HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Որքանո՞վ են իրագործվել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը

Այսօրվանից մեկնարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը: 8 թեկնածուները իրենց ծրագրերով փորձելու են սիրաշահել ընտրողներին: Իսկ Հայաստանում նախընտրական ծրագրերն արդյո՞ք նախադրյալ են ընտրվել կամ չընտրվելու համար:

«Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսեւորման հնարավորություններն ընդլայնվում են, եւ իր կյանքի որակը բարելավվում է: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է որոնի մարդուն», ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը: Սա հնարավորություն կտա իրականացնել նպատակային վերապատրաստման ծրագրեր` մարդկանց հմտությունները և մասնագիտացումը աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով»,-սա ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրից մի հատված էր:

Իսկ երկրում ի՞նչ փոխվեց անցնող 4 տարիների ընթացքում (2012թ. դեռ ամփոփված չէ):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, չնայած 2011թ.-ին 2010թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը դեռեւս գերազանցում են 2008թ.-ի ցուցանիշներին:  2011թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 35 %, ինչը մի փոքր ցածր է նախորդ տարվա ցուցանիշից`35.8%:

2011թ.-ին բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35%-ը, եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`19.9%-ը եղել է շատ աղքատ, իսկ նրանց թվում 3.7%-ը`ծայրահեղ աղքատ: 2009-2011թթ. ընթացքում մոտ 250 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 1.1 մլն (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 240 հազարը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ, որոնց թվաքանակը կազմել է 650 հազար: Միայն երեք տարիների ընթացքում մոտ 70 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար: 2011թ.-ին 2008թ.-ի նկատմամբ առավել արագ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 2.3 անգամ, շատ աղքատներինը`1.6 անգամ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը`26.8 %-ով:

Նշենք, որ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Աղքատության գծերը և դրանց փոփոխությունը 2008-2011թթ.-ին, մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար 

 

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

Աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ

17640

17483

19126

21306

Աղքատության ստորին ընդհանուր գիծ

24388

25217

27410

29856

Աղքատության վերին ընդհանուր գիծ

29903

30920

33517

36158

 

Փաստորեն նախագահի թեկնածուի 2008թ.  նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը կարելի է ասել տապալված է, քանի որ քաղաքացիներն ավելի են աղքատացել:

Իսկ ի՞նչ է խոստանում Սերժ Սարգսյանը 2013-2018թթ. համար 

«Հայաստանի տնտեսական զարգացումն առաջնորդվելու է բարձր արտադրողականության եւ տեխնոլոգիական նոր որակ կրող արդյունաբերության ձևավորման, արտաքին շուկաներում տեղական արտադրողի և արտահանողի համար բարենպաստ ռեժիմների երաշխավորման, երկրի ներսում ազատ տնտեսական գոտիների կայացման, արդյունավետ արտաքին ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի համակարգային բարելավման քաղաքականությամբ»,-ասված է թեկնածուի 2013թ. նախընտրական ծրագրում:

Ըստ ծրագրի`զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին եւ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը: Արդյունաբերական քաղաքականությունը մտնում է ակտիվ իրագործման փուլ: Երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը կազմելու են մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող ու նորարարական արդյունք ստեղծող ոլորտները:

«Այս նպատակին հասնելու համար կարեւորում ենք արտադրության եւ իրացման գլոբալ արժեշղթայում Հայաստանի դերի մեծացմանը նպաստող համարձակ նախագծերի իրականացումը: Հեղինակավոր ընկերությունների ներգրավում, ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործարկում, միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումներ. սրանք են լինելու երկրի տնտեսությունը՝ արտահանմանն ուղղված զարգացմանը տանող առաջնային գործիքները»,-գրված է ծրագրում:

Թեկնածուն խոստանում է նշված քաղաքականության շեշտադրումներով ապահովել տնտեսական զարգացման այնպիսի փոխակերպում, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին ստեղծելու է բարձրարժեք եւ մրցունակ ապրանք ու ծառայություն, ունենալու է երաշխավորված աշխատանք իր երկրում ու բավարար ճկունություն՝ աշխատաշուկայում իր գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրացնելու համար, սպառողական, իսկ պահանջարկը բավարարելիս ընտրության շարժառիթ է դառնալու որակը: «Եվ, որ ամենակարւեորն է, յուրաքանչյուր հայաստանցի իրական երաշխիք է ունենալու, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ու ապահով Հայաստանում»:

Արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ ստեղծել մրցունակ տնտեսություն, զարկ տալ օրեցօր փակվող ու հարկային ճնշմանը չդիմացող փոքր ու միջին տնտեսությունների զարգացմանը, արդյոք կհաջողվի՞ օլիգարխներին հեռու պահել տնտեսությունից, որը վերածել են հսկայական մենաշնորհային ոլորտի, արդյոք կառավարության սոցիալակն ծրագրերը ուղղված կլինեն դեպի սովորական քաղաքացի՞ն, թե՞ շարունակելու են նրա դեմ գործել: Միթե՞ ծրագրային երաշխիքները բավարար են: Հարցեր են, որոնց պատասխանները պիտի տան ընտրողները` փետրվարի 18-ին իրենց քվեարկությունով: 

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Ս. Ս-ի ,,ծրագրերը,, հիշեցնում է Ի. Իլֆի ու Ե. Պետրովի՝ Օստապ Բեբդերի Վասյուկիում արտասանած ճառը: Ընտրել Ս. Սարգսյանին նշանակում է ընտրել համատարած կաշառակերությունն ու դրանից բխող համատարած աղքատությունը:
Թլկատինցի
Վերնագիրը թույլ է - Պետք է լիներ - Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ինչքանո՞վ է իրագործել իր նախընտրական ծրագրերը....Ներգործական սեռը միշտ նախընտրելի է քան կրավորականը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter