողմնորոշվելու է՝ ըստ թեկնածուների:
-Հայաստանի խնդիրը այս կամ այն անհատը չէ: Խնդիրն այժմ համակարգն է: Դա շատ փակ քաղաքական և շատ փակ տնտեսական համակարգ է, որտեղ շատ քիչ իրական քաղաքական կուսակցություններ կան: Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները փոքր խմբեր են՝ հավաքված ուժեղ անհատականությունների շուրջ: Բայց իրական քաղաքական կուսակցություններն ունեն ներքևից վերև մոդելը:
Ճիշտ ինչպես խնդիրը համակարգն է, լուծումն էլ ոչ թե անհատներն են, այլ համակարգը: Վրաստանից քաղելիք մեկ դասն այն է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ավելի կարևոր են, քան անհատ ժողովրդավարները: Վրաստանից Հայաստանի քաղելիք 2-րդ դասն այն է, որ շատ վտանգավոր է, որ կառավարությունն անտեսում է փոփոխություններ անելու հասարակության պահանջը:
Երկու պատճառ կա, որ ես լավատես եմ: Առաջինն այն է, որ սկսվում է քաղաքական փոփոխություն, որը փակ քաղաքական համակարգին կստիպի բացվել: Իմ լավատեսության երկրորդ պատճառն այն է, որ ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգը այլևս չի կարողանում դիմանալ ինքն իրեն:
Իրականում դեռ շատ վաղ է ասել, թե այս նոր քաղաքական վերնախավից ով հանդես կգա: Դեռ շատ վաղ է ասել, թե հայ ժողովրդի համար ովքեր կլինեն ընտրություն: Բայց հստակ է, որ կլինեն նոր ընտրություններ և նոր ձայներ: Եվ որ համակարգը այն ձևով, որով գոյություն ունի այսօր, այլևս չի գոյատևելու:
-Ձեր կարծիքով այս ընտրություններում ի՞նչ է անելու իշխանություններից դժգոհ ընտրազանգվածը:
-Պարզ է, որ Հայ ազգային կոնգրեսի համակիրներից շատերը կքվեարկեն Բագրատյանի օգտին: Բայց իշխանության համար մարտահրավերը կլինի ընտրողների ցածր մասնակցությունը: Մեկ այլ պոտենցիալ մարտահրավեր կլինի այն, որ մարդիկ կքվեարկեն ոչ թե հօգուտ Բագրատյանի կամ Հովհաննիսյանի, այլ ընդդեմ Սարգսյանի:
-Պարոն Կիրակոսյան, նախագահի 2-րդ ժամկետի ընթացքում կա՞ն վարչապետի փոփոխության կարիք, նախադրյալներ և անհրաժեշտություն:
-Հաջորդ կառավարության խնդիրը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելը չէ, այլ այն, թե ում նշանակել վարչապետ:
-Երկրորդ ժամկետի ընթացքում իշխանություններին կդնե՞ն նախատեսվելիք Եվրասիական միության և արևմտյան ինտեգրման միջև երկընտրանքի առջև:
-Հայաստանին նետվող մարտահրավերները հիմնականում փոփոխվում են: Բայց ես Եվրասիական միությունը որպես Հայաստանին ուղղված սպառնալիք չեմ տեսնում, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչ է Եվրասիական միությունը կամ ինչ է ներկայացնում, և ներկայում որևէ որոշում կայացնելու կամ ընտրություն կատարելու հարց չկա:
Ընտրությունն արդեն կայացվել է, այն է՝ Հայաստանի կողմնորոշվածությունը դեպի Եվրամիություն: Բայց քանի որ Հայաստանը այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է, Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ Հայաստանը հիմա շատ ավելի մեծ ռազմավարական արժեք ունի Ռուսաստանի համար, քան առաջ:
-Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Ինչ-որ ակտիվություն, ըմբոստություն կանխատեսո՞ւմ եք:
-Ոչ: Կարծում եմ` ընտրությունները խաղաղ կանցնեն: Միակ հարցն այն է՝ արդյոք դա կլինի բաց թողնված հնարավորությո՞ւն, թե՞ ընտրությունները կարող են լինել զգալիորեն ավելի ազատ ու արդար: Անկեղծ ասած, գալիք ընտրությունները վերջին ընտրություններն են լինելու այս կոնկրետ քաղաքական վերնախավի համար: Բայց անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ, մարտահրավերները մնում են լուրջ: Հստակ է, որ Հայաստանը չի կարող կորցնել ևս մեկ հնարավորություն:
Մեկնաբանել