HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղրաձորում ոչ ցիանիդին». Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը

«Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ:

«Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում մտադիր են ցիանային արտադրություն կառուցել: Մեր Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը: Արդեն մեկ ամիս է, ինչ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ճնշում է գործադրում գյուղի բնակիչների նկատմամբ, ովքեր նախագծին դեմ են: Դեկտեմբերի 23-ին գյուղի ընդհանուր ժողովում ընկերությունը հենց հանքերից բերեց իր աշխատողներին, որպեսզի մեր ձայնը լսելի չլինի: Ժողովը վարեց ոչ թե գյուղապետը, այլ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը:

Մենք գիտենք այն վտանգների մասին, որոնք սպասում են Մեղրաձորին, եթե այդ նախագիծն իրականացվի, թեպետ ընկերությունը և նախագծողը փորձում են մեզ խաբել՝ ասելով, որ ցիանային արտադրությունն անվտանգ է:

Արտադրության յուրաքանչյուր փուլը սպառնում է վտանգով՝ տեղափոխման, պահպանման, լուծույթների պատրաստման, ոսկու կորզման ընթացքում: Նատրիումի ցիանիդը բարձ տոքսիկ տարր է: Մարդու համար մահացու չափաբաժինը 0,1 գրամն է: ՍԹԿ-ն աշխատանքային գոտու օդում 0.3 մգ/մ3. է, իսկ մթնոլորտում՝ 0,01մգ/ մ3, ջրում՝ 0,1մգ/լ: Իսկ նախագծում ռիսկերի մասին ոչինչ չկա: Գրում են, որ դա փակ շրջանառու համակարգ է, թեպետ հայտնի է, որ բացարձակ փակ շրջանառու համակարգեր չեն լինում: Կան մարդկային գործոն, տեխնիկական գործոն և, վերջապես, վթարի գործոն: Եթե որևէ գործոնն աշխատի, ապա նախագծային փակ շրջանառու համակարգը կվերածվի աղետի:

Աշխարհում մշտապես ցիանային աղետներ են լինում: Պատնեշների քանդվելու արդյունքում 2000թ. Ռումինիայում՝ Բաիա Մարեում, ցիանիդները հայտնվեցին Տիսա գետում, և այդ վթարը Եվրոպայում համարվեց երկրորդ ամենաահավորը Չեռնոբիլից հետո: 1998թ. Ղրղզստանում «Կուտմոր Օպերեյթինգ Քոմփընի» ձեռնարկություն նատրիումի ցիանիդ փոխադրելու ընթացքում տեղի ունեցավ վթար, և մեքենան ցիանիդի կոնտեյներով կամուրջից ընկավ Բարսկոոն գետ: Կոնտեյները կորցրեց իր հերմետիկությունը, և արդյունքում գետը վարակվեց նատրիումի ցիանիդով: 2577 մարդու մոտ հայտնաբերեցին ցիանիդով թունավորման ախտանշաններ: 4 հիվանդ մահացավ:

Եթե ցիանիդի արտահոսք տեղի ունենա Մեղրաձորում, ապա այն ուղղակի կհայտնվի Մարմարիկ գետում: Վտանգի կենթարկվեն Մարմարիկ գետին հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրերի շրջակա միջավայրը, Մարմարիկ և Հրազդան գետերի ջրերը: Իսկ նախագծում նույնիսկ հաշվարկ չի արված մեր տարածաշրջանի բարձր սեյսմիկության համար: Բացակայում է ռադիոակտիվ տարրերի առկայության մասին որևէ տվյալ այն դեպքում, երբ տվյալ ոսկու հանքավայրը, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների և քարտեզների, գտնվում է ուրան-թորիում ռադիոակտիվ հանքավայրային դաշտում: Ներկայացված չէ նաև արտակարգ վտանգավոր նատրիումի ցիանիդով և կապտաթթվով օդի, ջրի, հողի աղտոտումը:

Նախագծում վնասը գնահատվում է բանաձևով, սակայն բանաձևում ներառված չէ առողջարանային գոտու համար նախատեսված գործակիցը, երբ վնասի գնահատականն աճում է տասնյակ անգամ:

Մեղրաձորի հանքն արդեն իսկ թունավորում է գյուղը: Ընկերությունը խոսում է միայն այն մասին, որ ոսկի է արդյունահանում: Բայց ոչ մի տեղ չի ասվում այն մասին, որ հանքում, բացի ոսկուց և արծաթից, կան սնդիկ, կապար, մկնդեղ, բիսմուտ, այսինքն՝ ամենատոքսիկ տարրերը: Մենք ինտերնետում կարդում ենք հոդվածներ այն մասին, որ մկնդեղն առաջացնում է թոքերի քաղցկեղ, կապարը՝ երիկամների, որովայնի, աղիքների քաղցկեղ, վնասում է լյարդը, ատամները, առաջացնում է պտղի զարգացման արատներ: Սնդիկն առաջացնում է մտավոր հետամնացություն, կանանց և տղամարդկանց մոտ՝ չբերություն: Եվ այժմ ընկերությունը թունավորում է գյուղը՝ այդպիսի տոքսիկ մետաղներ պարունակող թափոնները լցնելով գյուղի տարածքում:

Եթե ֆաբրիկան կառուցվի, ապա թափոնների ծավալը կաճի, և առկա ռիսկերը Մեղրաձորի համար բազմիցս կավելանան: Սակայն նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:

Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետևից կբերի զանգվածային արտագաղթ:

«Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

քիմիկոս
Ցիան, ցիանիդներ - ահավոր բաներ են, մկնդեղն ու սնդիկն էլ վրան: Լավ, ասենք այդ մի երկու կիլո ոսկին էլ հանեցիք, հափռեցիք - բա հետո ինչ է լինելու? Ագահ - անմիտներ! մի օր զզված ժողովուրդը ձեզ հորելու է հենց ձեր փորած փոսերի մեջ: Ամեն ինչի համար պատասխան է պահանջվում ուշ թե շուտ, կարող եք վստահ լինել ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter