Գյումրու քաղաքապետի 100 օրը
«Ես էսքան պարտքի մեջ ինչպես կարող եմ ծառայողական մեքենա պահել,-լրագրողների հարցին հարցով պատասխանեց աշխատանքային 100 օրը ամփոփելու նպատակով մամուլի ասուլիս հրավիրած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,-ես սեփական մեքենաներ ունեմ: Ես անգամ իմ մեքենային հատկացվող վառելիքը չեմ վերցնում, ասել եմ, որ վառելանյութը ուրիշ տեղից լցնեն, իմ գումարներով: Ես աշխատավարձ էլ չեմ ստանում, փոխանցում եմ հիմնադրամին: Անկաշառ, թափանցիկ աշխատելու եմ, պարզ է»:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վարվելու Սամվել Բալասանյանը հայտարարագրերում նշված «Մոսկվիչ» մեքենայի հետ, քաղաքապետը ծիծաղեց. «Դուք ինչ է, ուզում եք, որ ես անպայման իմ անունով մեքենա ունենամ գրանցված: Էդ «Մոսկվիչը» օտարելու եմ: Հիմա, որ համարները հանձնեմ Աժ-ին, կօտարեմ, պրծնեմ էդ շառից»:
Նախորդ քաղաքապետի 10 ամիսների ընթացքում կուտակած պարտքը՝ 1 մլրդ 300 մլն դրամ, որից 201 մլն-ը աշխատավարձի պարտք էր, ստիպել է Սամվել Բալասանյանին «ծեծել» կառավարության դռները: Փոխատվության կարգով կառավարության տրամադրած 300 մլն դրամով հնարավոր է եղել որոշակի պարտքեր մարել եւ վճարել համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատակիցների աշխատավարձը: «Մենք վճարել ենք անգամ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, մի բան, որ այս կառույցում ընդունված չի եղել, հարցրեք քաղաքապետարանի հին աշխատակիցներին»,-խորհուրդ տվեց քաղաքապետը:
Մինչ այժմ ավարտված չէ համայնքին պատկանող շենք-շինությունների գույքագրումը, տեղեկացրեց Սամվել Բալասանյանը: Ազատ շենքեր ու տարածքներ քաղաքում չկան, դրա փոխարեն կան ծիծաղելի գնով օտարված հողամասեր՝ քմ-ն 3 դրամ արժեքով: Ապօրինի մի շարք կառուցապատումներ դադարեցված են: «Հիմա ասենք հայտնաբերել ենք «ընկույզի այգի», բայց թե որտեղ է դա, արդյոք այնտեղ ընկուզենի աճում է, թէ չէ, տեղյակ չենք, պիտի ճշտենք»,-օրինակ է բերում Սամվել Բալասանյանը:
Համեմատելով օրենսդիրի աշխատանքը քաղաքապետի աշխատանքի հետ՝ նախկին պատգամավորը խոստովանեց. «Այնտեղ հեշտ էր: Ասեմ, որ հենց Գյումրու քաղաքապետի պաշտոնն է շատ բարդ, այս քաղաքը ղեկավարելն է շատ ջանք ու եռանդ պահանջում: Բավականին բացթողումներ կան, որ պիտի շտկվեն: Ուրիշ խնդիր էլ կա: Հիմա տեսեք, ես ինչքան մեծ շրջապատ, ծանոթ բարեկամ կունենամ: Ով տեսնում է, ասում է՝ չես կարող քաղաքապետարանում տեղավորես աշխատեմ: Բայց ես միշտ ասում եմ, եթե շատ եք ուզում, մրցույթ ենք հայտարարում, եկեք մասնակցեք, կհաղթեք, ուրեմն կաշխատեք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել