HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդներին

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև կազմակերպության առաքելությունը նախընտրական և ընտրական գործընթացներում:

«Քաղաքային իշխանությունները, օրենքով սահմանված կարգով, պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպել ՀՀ  նախագահի ընտրությունները և բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաև ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հատկանշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվել են 33 դահլիճ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար:

ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար և ողջունելով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել են, որ առաքելության ավարտին կամփոփվեն արդյունքներն ու կկազմվի համապատասխան արձանագրություն, որը կներկայացվի հանրությանը:

Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու, որպեսզի  12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները: 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter