HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավելացվի այն խմբերի ցանկը, որոնցում ընդգրկվածների սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունեց Հայատանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «Onlius Cardio-Tuscania» թիմի անդամներին։

Դեսպանը և թիմի ղեկավար Կարլո Բարզագին ասացին, որ Պիզայի համալսարանական կլինիկայի փորձառու սրտային վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից և այլ մասնագետներից կազմված թիմի անդամներն այցելել են Հայաստանում գործող սրտաբանական մի շարք կլինիկաներ։ Նրանց խոսքով՝ Երևանում սրտային վիրաբուժությունը բավական բարձր մակարդակի վրա է, և իրենք տպավորվել են հատկապես «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագիտական մակարդակով։

Իտալացի բժիշկները ծանոթացել են նաև Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի հնարավորություններին, ականատես եղել, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայի ծառայություններից օգտվում են ոչ միայն Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի, այլև Վրաստանի քաղաքացիները։

Իտալացի գործընկերները նախարարին առաջարկեցին առաջիկայում համատեղ քննարկել ու որոշել, թե հատկապես ինչպիսի աջակցություն կնախընտրի Հայաստանը սրտաբանության բնագավառում։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին բարձր մասնագիտացում պահանջող այս ոլորտում ինչպես մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու, համատեղ վիրահատություններ կատարելու, այնպես էլ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու։

Բրունո Սկապինին նշեց, որ մինչև գարուն առավել կհստակեցվեն առողջապահության ոլորտում երկու երկրի միջև համագործակցության եզրերը: Իտալիայի առողջապահության նախարարի հրավերով գարնանը սպասվում է Դերենիկ Դումանյանի այցն Իտալիա։

«Մինչ այդ մենք կհամադրենք ձեր առաջարկներն ու մեր կարիքները և համագործակցության հստակ ծրագիր կմշակենք։ Կարծում եմ՝ գարնանը մեզ կհաջողվի այդ առթիվ փաստաթուղթ ստորագրել»,- իտալացի հյուրերին ասաց նախարարը։

Դերենիկ Դումանյանը ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում ինչպես համակարգում, այնպես էլ սրտաբանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացը։ Ֆրանսահայերի ջանքերով հանրապետության հարավային սահմանում՝ Գորիսում, բացվում է սրտաբանական ժամանակակից նոր կենտրոն, որտեղ ծառայություններ, այդ թվում ինվազիվ վիրահատություններ կմատուցվեն ինչպես Սյունիքի, այնպես էլ Արցախի բնակչությանը։

Նախարարի խոսքով՝ եկող տարվանից Հայաստանում կավելացվի այն խմբերի ցանկը, որոնցում ընդգրկվածների սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը։

Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ Իտալիան առողջապահության ոլորտում Հայաստանին սկսել է աջակցել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Վերջերս նշվեց Աշոցքում իտալացիների կառուցած հիվանդանոցի 20-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter