
Ամսական 60 հազար դրամ հարկ մեկ աշխատակցի համար. անշարժ գույքի բրոքերները բողոքում են
Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեության համար արտոնագրային վճար է սահմանվելու յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 60 հազար դրամ Երևանում և 10-50 հազար դրամ մարզերում՝ համաձայն 2013 թ. հունվարի 1-ից ուժի մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների:
Անշարժ գույքի գործակալներին օրենքի այս փոփոխությունը ոչ միայն չի գոհացնում, այլև սպառնում է նրանց գործունեությանը:
Նախկին օրենքը ձեռնտու էր և գործակալներին, և պետությանը, երբ մեկ գործարքի համար հարկվում էր 5% շահութահարկ: Այդ դեպքում, ըստ գործակալություններից մեկի տնօրենի, նույնիսկ ստվերում աշխատելն էր ռիսկային համարվում, և գործակալներն աշխատում էին օրենքի շրջանակներում՝ անիմաստ համարելով, օրինակ, մեկ տան վաճառքից ստացված 450 հազար դրամից 20 հազարը որպես շահութահարկ պետությանը չվճարելը:
Այսօր՝ այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ոլորտի ներկայացուցիչները թվարկեցին այն բոլոր վնասները, որոնք կկրեն և իրենք, և պետությունը օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո: Նրանք համոզված են, որ Հայաստանում գործող շուրջ 200 գրանցված ընկերության մեծ մասը կփակվի՝ ի վիճակի չլինելով վճարել սահմանված արոտանագրային վճարները, ասպարեզում կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք էլ հեշտությամբ կարող են ստվերային դաշտ անցնել:
Դա ձեռնտու չէ առաջին հերթին պետությանը, քանի որ կանհետանան մեծաթիվ հարկատուներ. արդյունքում կշահի միայն մի քանի անհատ: Գործակալները համոզված են նաև, որ ստեղծված իրավիճակում կառաջանա սև մակլերների շուկա, ովքեր անշարժ գույքի ընդհատակյա առքուվաճառք ու վարձակալություն կիրականացնեն, քանի որ այս ոլորտում խորացած մասնագետները հազվադեպ են փոխում իրենց մասնագիտացումը:
Գործակալների դիտարկմամբ՝ այս ամենը դժվար թե անդրադառնա տների գների վրա:
Իրենց բողոքը բաց նամակի տեսքով Ռիելթորների և գնահատողների միությունը և Ռիելթորների հասարակական նախաձեռնությունը, որոնց միացել է անշարժ գույքի շուրջ 27 գործակալություն, ուղղել են ՀՀ նախագահին, վարչապետին, ֆինանսների նախարարին և կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:
Գործակալները չեն կարողանում հասկանալ նաև այն, թե ինչու օրենքի փոփոխությունն իրականացնելիս ոչ ոք անգամ իրենց կարծիքը չի լսել:
Մեկնաբանել