
Գնաճ, գնաճ ու նորից գնաճ. ԱՎԾ-ն հրապարակել է սպառողական գների ինդեքսը
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թ. ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2012-ին 2010-ի համեմատ գնաճ է գրանցվել ԱՎԾ-ի ներկայացրած բոլոր ապրանքախմբերում:
Մասնավորապես, պարենային ապրանքների գները 2012-ի դեկտեմբերին 2010-ի համեմատ աճել են 17,4 տոկոսով, ոգելից խմիչքների ու ծխախոտի գները՝ 6,8 տոկոսով, հագուստի եւ կոշիկի գները՝ 13,9 տոկոսով, բնավարձի, վառելիքի ու էլեկտրաէներգիայի արժեքը՝ 4,1 տոկոսով, տնային գործածության ապրանքների գները՝ 7,2 տոկոսով: 18,4 տոկոս գնաճ է արձանագրվել բուժսպասարկման եւ դեղորայքի ոլորտում, տրանսպորտն ու կապը թանկացել է 5,2 տոկոսով, իսկ մշակույթի ապրանքների եւ ծառայությունների գներն աճել են 4 տոկոսով:
Առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքներից հացամթերքը 2010-ի համեմատ թանկացել է 22,6 տոկոսով, մսամթերքը՝ 22,2, կաթնամթերքը՝ 18,7, ձուն՝ 23,9, շաքարավազը՝ 25, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 8,4, էժանացել է միայն միրգը՝ 11,8 տոկոսով:
Ոչ պարենային ապրանքներից կոշկեղենը թանկացել է 8,3, վառելիքը՝ 18,8, կահույքը՝ 3,9, շինանյութը՝ 2,5, դեղամիջոցները՝ 8,9 տոկոսով: Այս տիպի ապրանքներից գնանկում է գրանցվել միայն այգեգործական ապրանքների պարագայում՝ 7 տոկոսով:
Համատարած գնաճ է արձանագրվել նաեւ ծառայությունների ոլորտում: Չի փոխվել միայն փոստային ծառայության արժեքը: 2,6 տոկոսով էժանացել է հեռախոսի եւ ինտերնետի վճարը: Իրավական եւ բանկային ոլորտում գնաճը 17,6 տոկոս է, հանրային սննդի դաշտում՝ 13,6: Կրթության համակարգում էլ գները բարձրացել են 5 տոկոսով: Բուժսպասարկումը թանկացել է 22,9, ներքաղաքային տրանսպորտը՝ 7, իսկ միջքաղաքայինը՝ 8,2 տոկոսով:
Մեկնաբանել